Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Ուրիշ ի՞նչ վերաբերմունք կարող է լինել. Վահե Էնֆիաջյանը՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության մասին


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության արդյունքներով հրապարակված տեսանյութին: Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը Վահե Էնֆիաջյանն ընդգծեց. «Նման գործելաոճ ունեցող անձը ոչ միայն հասարակության կողմից պետք է վերաբերմունքի արժանանա, այլև օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Էնֆիաջյանը:

Հարցին, թե «Ծառուկյան» խմբակցությունը կողմ քվեարկելո՞ւ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ այդ հարցը խմբակցությունում դեռ չեն քննարկել, սակայն հավելեց. «Բայց նման գործելաոճի պարագայում ուրիշ ի՞նչ վերաբերմունք պետք է լինի»:

Վահե Էնֆիաջյանը նաև կարծիք հայտնեց, որ  կարող են լինել փոխկապակցված անձինք՝ շեշտելով, որ պետք է ընթանա գործի բաց և թափանցիկ քննություն: Վահե Էնֆիաջյանը վստահեցրեց, որ այդ արարքին «Ծառուկյան» խմբակցության վերաբերմունքը լինելու է շատ կոշտ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նաև կարծիք հայտնեց, որ դատարանը կարող է որպես պատժատեսակ Մանվել Գրիգորյանին զրկել Ազգային հերոսի կոչումից: Նա պարզաբանեց, որ քրեական օրենսգրքով պետական պարգևներից զրկելը համարվում է լրացուցիչ պատժատեսակ, որը դատարանը կարող է կիրառել այն դեպքում, երբ անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն: «Քանի որ այս դեպքում տեղի ունեցած հանցագործությունը թեթև կամ միջին ծանրության չէ, հետևաբար դատարանը լիարժեք հնարավորություն կունենա կիրառել այդ պատժատեսակը»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Նա նաև ընդգծեց, որ իրենք կողջունեն, եթե այս միջոցառումն այսքանով չավարտվի: Նրա խոսքով՝ Հայաստանում չկա այնքան միամիտ մարդ, ով կարծում է, թե այս ամենի հետևում մեկ մարդ է կանգնած եղել: «Պետք է բացահայտվեն բոլոր մեղավորները, ովքեր այս տարիներին ապրել են բանակի հաշվին: Ավելի արգահատելի արարք չի կարող լինել: Եթե մարդը իր խնդիրները լուծում է բանակի հաշվին՝ անկախ իր անուն-ազգանունից, ավելի արգահատելի, ամոթալի, պարսավելի երևույթ հնարավոր չէ պատկերացնել»,- եզրափակեց Պետրոսյանը:

ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին: Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:

Արշալույս գյուղի հանգստյան տուն, 28 հասցեում խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորի հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով: 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ