Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Համադրելով հինն ու նորը. «Կամար»՝ հնարավորությունների և առավելությունների բիզնես-կենտրոն

Համադրելով հինն ու նորը. «Կամար»՝ հնարավորությունների և առավելությունների 
բիզնես-կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Շահումյան հրապարակի հարևանությամբ գտնվող «Կամար» բիզնես-կենտրոնը կառուցվել է 2014 թվականին: Ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կամար» բիզնես-կենտրոնի տնօրեն Արտաշես Կազախեցյանը լրագրողների հետ շրջայց է կազմակերպել և այդ ընթացքում ներկայացրել ամբողջ շենքը՝ պատմությունը, թե ինչպես է կառուցվել, ինչ ընկերություններ են գործում ներսում և այլն:

«Կամար» բիզնես-կենտրոնի պատմությունը

«Կամար» բիզնես-կենտրոնն իր մեջ միավորում է 3 տարբեր ժամանակաշրջանների շենքեր՝ ցարական, խորհրդային և ժամանակակից: «Սև շենքը», որը կառուցվել է Ամասիայի սև տուֆից, ինչով էլ պայմանավորված է շենքի անունը, կառուցվել է թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով՝ 1910 թվականին: Այն տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքն է եղել, ուր մինչ այսօր էլ իրականացվում է բանկային գործունեություն: Այնտեղ կառուցվել է նաև Գյուղատնտեսական բանկի շենքը՝ 1926 թվականին: Ճարտարապետը եղել է Նիկոլայ Բունիաթյանը, իսկ կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին:

Բիզնես-կենտրոնն ու դրանում տեղակայված ընկերությունները

Շենքը բաղկացած է 9 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից և արդեն իսկ գրեթե ամբողջությամբ զբաղեցնում են տարբեր ընկերություններ, ազատ է մնացել միայն 12-15 տոկոսը: Ստորգետնյա հարկերում ավտոկայանատեղին է 100 մեքենայի համար: Ընդհանուր նախագծի վրա ծախսվել է մոտ 25 մլն դոլար: Ներդրումները եղել են միայն մասնավորի կողմից: Այստեղ են գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի, «Ֆիլիպ Մորիս» ընկերության գլխավոր գրասենյակները, Ասիական զարգացման բանկը, «Ռոսգոսստրախ» ընկերությունը, Ամերիաբանկը, Նոտարական գրասենյակ, ինչպես նաև ասիական խոհանոցով ռեստորան: Շուտով մեր բիզնես-կենտրոն կտեղափոխվի նաև Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

BREEAM հավաստագիր 

«Կամար» բիզնես-կենտրոնն Ա դասի առաջին «կանաչ» բիզնես-կենտրոնն է Հայաստանում և արժանացել է BREEAM հավաստագրի: BREEAM-ը 1990 թվականին բրիտանական BRE Global ընկերության կողմից ստեղծված մեթոդաբանություն է: BREEAM (Building Research Establishment Environmental Assessment Method, թարգմանվում է՝ շենքի էներգաարդյունավետության գնահատման մեթոդ): «Կամար» բիզնես-կենտրոնը Հայաստանում BREEAM հավաստագրին արժանացած առաջին նախագիծն է: Այն իր էկոարդյունավետությամբ գերազանցում է Հայաստանի գրեթե բոլոր շենք-շինություններին: BREEAM հավաստագրի ստացումը ենթադրում է մի շարք բարձրակարգ չափանիշների պարտադիր ապահովում կառույցի երեք հիմնական փուլերում՝ նախագծման, շինարարական և ետշինարարական:

«Կամար»-ի դիզայնը

Շենքը հագեցած է սպասարկման բարձր որակ ապահովող գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով ու սարքավորումներով: Ինտերիերում պահպանել ենք պատմական «Սև շենքի» տուֆերը՝ խնամքով համադրելով ժամանակակից լուծումներ, բուսական անկյունի և բարձր տեխնոլոգիաների հետ: Շենքում գործում է նաև Երևանի ֆինանսական պատմությունը ներկայացնող թանգարան, որտեղ ցուցադրվում են բացառիկ լուսանկարներ և տեղեկություններ: Կենտրոնում 4 հարկի միջավայրը խորհրդանշում է քաղաքների զարգացումը՝ շրջայց կատարելով անցյալի ու ապագայի, տարբեր ժամանակային ուրբանիստական ոճերի քաղաքային ենթակառուցվածքների և դրանց կարևորագույն հատվածների միջով: Բոլոր հարկերում հանգստյան գոտիներն ու աշխատասենյակները նույնպես ձևավորված են այդ 4 կոնցեպտների ներքո:

«Կանաչ շենք»

«Կանաչ շենքի»  կառուցման ընթացքում օգտագործվել են շրջակա միջավայրի համար բացառապես անվտանգ նյութեր: Օգտագործվող շինանյութի որակն ու դիմացկունությունը ապահովում են կառույցի երկարակեցությունը, իսկ էներգախնայող համակարգերը թույլ են տալիս նվազեցնել կոմունալ ծախսերը մինչև 35 տոկոսով: Բիզնես-կենտրոնի առաջին հարկում գտնվում է Եվրոպայում ամենաբարձր «կանաչ պատը»՝ 20 մ բարձրությամբ, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 160 քմ: Մենք դիտավորյալ ոչինչ չենք արել, պարզապես այդպես է ստացվել: Նախագիծն իրականացրել է Green Lad ընկերությունը՝ Novintiss ֆրանսիական ընկերության տեխնոլոգիայով: Ուղղահայաց կանաչապատման ամենակարևոր առավելությունը յուրահատուկ թարմությունն ու բնական տեսքն է, որն ունի շինությունը: Բացի այդ, կանաչ պատը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում և նվազեցնում է աղմուկը: Այն ծառայում է նաև որպես արևի ճառագայթներից պաշտպանող ծածկ՝ մեղմացնելով շոգը 8-10 աստիճանով: 1 քմ-ի վրա տեղադրվում է 32 բույս: Կարևոր է, որ բույսերի տարբեր տեսակները միմյանց համապատասխանեն ջրի նկատմամբ ունեցած պահանջով: 20 մետր բարձրության վրա առանց ուղղակիորեն մուտքի և ելքի հնարավորության բույսերի խնամքը կազմակերպելու նպատակով ձեռք է բերվել հատուկ սարք Իտալիայից: Բացի այդ՝ կիրառվել են լրացուցիչ բաղադրիչները բույսերի համար՝ համապատասխան միջավայր ապահովելու նպատակով: Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար յուրաքանչյուր պատի տակ կառուցվել են փոքրիկ ջրվեժներ, որտեղից ջուրը գոլորշիանում է՝ ստեղծելով լրացուցիչ խոնավություն: Կանաչ պատի տեղակայման դիրքը թույլ չի տալիս, որ արևի ճառագայթներն ուղղակիորեն հասնեն բույսերին: Լրացուցիչ լուսավորություն ստեղծելու համար օգտագործվում են ֆիտոլամպեր, որոնք ապահովում են բույսերի աճն ու առողջ միջավայր:

Երևանի ֆինանսական պատմությունը ներկայացնող թանգարանը

Պատմական ժառանգությունը սերունդներին ներկայացնելու համար «Կամար»-ի ներսում ստեղծվել է թանգարան, որտեղ կան տարբեր բացառիկ լուսանկարներ Երևանի և Թբիլիսիի արխիվներից: Հավաքագրված է հսկայական ինֆորմացիա «Սև շենքի», Գյուղատնտեսական բանկի, դրանց միջև տարբեր ժամանակներում տեղակայված տարատեսակ կառույցների և հարակից կառույցների ու նախկինում ֆինանսական կենտրոն հանդիսացած հրապարակի վերաբերյալ: Թանգարանը բաղկացած է երեք մասից՝ առաջին հատվածում Հին Երևանն է, երկրորդում՝ Թիֆլիսի առևտրային բանկի ստեղծման վերաբերյալ փաստաթղթեր ու լուսանկարներ են, ինչպես նաև Գյուղատնտեսական բանկի ստեղծման պատմությունը ցույց տվող լուսանկարներ: Երրորդ բաժնում ներկայացված է նոր ժամանակաշրջանը: Թանգարանի նմուշներում են բացառիկ փաստաթղթեր և անգամ Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի կնիքի նմուշը: Արխիվային նյութերի ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ «Սև շենքի» իրական ճարտարապետը թիֆլիսահայ Միքայել Օհանջանյանն է, սակայն մինչև վերջերս շենքի ճարտարապետն է համարվել Բորիս Մեհրաբյանը (Մեհրաբով):

«Կամար» բիզնես-կենտրոնի մասին գիրք

Տպագրվել է ողջ պատմությունը ներկայացնող գիրք, ուր տեղ են գտել տարբեր մասնագետների՝ ճարտարապետների, պատմաբանների գնահատականները «Կամար» բիզնես-կենտրոնի վերաբերյալ, հետաքրքիր փաստեր, երևանցիների հիշողություններ:

 Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]