Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա. Բալայան
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա: «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն, եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ, մենք նախօրոք կտեղեկացնենք և վայրի, և ժամկետների մասին: Հստակ պայմանավորվածություն ԱԳՆ հանդիպման վերաբերյալ չկա»,-ասաց Տիգրան Բալայանը:
Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին նախորդ շաբաթվա սկզբին այցելել են Հայաստան, ունեցել հանդիպումներ վարչապետի, նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: Սա նրանց առաջին այցելությունն էր Հայաստանում իշխանափոխությունից հետո: Իրենց տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք քննարկել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում