Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախորդ գիշեր հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ավտոմեքենա. Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները

Նախորդ գիշեր հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ավտոմեքենա. Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երթեւեկության կանոնները խախտելու համար հունիսի 14-ի գիշերը ոստիկանները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 32 ավտոմեքենա, որոնցից 18-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության կազմակերպման գործում որդեգրել է առավելագույն հանդուրժողականության քաղաքականություն, ինչը ենթադրում է պատժամիջոցների փոխարինում կանխարգելման միջոցառումներով, այլ խոսքով` ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը թույլատրելի ու հնարավոր դեպքերում փոխարինվում է բանավոր դիտողությամբ, նախազգուշացմամբ: 
Այս քայլն ուղղված է հանրային իրավագիտակցության բարձրացմանը և ոչ մի դեպքում չպետք է դիտվի որպես թուլություն կամ երթևեկության վերահսկողության թուլացում:

Ցավոք, մեր որոշ քաղաքացիներ հենց այս` անթույլատրելի տեսանկյունից են գնահատում բարեփոխումը` չգիտակցելով, որ ճանապարհային ոստիկանության խնդիրը ոչ թե իր լիազորությունների ցուցադրումն ու տուգանելն է, այլ երթևեկության կուլտուրայի բարձրացման միջոցով մասնակիցների անվտանգության ապահովումը:
Ի վերջո, ոչ մի պատժամիջոց, ոչ մի տուգանք, ոչ մի վարորդական իրավունքից զրկում չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը, չի կարող վերադարձնել վթարից կամ վրաերթից զոհված մարդկանց:
Հիշենք հանրապետության ճանապարհներին ամեն տարի զոհվող մեր հարյուրավոր հայրենակիցներին, մեր ինքնահավանությանը, անտարբերությանը, անկարգապահությանը զոհ դարձող երեխաներին հիշենք ու հասկանանք վերջապես, որ սա վիճակագրություն չէ, ողբերգություն է, որի պատասխանատուն մենք ենք»,- գրել է Ահարոնյանը:

Նրա խոսքով` գոյություն ունի երթևեկության կառավարման երկու եղանակ` ռեպրեսիվ միջոցներով և երթևեկության կուլտուրայի բարձրացման ճանապարհով: 
«Ոստիկանությունն ունի երթևեկության կանոնները խախտողներին խստագույնս պատժելու բոլոր լիազորությունները և հարկ եղած դեպքում լիարժեք կիրառում ու կիրառելու է դրանք, բայց նախընտրելին երկրորդ ուղղությունն է, և կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, որոնք վարորդ, ուղևոր ու հետիոտն են, որպես ճանապարհային ոստիկանության լիարժեք գործընկերներ մասնակցել երթևեկության կուլտուրայի բարձրացման այս նախաձեռնությանը:
Խնդիրը բարդ չէ. պարզապես չգերազանցենք թույլատրված արագությունը, մերժենք ոգելից օգտագործած վիճակում մեքենա վարելու միտքն անգամ, կապենք ամրագոտիները, ուշադիր ու հոգատար լինենք երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ և կունենանք այնպիսի երթևեկություն, որի համար բնորոշ կլինեն ոչ թե զոհերն ու վիրավորները, այլ փոխադարձ օգնությունը, հանդուրժողականությունը: Ոստիկանությունը հավատում է այս հեռանկարին ու բարի ճանապարհ մաղթում երթևեկության բոլոր մասնակիցներին»,- գրել է Ահարոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]