Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծովը սրտում և ոտքերի տակ. հայաստանյան լրագրողների յոթօրյա հանգիստը Հուրգադայում

Ծովը սրտում և ոտքերի տակ. հայաստանյան լրագրողների յոթօրյա հանգիստը 
Հուրգադայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջապես շատ բարձրից երևացող անապատային լանդշաֆտին փոխարինում է պարզ կապույտը՝ չորս տարերքներից հեղուկը. Երևանից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարում Հուրգադայի Միջազգային օդանավակայանում։ Հայաստանյան լրագրողների և տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների շուրջ 25 հոգանոց խումբը պատրաստվում է յոթօրյա հանգստի Եգիպտոսի կուրորտային բնակավայրերից մեկում՝ Հուրգադայում, որը նաև հայաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առիթը՝ «Air Cairo» ավիաընկերության և նրա հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Anriva Tour»-ի կազմակերպած ճանաչողական այցն է։ Ավիաընկերությունն արդեն 1 տարի առանց ընդհատումների կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հայաստանից դեպի Եգիպտոս:

Ի տարբերություն Շարմ Էլ Շեյխի՝ Հուրգադա այցելելիս Հայաստանի զբոսաշրջիկները հենց օդանավակայանում վճարում են 25 դոլար մուտքի արտոնագրի համար։ Դժվար է ասել, որ Հուրգադայի օդանավակայանում շատ բարեհամբույր են, ամեն դեպքում՝ դա չի խանգարում հետագա հանգստին։ Կարմիր ծովի ափին հանգրվանած քաղաքը հակասությունների ամբողջություն է։ Մայրուղիների երկայնքով վեր սլացող արմավենիների ու գեղեցիկ շենքերի կողքին կարելի է տեսնել առանց դուռ-պատուհանների կիսակառույցներ, փողոցներում՝ աղբ, հին խանութների կողքին՝ բրենդային բուտիկներ։ Փողոցներում մարդկանց շատ չեք հանդիպի, կանանց՝ առավել ևս։ Հատուկենտ հանդիպող կանայք հիմնականում փաթաթված էին սև հիջաբով՝ երբեմն ցուցադրելով միայն խորաթափանց աչքերը։ Նրանք նաև բարի էին, մեր ավտոբուսում երեխա տեսնելով՝ կանգնեցրին այն ու կոնֆետ հյուրասիրեցին։

Օդանավակայանից մինչ մեզ հյուրընկալած հյուրանոց ՝ «Desert Rose Resort», մոտ 20 րոպեի ճանապարհ է։ Այստեղ դիմավորում են, վերցնում ճամպրուկները, որոնք հետո բերում են ձեր համար։ Ի դեպ, հյուրանոցում աշխատում են միայն տղամարդիկ. բոլոր գործերը՝ սկսած հատակ մաքրելուց՝ ավարտած թոփ-կառավարմամբ, իրականացնում են ուժեղ սեռի ներկայացուցիչները։ Այստեղ աշխատող կանայք դրսից հրավիրված են կամ այլ ազգության։ Այն, ինչ չի վրիպում ուշադրությունից, սպասարկման ոլորտի աշխատակիցների ուշադրությունն է զբոսաշրջիկների հանդեպ։ Նրանք անպայման հարցնում են ձեր անունը, որտեղից եք, իսկ երբ իմանում են, օրինակ, Հայաստանից եք, հայերենով որևէ արտահայտություն են անում կամ պարզապես ասում՝ «Հաճելի է ծանոթանալ», «Ձեզ լավ հանգիստ»։ Հայերի հետ շփվելիս հիմնականում ռուսերենն են կիրառում։ Իսկ եթե դուք ի սկզբանե թուխ մաշկ ունեք ու սևահեր եք, մեծ է եգիպտուհի որակվելու «վտանգը», մինչ այն պահը, երբ կպարզաբանեք, որ հնագույն մշակույթով, փոքրիկ ու գողտրիկ Հայաստանից եք։ Իսկ երբ շնորհակալության փոխարեն «շուքրան» եք ասում՝ ակնկալելով հիացական ժպիտ, որ փորձում եք իրենց լեզվով խոսել, դա ընդունում են որպես բնականոն երևույթ, չէ՞ որ դուք «իրենց ազգի ներկայացուցիչն եք»:

Ամենատարբեր ենթակառուցվածքներով՝ մեծերի ու փոքրերի, ինչպես նաև օլիմպիական լողավազաններով, ջրային ատրակցիոններով, ռեստորան, սրճարաններով, հագեցած հյուրանոցի տարածքում է նաև ծովափը՝ փափուկ ավազով, տաք ջրով և ջերմացնող արևով։ Այստեղ օրվա տարբեր ժամերին ձեր առօրյան ավելի բազմագույն են դարձնում Անիմացիոն թիմի անդամները՝ տարբեր ազգության բազմատաղանդ երիտասարդները, ովքեր անում են ամեն ինչ՝ ձեզ դրական լիցքեր փոխանցելու համար։

Լուսանկարը Randy Christou-ի ֆեյսբուքյան էջից

Առավոտյան ցամաքային և ջրային մարզանք, պարերի ուսուցում, արաբերենի դասընթացներ, զումբա, վոլեյբոլ, այլ խաղեր, իսկ երեկոյան շոու ծրագիր փոքրերի ու մեծերի համար։ Հայերն այս միջոցառումների անբաժան մասն են, չկա մի մրցույթ, որում Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներն առնվազն մասնակցություն չունենան, շատ հաճախ հենց մերոնք էլ հաղթում են։ Իսկ երբ հյուրընկալողներն ուզում են Հայաստանից ժամանած զբոսաշրջիկներին հաճոյանալ, նրանց են «ձոնում» Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը։ Դա ամենից լավ անում է Ռենդին՝ անիմացիոն թիմի կահիրեցի խարիզմատիկ անդամը։

Հուրգադայի գեղեցկություններից են Էլ-Մինա մզկիթն ու Հուրգադա Մարինա Բուլվար նավահանգիստը, որոնց համար ևս արժի ծովային հանգստից ժամանակ հատկացնել։ Սաֆարիի սիրահարները կարող են ադրենալինի պակասը լրացնել անապատում կվադրոցիկլներով մրցավազքի ժամանակ, որը ձեզ կտանի բեդվինների ցեղի մոտ։ Այստեղ նաև ուղտերով շրջելու հնարավորություն կունենաք։

Անապատում անվտանգության կանոնները պահպանելը կարևոր է՝ երեսը ծածկող գլխաշոր, ակնոցներ և սաղավարտ։ Արագությունը գերազանցել ևս չի թույլատրվում՝ հնարավոր անկումներից խուսափելու համար։

Ծովային ճամփորդությունն էլ բոլոր դրական զգացողությունները մեկտեղող հանգրվանը կարող է դառնալ։ Առավել համարձակներն այստեղ սուզվելու հնարավորություն են ստանում՝ վայելելով անհատակ ծովի անզուգական գեղեցկությունն ու կենդանական աշխարհը։ Առավել երջանիկները հայտարարում են՝ իրենց կյանքի մի քանի երազանք արդեն կատարված են։

Ծովը սրտում՝ Անի Նազարյան

Լուսանկարները` Վահե Մինասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]