Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի. պետնախարար Մարտիրոսյանի առաջին այցն Իշխանաձոր և Արաքսավան համայնքներ

Հայրենադարձության ծրագրին նոր թափ կհաղորդվի. պետնախարար Մարտիրոսյանի 
առաջին այցն Իշխանաձոր և Արաքսավան համայնքներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և գյուղատնտեսության նախարարների ուղեկցությամբ աշխատանքային առաջին այցը կատարել է Քաշաթաղի շրջանի հարավային թև, ապա՝ Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցի սկզբում Գ․ Մարտիրոսյանը եղել է Բերձորում կառուցվող շրջանային բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի շինհարթակում, ծանոթացել կատարվող աշխատանքներին: Կարևորելով շրջկենտրոնի և շրջակա համայնքների բնակչության առողջապահական հարցերի լուծման համար հիվանդանոցի նոր շենքի կառուցումը՝ պետնախարարը քաղաքաշինության նախարարին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում ավարտել շինաշխատանքները:

Այնուհետև Գ. Մարտիրոսյանը այցելել է շրջանի հարավային թևի՝ վերջերս տեղացած կարկուտից ամբողջովին վնասված հացահատիկային մշակաբույսերի դաշտեր և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով Իշխանաձոր համայնքում մշակվող տնտեսություն, որտեղ շուրջ 40 հեկտարի վրա աճեցվում են բանջարաբոստանային մշակաբույսեր: Անդրադառնալով մոտ 70 աշխատատեղ ապահովող այս տնտեսության գործունեությանը՝ պետնախարարը հորդորել է շարունակել աշխատանքները նոր թափով։

Իշխանաձորում Գ․ Մարտիրոսյանն այցելել է «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր թաղամաս, որտեղ ավարտին է մոտենում վերաբնակիչների համար նախատեսված 50 առանձնատների շինարարությունը: Պետնախարարը ծանոթացել է նոր բնակարանների պայմաններին և շեշտել, որ ծրագիրը շարունակական է լինելու: Նրա խոսքերով՝ հայրենադարձությունը գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և առկա հնարավորությունների սահմաններում տարեցտարի դրան նոր թափ է հաղորդվելու:

Պետնախարարը ծանոթացել է նաև համայնքում կառուցվող թռչնաբուծական ֆերմայի աշխատանքներին, հետաքրքրվել ծրագրի մեկնարկով և ստեղծվելիք նոր աշխատատեղերով:

Այցի շրջանակում Գ. Մարտիրոսյանը եղել է Իշխանաձորի միջնակարգ դպրոցում, հանդիպել ավարտական քննության մասնակից աշակերտներին և հորդորել ապագա մասնագիտությունների ընտրության հարցում գիտակցված որոշում կայացնել:

Իշխանաձորում պետական նախարարը նաև անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Անդրադառնալով կարկտահարության հետևանքով տուժած հողօգտագործողների խնդրին՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ առաջիկայում կանցկացվեն քննարկումներ, որոնց ընթացքում հաշվի կառնվեն նաև հողօգտագործողների կարծիքները, և որոշում կկայացվի պետական աջակցության ձևի ու չափի մասին: Պետնախարարը հավաստիացրել է, որ բնակարանների վերանորոգման համար պետական աջակցությամբ հատկացվող շինանյութերի ծրագիրն առաջիկայում ավելի կկանոնակարգվի, կմեծացվեն տրամադրվող շինանյութի ծավալները։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել շրջանի համայնքներում իրականացվող գյուղատնտեսական և քաղաքաշինական այլ հարցերի։

Օրվա երկրորդ կեսին պետնախարարն ուղևորվել է Հադրութի շրջանի Արաքսավան բնակավայր: Գ. Մարտիրոսյանը տեղում ծանոթացել է վերաբնակիչների համար տեղադրված ժամանակակից կահավորմամբ նոր տնակների տեղադրման ընթացքին, համայնքում իրականացվող ծրագրերին և խոստացել, որ բնակավայրի նկատմամբ պետական ուշադրության պակաս չի լինելու:

Հադրութի շրջանում Գ. Մարտիրոսյանը այցելել է նաև հացահատիկային մշակաբույսերի ընդունման համար կառուցվող պահեստ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]