1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Ռուստամյանը խայտառակություն է որակում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտած փաստերը

Արմեն Ռուստամյանը խայտառակություն է որակում Մանվել Գրիգորյանին պատկանող 
տարածքներում ԱԱԾ-ի բացահայտած փաստերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խայտառակություն է որակում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկության արդյունքներով Ազգային անվտանգության ծառայության բացահայտած փաստերը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ սա այն դեպքն է, որ մարդն իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: «Եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, մեկնաբանության կարիք էլ չունի: Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում: Պատկերացնում եմ ադրբեջանական համայնքը ինչպիսի հրճվանքի մեջ կհայտնվի և կփորձի սա օգտագործել: Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարում է ունեցել արցախյան ազատամարտին, ազատագրել է տարածքներ, սա ինչպե՞ս պետք է ներկայացնեն նրանք, ինչպե՞ս պետք է փորձեն վարկաբեկեն, սա է իմ ամենամեծ ցավը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ առաջին հերթին կատարողները պետք է պատասխան տան երեխաներին, որոնց նամակները զինվորներին չեն հասել: «Ինչո՞ւ են այդ նամակները գտնվում այդտեղ, տրամաբանական բացատրություն չի կարող լինել: Ցավ եմ ապրում, ապշած, ցնցված ասելը շատ քիչ է»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ օրինականությունը պետք է պահպանվի: «Մենք հետամուտ ենք լինելու, որ ամեն ինչ կատարվի օրենքի տառին համապատասխան: Նյութերը ավելի խորը կուսումնասիրենք, այս պահին անձեռնմխելիություն կա, կա նաև անմեղության կանխավարկած: Այս ամենը նկատի ենք ունենալու: Սա շատ մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերություններին: Ես կարծում եմ, որ պետք է կարողանանք այնպես չանել, որ փորձ արվի թշնամիների կողմից այս ամեն ինչը ներկայացվի իրենց օգտին»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ տարիներ շարունակ անձեռնմխելի անձինք անձեռնմխելի տարածքներ են ստեղծել, որտեղ ոչ ոք չի կարողացել մուտք գործել: «Այս փոփոխությունների համար ուրախ եմ: Չի կարող որևէ մեկը թաքնվել ժողովրդից»,- ասաց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք փակ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել են բանակի սննդի ու հագուստի հետ կապված հարցեր:

«Գնացել ենք առաջնագիծ, տեսել ենք սնունդը, այդ սնունդը, բացում գցում էին շների դեմը, շները չէին ուտում: Էտիկետները բերել էինք ու այստեղ ներկայացրեցինք: Հարգելով այդ փակ հանդիպման կոնտեքստը՝ բոլոր մանրամասները չեմ ուզում ասել, առիթ ունեցել ենք խոսել, խոսքը գնացել է բանակում հագուստի, սննդի, այլ պայմանների մասին: Այս ամենը բարձրաձայնվել է, դրանից հետո փոփոխություններ մտան, բայց երբ այս մենը տեսնում ես… Ճիշտ կլինի, որ այս ամենը տեղը դնելու գործընթացը իր վերջնական նպատակին հասնի»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով հարցին՝ Մանվել Գրիգորյանին պե՞տք է զրկել Արցախի հերոսի կոչումից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մարդիկ ինչ-որ կատարել են անցյալում, դրանց գնահատականը պետք է ստանան անցյալում, ինչ կատարում են ներկայում, գնահատականը պետք է ստանան ներկայում: Ամեն ինչ չպետք է խառնել իրար, մենք էլի ունեցել ենք ազգային հերոսներ, որ հայտնվել են ճաղերի հետևում: Մենք, իհարկե պետք է իրերն իրենց անուններով կոչենք, և ամեն ինչ չծայրահեղացնենք»:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ հունիսի 16-ի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին: Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք:

Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]