Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը խոստանում է նոր հայացք հաղորդել ոլորտի քաղաքականությանը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը միգրացիոն ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Արմեն Ղազարյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Եգանյանին երկար տարիների նվիրված աշխատանքի համար և կարևորել ծառայությունում կուտակված տեղեկատվության և ինստիտուցիոնալ հիշողության սահուն փոխանցումը նոր ղեկավարին։ Անդրադառնալով մեր երկրի համար միգրացիոն ծառայության ռազմավարական նշանակությանը՝ նախարարն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական դինամիկ փոփոխությունները, Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններն ու հայկական սփյուռքի առկայությունը կառույցի առջև գործունեության նոր հրամայականներ են ձևավորում, որոնք համակարգված և պրոֆեսիոնալ արձագանքի կարիք ունեն։ Ամփոփելով՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ղեկավարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ և բեղուն աշխատանքային գործունեություն։

Արմեն Ղազարյանը ևս շնորհակալություն է հայտնել Գագիկ Եգանյանին երկար տարիների աշխատանքի համար և, դիմելով աշխատակազմին, նշել, որ միգրացիոն հետազոտությունները մշտապես գտնվել են իր ակադեմիական հետքրքրությունների դաշտում, իսկ այժմ հնարավորություն է ընձեռնվել վարչական հարթության մեջ դրսևորել կուտակած մասնագիտական գիտելիքները։ Արմեն Ղազարյանը վստահեցրել է, որ ծառայության պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանան նոր հայացք և թարմություն հաղորդել ոլորտի քաղաքականությանը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ