Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

#CultTalk. Հայաստան այցը ոգեշնչել է Պենդերեցկուն գրելու իր հաջորդ ստեղծագործությունը

 #CultTalk. Հայաստան այցը ոգեշնչել է Պենդերեցկուն գրելու իր հաջորդ 
ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան այցը ոգեշնչել է լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Այստեղ նա սկսել է գրել իր հաջորդ ստեղծագործությունը: Մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը փաստում է՝ արդեն 84 տարեկան է, այս տարի էլ Լեհաստանում բազում միջոցառումներով նշելու է իր ծննդյան 85-ամյակը: Վստահեցնում է՝ հոբելյանական միջոցառումներին Հայաստանից էլ մասնակիցներ կլինեն:

Քշիշտոֆ Պենդերցկին այս տարի արդեն երկու անգամ Հայաստան է եկել: Տարեսկզբին նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված փառատոն էր կազմակերպվել, իսկ օրերս էլ հայկական արմատներ ունեցող կոմպոզիտորը Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահն էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պենդերեցկին պատմում է մրցույթի, հայ ժողովրդի ընկերասիրության ու ջերմության, ինչպես նաև իր նոր ստեղծագործությունների մասին:

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի մասին

Այստեղ գալուց առաջ ես չէի էլ ակնկալում, որ երաժիշտների նման բարձր մակարդակի ականատես կլինեմ: Ես կարծում եմ, որ իսկապես շատ բարձր մակարդակ էր: Նման մրցույթները շատ կարևոր են երիտասարդների համար: Նման մրցույթում մրցանակ ստանալը հնարավորություն է կարիերա սկսելու համար: Հրաշալի է, որ մենք այստեղ ունենք այսպիսի լավ մրցույթ:

Արամ Խաչատրյանի հետ բազմիցս հանդիպել ենք

Նա հիասքանչ անձնավորություն էր: Մենք հանդիպեցինք և անմիջապես ընկերացանք: Հիշում եմ, որ նա եկավ մեր տուն: Ինչ-որ մեկը բերել էր նրան ինձ մոտ: Շատ չանցած խոսում էինք կարծես տարիներ ենք իրար ճանաչում: Ես սիրում էի նրա երաժշտությունը, և նրան ասացի, որ իր գործերից շատ եմ լսում: Եվ դա մեր հաղորդակցությունն ավելի հեշտացրեց: Նա շատ բաց մարդ էր:

Հայաստանի մասին

Ես այնքան էլ հաճախ չեմ գալիս, բայց գոնե տարին մեկ անգամ փորձում եմ այստեղ լինել: Հիացած եմ հայ ժողովրդով: Հայերը շատ ընկերասեր մարդիկ են, այստեղ միշտ հիանալի ժամանակ ենք անցկացնում:

Սեր դեպի երաժշտություն

Իմ հայրը ջութակ էր նվագում: Նա իրավաբան էր, բայց ամեն առավոտ կամ աշխատանքից հետո ջութակ էր նվագում: Ես մեծացել եմ երաժշտության հնչյունների ներքո: Մի օր նա ինձ փոքր ջութակ բերեց և ասաց, որ այսուհետև դասերի եմ գնալու մի պրոֆեսորի մոտ: Այդ ժամանակ  6-6,5 տարեկան էի: Ընտրությունն իմը չէր, սկզբում այնքան էլ դուրս չէր գալիս, բայց հետո ամեն ինչ փոխվեց:

Ջութակ նվագելուց դեպի կոմպոզիտորական գործունեություն

Սկզբում գնում էի ջութակի անհատական պարապմունքների այն քաղաքում, որտեղ ապրում էինք: Հետո Կրակովում գնացի երաժշտության դպրոց: 2 տարում 5 տարվա ծրագիրը սովորեցի:  Կոմպոզիտորական գործունեությամբ ավելի ակտիվ սկսեցի զբաղվել, երբ իմ պրոֆեսորին ցույց տվեցի գրածներս: Նա ինձ ասաց, որ ավելի լավ է կոմպոզիտոր դառնամ, քան ջութակահար:

Առաջին ստեղծագործությունը, որ գրեցի, տատիկիս էր նվիրված (հեղ.-Պենդերեցկու տատիկը հայ է): Տատիկս հայերեն չէր խոսում: Լեգենդի պես մի բան էր, որ մենք հայկական արմատներ ունենք: Բայց նա շատ նման էր հայի, մուգ մաշկ ուներ:

Կրոնն ու Պենդերեցկին

Իմ կարերայի ամենասկզբից ես գրել եմ եկեղեցական երաժշտություն: Ես այն կոմպոզիտորներից եմ, ով մեծ թվով կրոնական երաժշտություն է գրել: Հատկապես լատիներենով: Նախկինում Լեհաստանում եկեղեցական արարողություններն անցկացվում էին լատիներեն, ոչ լեհերեն: Այս ամենը փոխվել է վերջին ժամանակներում: Եվ ահա հենց դրա համար իմ ստեղծագործությունների լեզուն լատիներենն էր:

Պենդերեցկու երեխաներն ու երաժշտությունը

Ես իրոք շատ եմ սիրել երաժշտություն գրել երեխաների համար:

Բայց պետք է ասեմ, որ իմ երեխաները երաժշտությամբ չեն զբաղվում: Մեր աղջիկը մի ժամանակ ջութակ, թավջութակ, դաշնամուր էր նվագում, բայց մեր երեխաներից ոչ ոք երաժիշտներ չեն:

Ժամանակակից կոմպոզիտորների մասին

Ես այնքան էլ ծանոթ չեմ ժամանակակից կոմպոզիտորներին, նրանց գործերին: Ես ավելի շատ կենտրոնացած եմ իմ երաժշտության վրա:

Նոր ստեղծագործություններ

Այս պահին ես ինքս ինձ հոգեպես պատրաստում եմ 9-րդ սիմֆոնիա ստեղծելուն: Դա կլինի իմ վերջին սիմֆոնիան: Կոմպոզիտորների համար ավանդական է 9 սիմֆոնիաներ գրելը: Բեթհովենը 9 սիմֆոնիա ունի: Այլ ստեղծագործություններ էլ եմ գրում: Concerto grosso եմ գրում երկու կամ երեք ջութակների համար: Պոլոնեզ եմ գրում` նվիրված Լեհաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին: Այն օգոստոսին է կատարվելու: Ի դեպ, Հայաստանում եմ սկսել այն գրել:

*Լուսանկարում Քշիշտոֆ Պենդերեցկին է տիկնոջ՝ Էլժբիետա Պենդերեցկայի հետ

«Արմենպրես» լրատվական գործակալության նոր՝ «#CultTalk. խոսելով մշակույթի մասին» նախագծի հերոսները հայկական մշակույթի ոլորտի ներկայացուցիչներն են, որոնց հետ մենք զրուցում ենք գեղեցիկի, մշակույթի մասին: Նախագծի նպատակն է ևս մեկ անգամ վերարժևորել ժամանակակից մշակույթը. մեր հերոսներն անդրադառնում են իրենց ծրագրերին, գաղափարներին, ներկայացնում իրենց գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու հաջողությունները: #CultTalk-ի շրջանակում ձեզ ենք ներկայացնում նաև հարցազրույցներ համաշխարհային աստղերի հետ:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Մխիթարի Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]