Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Արդարադատության նախարարը Քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը:

Նախարարը շնորհավորել է Արտյոմ Մխոյանին Ծառայության ղեկավարումը ստանձնելու առիթով, շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ռաֆայել Հովհաննիսյանին ձեռքբերումների համար և նշել, որ Արդարադատության նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ցանկացած գործողություն ու վարքագիծ վերագրվելու է Հայաստանի Հանրապետությանը: «Հետևաբար, արդյունավետությամբ և պատասխանատվությամբ կատարած աշխատանքով պետք է բարձր պահենք Հայաստանի հեղինակությունը»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ նոր Կառավարությունն ունի ժողովրդի լիակատար աջակցությունը, ժողովուրդն է իշխանության տերը, հետևապես, ստանձնելով պետությանը ծառայելու պատասխանատվությունը, պետք է անել առավելագույնը ժողովրդի սպասումները  բավարարելու համար: «Մենք ձևավորելու ենք նոր մոտեցումներ, և այն հիմնախնդիրները, որոնք կան այս համակարգում, պետք է աստիճանաբար ու  հետևողականորեն լուծվեն: Կոռուպցիան պետք է վերանա համակարգից և այն պետք է տեսանելի լինի Հայաստանի քաղաքացուն»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը՝ միաժամանակ կարևորելով քրեակատարողական ծառայողի սոցիալական երաշխիքների ապահովումը:

Արտյոմ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար և հավաստիացրել, որ իրենց աշխատանքով ցույց են տալու, որ Ծառայությունն ի զօրու է լուծել ցանկացած խնդիր՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ