1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մոսկվայի Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվեց Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին

Մոսկվայի Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում բացվեց 
Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին

ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մոսկվայի Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում հունիսի 14-ին հանդիսավորությամբ բացվեց զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին: Այն թանգարանին Հայաստանի Հանրապետության անունից փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառմանը ներկա էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը,  հասարակական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դիվանագիտական, հասարակական գործիչներին` թանգարանի տնօրեն Ալեքսանդր Շկոլնիկը նշեց, որ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին իր արժանի տեղը կունենա թանգարանում: 

«Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի ներդրումը հավերժ կմնա պատմության մեջ: Պատերազմի տարիներին առաջնագծում մարտնչել են հայ ազգի հարյուր հազարավոր տղաներ և աղջիկներ, նրանցից 70 հազարն արժանացել է տարբեր պարգևների:  Նրանց անունները, նրանց մասին պատմող նյութերը կարող եք գտնել մեր թանգարանում: Ամիսներ առաջ մեր թանգարանին է փոխանցվել Հայրենական Մեծ պատերազմի հերոս, Մարշալ Բաղրամյանի կիսանդրին, այսօր հպարտությամբ ցուցադրում ենք ևս մեկ հերոսի կիսանդրի: Մենք պետք է մեր հերոսների սխրագործությունների մասին տեղեկությունները, պատմությունները պահպանենք ու փոխանցենք նոր սերնդին: Հատուկ շնորհակալություն կիսանդրու հեղինակներին, այն ստեղծելու գործում ներդրում ունեցողներին»,- ասաց Ալեքսանդր Շկոլնիկը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Մեծ հայրենականը ծանր փորձություն էր խորհրդային երկրների բոլոր ժողովուրդների, այդ թվում հայ ժողովրդի համար։ Ճակատամարտ մեկնած բազմաթիվ հայեր չվերադարձան, այդ թվում իր պապը, ում անունն ու ազգանունն է կրում։ 

«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության անունից հերոս Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին թանգարանին փոխանցելը: Համազասպ Բաբաջանյանը հայտնի է իր սխրագործություններով, նա մարտնչել է ճակատամարտերում` ազատագրելով քաղաքներ, գյուղեր: Նրա սխրագործությունները հավերժ հետք են թողել հայոց պատմության մեջ: Մեր պարտքն է պահպանել և փոխանցել երիտասարդ սերնդին այդ մեծ գործի հիշատակը»,-ասաց վարչապետը: Նա ընդգծեց՝ այսօրվա հանդիսավոր միջոցառումը վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը բարձր են գնահատում իրենց հերոսներին և նրանց վերաբերյալ հիշողությունները` պահպանելով, փոխանցում են սերունդներին: 

Կիսանդրու հեղինակ Աշոտ Թադևոսյանը նշեց, որ հպարտության զգացումով է կատարել այս աշխատանքը և շատ ուրախ է, որ այսօր հերոս Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին իր արժանի տեղն է ունենում թանգարանում: 

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու հեղինակը: Ես պարզապես բառեր չեմ ասում, իսկապես ծառայում եմ հայ ժողովրդին: Ես հպարտ եմ, որ մի ազգի ներկայացուցիչ եմ, ով այսպիսի հերոսներ է տվել»,- ասաց Աշոտ Թադևոսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]