Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազմակերպված հանցավորության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) (OCCRP) հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում կեղծ բրիտանական ընկերությունների միջոցով երկրից մոտ 3 մլրդ դոլար են հանել, ինչն օգտագործվել է եվրոպական տարբեր պաշտոնյաների կաշառելու, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ ձեռք բերելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը:

Ադրբեջանից կաշառք ստացած եվրոպացի գործիչների մեջ եղել են Գերմանական Բունդեսթագի պատգամավոր, ով Ադրբեջանում բազմաթիվ ընտրախախտումներով կայացած ընտրությունների վերաբերյալ դրական զեկույց է պատրաստել, ԵԽԽՎ անդամ, ով փորձել է խոչընդոտել Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի ընդունմանը և Նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն, բուլղարացի քաղաքական գործիչ Իրինա Բոկովան և նրա ամուսինը՝ «Ադրբեջանը հանդուրժողականության տարածք» խորագրով ցուցահանդեսը կազմակերպելու համար: Եվրոպայում Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելու նպատակով եվրոպական գործիչներին կաշառելու գործելաոճին ադրբեջանցի դիվանագետները տվել են «խավիարային դիվանագիտություն» անվանումը: Նախկինում էլ «խավիարային դիվանագիտության» շրջանակում ադրբեջանցի պաշտոնյաները թանկարժեք իրերի և մեծ քանակությամբ սև խավիարի միջոցով փորձել են կաշառել և ազդել տարբեր երկրների ներկայացուցիչների որոշումների վրա, որոնք կարևոր են եղել Ադրբեջանի համար: Ի տարբերություն նախկինում տարված «խավիարային դիվանագիտության», երբ կաշառքները հիմնականում նվերների և սև խավիարի տեսքով էին, Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից կատարված վերջին բացահայտումներում խոսքը բացառապես գումարային կաշառքների մասին է, որոնք, ըստ պնդումների, գողացվել են ադրբեջանական ամենամեծ՝ Ադրբեջանի միջազգային բանկի ավանդատուներից: Այս ամենի արդյունքում Ադրբեջանի միջազգային բանկը 2017 թ. սնանկ ճանաչվեց և չկարողացավ անգամ կատարել իր պարտավորությունները: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված օտարերկրյա ապօրինի գործողությունների վերաբերյալ OCCRP-ի կատարած նոր բացահայտումները ստացել են «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը:

«Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումներին անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հոդվածագիր Ռոման Անինը:

Նա նշել է, որ Ադրբեջանից դուրս բերված գումարների մեծ մասը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից:

«Որքանով մեզ հայտնի է, փոխանցված գումարների մեծ մասը՝ 1,4 միլիարդ դոլարը փոխանցվել է Ադրբեջանի միջազգային բանկից:  Մենք կարծում ենք, որ այդ գումարները ադրբեջանցի ավանդատուների գումարներն են, այսինքն՝ այդ գումարները գողացվել են Ադրբեջանի քաղաքացիներից: Այդ գումարները հիմնականում փոխանցվել են տարբեր երկրներից քաղաքական գործիչների, որոնք զբաղվել են ադրբեջանական լոբբիով: Նրանց առաքելությունը հիմնականում եղել է այն, որ կանխեն ԵՄ-ի կողմից Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ծանր վիճակի քննադատությունը, փորձեն բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը: Այս առաջնային խնդիրներից բացի, այդ գումարներն օգտագործվել են նաև այլ նպատակներով, օրինակ՝ դրանցից վճարվել են երկրի վարչապետի ընտանիքի բժշկական ծախսերը»,-նշել է փորձագետը:

 Ռոման Անինը առանձնացրել է այն դեպքերը, երբ Ադրբեջանը եվրոպացի գործիչներին կաշառելու միջոցով կարողացել է հաջողության հասնել:

 «Եթե վերցնում ենք գերմանացի պատգամավոր Էդուարդ Լիտներին կաշառելու դեպքը, ապա Ադրբեջանի իշխանությունները հասել են իրենց նպատակին: Էդուարդ Լիտները 2012 թ. Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորել է դիտորդական հանձնաժողովը և  բազմաթիվ խախտումներով ուղեկցված ընտրությունների վերաբերյալ դրական եզրակացություն է տվել՝ նշելով, որ ընտրությունները կազմակերպված են եղել բոլոր չափանիշներին համապատասխան: Նա նշել էր նաև, որ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություները ոչնչով չեն զիջել Գերմանիայում կազմակերպված ընտրություններին: Ադրբեջանի քայլերն իրենց արդյունքն են տվել նաև իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի հետ կապված: Նա պետք    է զբաղվեր Ադրբեջանի լոբբիով և կանխեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի ընդունումը, ինչը նրան հաջողվեց: Ադրբեջանի այս հարցերում կատարված «ներդրումները» տվել են իրենց արդյունքները, սակայն դրանք ներդրում անվանել չի կարելի, դրանք հասարակ կաշառք են եղել: OCCRP-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանին մատուցած ծառայությունների համար Լետները ստացել է 61 հազար, իսկ Վոլոնտեն՝ 3 մլն եվրո»,-նշել է Անինը:

 Անինն ընդգծել է այն հանգամանքը, որ, եթե մինչև 2012 թ. Ադրբեջանի վարած «խավիարային դիվանագիտությունը» հիմնականում իրականացվում էր նվերների և խավիարի միջոցով, ապա վերջին բացահայտումները վերաբերում են միայն գումարով տրված կաշառքներին:

«Վերջին բացահայտումներում խոսքը միայն գումարների մասին է: Մենք տեսնում ենք դեպքեր, երբ ադրբեջանցի քաղաքական գործիչներն իրենց համար շքեղ գնումներ են կատարել, բայց մեզ հայտնի չէ, գումարներից բացի, այդ շքեղ իրերը նույնպես որպես կաշառք տրվել են, թե ոչ»,-ասել է նա:

Փորձագետը հնարավոր է համարել, որ «Ադրբեջանական լվացքատան» գործով բացահայտումների արդյունքում կլինեն նաև պատժվողներ:

«Այս ամենի վերաբերյալ արձագանքները բավականին զարմանալու ու հաճելի են, քանի որ այս իրավիճակը քննարկվեց ԵԽԽՎ նիստում, և հայտարարություն եղավ անհրաժեշտ հետաքննության մասին: Տվյալների հաստատման դեպքում հուսով ենք, որ  ադրբեջանական պաշտոնյաների գործողությունները կդատապարտվեն: Ես կարծում եմ, որ հետաքննություններ են սկսվելու եվրոպական մի շարք երկրներում: Ես վստահ եմ, որ հետաքննություններ կարող են սկսել Դանիայում, Էստոնիայում և կարծում եմ, որ որոշ ադրբեջանական քաղաքական գործիչներ չեն կարող խուսափել Եվրոպական Միությունում հնարավոր պատժամիջոցներից»,-հայտարարել է Անինը:

Ռոման Անինն անդրադարձել է բրիտանական ընկերությունների մասնակցությանը փողերի լվացման սխեմաներում, և նշել, որ բրիտանական ընկերությունների կարելի է հանդիպել փողերի լվացման բացահայտված ցանկացած գործում:

 «Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայում ընկերություններ հիմնելուն, այնտեղ ընկերություն հիմնելու համար պահանջվում են նվազագույն վարչարարություն, նվազագույն հարկեր, ուստի բրիտանական ընկերությունների կարող ենք հանդիպել ցանկացած փողերի լվացման բացահայտված սխեմայում: Իրականում բրիտանական իշխանությունները փորձում են որոշակի ջանքեր գործադրել, որպեսզի իրենց ֆինանսական գործիքները չօգտագործվեն նման հանցագործությունների համար, սակայն մինչ օրս չի հաջողվել վերջ տալ նման դեպքերին»,-եզրափակել է լրագրող-փորձագետ Ռոման Անինը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ