Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան

Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց 
կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված կոռուպցիոն գործն ամենամեծամասշտաբն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեծ: Փաշինյանն այս մասին հայտարարեց հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստում:

 «Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, թե ինչ առիթով ենք այսօրվա նիստը հրավիրել: Տեղյակ եք երեկվա և նախորդ օրվա իրադարձություններին: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել: Առանց որևէ անմեղության կանխավարկած խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք, թերևս, երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ և սա առանձնանում է նրանով, որ բացահայտումները բառիս բուն իմաստով ցնցող են, շոկային են հայ հանրության համար: Երեկ աշխատանքային կարգով շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին և նրան խնդրել եմ շնորհակալության խոսքեր փոխանցել ԱԱԾ այն աշխատակիցներին, ովքեր մշակել են այս օպերացիան և իրականացրել, ուզում եմ այդ շնորհակալության խոսքերը կրկնել պաշտոնապես»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ բոլորն էլ հասկանում են, որ գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել. դրան նախորդել է ծավալուն աշխատանք: «Այս աշխատանքի ընթացքում մենք նաև որոշակի խնդիրներ և օրակարգ ենք ձևակերպել, որը վերաբերում է նաև իրավապահ համակարգի փոխգործակցության խնդիրներին: Առաջիկա օրերին խորհրդակցություն կհրավիրեմ այս թեմայով, որպեսզի մենք այս հարցում որոշ հստակեցումներ մտցնենք և զարգացնենք իրավապահ համակարգի փոխգործակցության մակարդակը: Հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով: Գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը, ես հույս ունեմ, որ քննությունը կընթանա պատշաճ մակարդակով և գլխավոր դատախազությունը կապահովի քննության պատշաճ մակարդակը: Ասեմ, որ ինչպես ես, այնպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խոչընդոտ, որպեսզի այս գործի բոլոր մասնակիցները բացահայտվեն և կանչվեն պատասխանատվության, անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից և այլ հարակից հանգամանքներից: Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ և ինչպես մյուս բոլոր դեպքերում որևէ արգելակներ և խոչընդոտներ չկան և չեն կարող լինել»,- ասաց ՀՀ վարչապետը: 

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]