1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի նորանշանակ դատավորներին

Գագիկ Հարությունյանը ներկայացրել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի նորանշանակ դատավորներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը  հունիսի 13-ին աշխատանքային այցով եղել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ տեղում հանդիպելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև ներկայացնելու նորանշանակ դատավորներ Մեխակ Գևորգյանին և Սերգեյ Չիչոյանին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի  մամուլի ծառայությունից, շնորհավորելով նորանշանակ դատավորներին՝ խորհրդի նախագահը նշեց, որ նշանակալի է դատավորների դերն արդարադատության կայացման և դատական իշխանության հեղինակության բարձրացման գործում և հույս հայտնել, որ նրանք իրենց գիտելիքն ու փորձն ամբողջությամբ կուղղեն այդ նպատակին:

Կոտայքի մարզի նորնանշանակ դատավոր Մեխակ Գևորգյանը շնորհակալություն  է հայտնել՝ խոստանալով արդարացնել հույսերը:  

Սերգեյ Չիչոյանն էլ իր հերթին նկատել է, թե երբ Գյումրիում Շիրակի  դատարանին  առաջարկվեց  դառնալ օրինակելի դատարան, իր մեջ խոսել է գավառցու պատիվը, և  անելու են ամեն ինչ, որպեսզի Գեղարքունիքի մարզի դատարանն էլ դասվի օրինակելի դատարանների շարքին:

Գագիկ Հարությունյանն առանձնահատուկ շեշտադրել է  դատավորի ներքին անկախության գործոնը, դատավորի կամ դատարանի նախագահի գործունեությանը ցանկացած միջամտության բացառումը, ինչն ուղիղ համեմատական է արդար դատաքննություն իրականացնելու հիմնական գործառույթին:  «Մինչև հիմա մեր գործունեության ընթացքում բացառիկ ուշադրություն ենք դարձրել, որպեսզի դատավորներն անկախանան բոլոր մակարդակներում,  կարողանան իրենց լիարժեք անկախ զգալ արդարադատական ֆունկցիան կատարելիս և լիարժեք հաշվետու՝ օրենքի առաջ: Մեզ համար առանցքային է նաև հասարակության վստահության բաղադրիչը, հանրային կարծիքի հետ հաշվի նստելու հանգամանքը»,- նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է  նաև դատավորների պատշաճ վարքն ու օրենքի առաջ մեծ պատասխանատվությունը, որոնք դատական իշխանության համալիր բարեփոխումների մաս են կազմում:  «Անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ ունենալու  թափանցիկ արդարադատական համակարգ: Մշակվում է մշտադիտարկման համակարգը, որը թույլ կտա ուշադրության կենտրոնում պահել դատավարությունների ողջ գործընթացը, իսկ առանձին ցուցիչներին հետևելով՝ հնարավոր կլինի արագ արձագանքել առաջացած խնդիրներին ու թերացումներին: Այս համակարգի ներդրման նպատակը ոչ թե դատավորների նկատմամբ հսկողություն սահմանելն է, այլ նրանց ազատելը սոցիալական տարբեր, ոչ հաճելի ճնշումներից, ինչպես նաև բացահայտելով առաջացած խնդիրներն առաջարկել արագ և գործուն լուծումներ: Յուրաքանչյուր նստավայրում դատավորն ինքը Հայաստանի Հանրապետության անունից է արդարադատություն իրականացնում, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է»,- նշել է Գագիկ Հարությունյանը ՝ հավելելով, որ ԲԴԽ-ն բաց է նաև դատավորների կողմից  ցանկացած խնդիր լսելու, քննարկելու համար:

Անդրադառնալով վերջին շրջանում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շեշտել է, որ խորհուրդը հետևողական  է ցանկացած արատավոր երևույթ կանխելու հարցում:

 «Նշվում են փաստեր, որոնք կարող են ընդհուպ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ: Այդպիսի փաստերը չի կարելի անտարբերության մատնել, և Բարձրագույն դատական խորհուրդը դրանց վրա կհրավիրի իրավապահ մարմինների ուշադրությունը: Եթե դա սուտ է, այն տարածողը պետք է պատասխան տա, եթե այն իրականության հետ աղերսներ ունի, պետք է  պատասխան տա դատավորը»,- ավելացրել է  Գագիկ Հարությունյանը՝ եզրափակելով, որ չկա իշխանության մի մարմին, մի սուբյեկտ, որն այդքան ինքնուրույնություն ունենա, որքան դատավորը, ով առանձին է հանդես գալիս պետության անունից:

Նշենք, որ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-13-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 8-ի ՆՀ-336-Ա հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:  ՀՀ նախագահի ՆՀ-337-Ա  հրամանագրով և ԲԴԽ-13-Ո-21 որոշմամբ ներկայացված առաջարկության վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]