1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Թավջութակն ինձ համար սիրո գործիք է». Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի  հաղթող Ջոնաթան Սվենսեն

«Թավջութակն ինձ համար սիրո գործիք է». Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի  
հաղթող Ջոնաթան Սվենսեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, 21-ամյա թավջութակահար Ջոնաթան Սվենսենը (Դանիա) միջազգային ստուգատեսի շնորհիվ իր համար բացահայտեց կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Հունիսի 14-ի երեկոյան պարզ դարձավ այս տարվա խաչատրյանական մրցույթի հաղթողի անունը: Մրցութային արդյունքներից անմիջապես հետո «Արմենպրես»-ն առաջինը հնարավորություն ունեցավ ծանոթանալու խաչատրյանական ժյուրիի սրտերն իր պրոֆեսիոնալիզմով գերած երիտասարդ թավջութակահարի հետ: Մեզ հետ զրույցում Ջոնաթան Սվենսենը պատմում է մրցույթից ստացած իր տպավորությունների, Խաչատրյանի երաժշտությունը բացահայտելու, թավջութակի առանձնահատկությունների ու առաջիկա ծրագրերի մասին:

Երջանիկ և միևնույն ժամանակ ուժասպառ

Անկեղծ ասած՝ շատ հոգնած եմ: Շատ երկար շաբաթ էր՝ լի բազում ելույթներով ու սթրեսով: Բայց ես շատ շնորհակալ եմ բոլորին, հայ ժողովրդին, Հայաստանին, մրցույթի կազմակերպիչներին: Կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ ու միևնույն ժամանակ ուժասպառ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթի մասին

Ճիշտ է՝ փորձերի ընթացքում ամեն ինչ շատ արագ ստացվեց, բայց պետք է ասեմ, որ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հրաշալի էր: Շատ ուրախ էի նրա նվագախմբի հետ նվագելուս համար: Մեծ հաճույքով կցանկանայի կրկին հանդես գալ այս նվագախմբի հետ:

Արամ Խաչատրյանի գործերը կատարելու մասին

Արամ Խաչատրյանի գործերից երբեք չեմ կատարել: Առաջին անգամ սովորել եմ նվագել նրա երաժշտությունը հենց այս մրցույթի համար: Շատ հաճելի երաժշտություն էր:

Միջազգային առաջին մրցանակը

Սա առաջին միջազգային մրցույթն է, որին մասնակցում եմ: Նախկինում մասնակցել եմ միայն Դանիայում և Շվեդիայում անցկացվող մրցույթների:

Երաժշտական ընտանիք

Իմ ծնողները երաժիշտներ են, երկուսն էլ ջութակ են նվագում: Հայրիկս նաև դիրիժոր է: Իմ մեջ երաժշտության նկատմամբ սերն առաջացավ շատ վաղ: Գիտե՞ք, ես, կարելի է ասել, ծնվել եմ երաժշտություն լսելով: Երբ ես 3 տարեկան էի, դիրիժորի դեր էի խաղում՝ չինական ձողիկներով: Բայց, երևի, 4 տարեկանում հասկացա, որ իսկապես ուզում եմ նվագել:

Թավջութակի ընտրությունը

Ես ինքս եմ ընտրել այս գործիքը: Իմ կյանքում ոչ ոք երբևէ իմ փոխարեն որոշումներ չի կայացրել: Ես ինքս եմ միշտ որոշել ՝ ինչ անել: Անգամ երբ երեխա էի: Ինձ ոչ ոք չի ասել՝ թավջութակ նվագել սովորիր:

Ես սիրում եմ այս գործիքը: Սիրում եմ, թե ինչպես ես նստում գործիքի կողքը, ասես գրկում ես այն: Թավջութակն ինձ համար սիրո գործիք է: Նվագելիս ոտքերումդ զգում ես գործիքի թրթիռները: Իրականում կարծես ֆիզիկապես կարող ես զգալ գործիքը, մոտ լինել գործիքին: Սա յուրահատուկ զգացողություն է: Եվ ես շատ եմ սիրում գործիքից հնչող ձայնը: Այն յուրահատուկ է, շատ խորը: Ես սիրում եմ բոլոր գործիքները, բայց թավջութակն ինձ համար ամենայուրահատուկն է: Այն բոլոր գործիքներից ամենալավն է արտահայտում մարդկային զգացողությունները:

Հայ թավջութակահարների մասին

Հայ թավջութակահարներից լսել եմ Նարեկ Հախնազարյանի կատարումները: Չեմ հանդիպել նրան, բայց հիասքանչ կատարող է: Հույս ունեմ՝ մի օր կհանդիպենք:

Առաջիկա ծրագրեր

10 օրից մեկնում եմ Միացյալ Թագավորություն: Մի շարք պրոֆեսիոնալ անգլիացի երաժիշտների հետ ձայնագրելու եմ ժամանակակից կոմպոզիտորների լարային կվարտետներ: Այս աշխատանքը կներկայացվի ալբոմի տեսքով: Բացի այդ, ես շատ եմ նվագում կամերային երաժշտություն: Հուսով եմ, որ նաև այս մրցույթն էլ ինձ համար նոր հնարավորություններ կբացի:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվում էր թավջութակ մասնագիտությամբ, հունիսի 6-14-ը: Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին հեղինակավոր երաժիշտներ: «Թավջութակ» մասնագիտությամբ անցկացված մրցույթում հաղթեց Ջոնաթան Սվենսենը (Դանիա): Երկրորդ մրցանակը ստացավ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն): Երրորդ հորիզոնականը կիսեցին Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն) և Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն):

Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։ Միջոցառումն իր անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]