Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումները ցույց են տվել Արցախի կայացած ժողովրդավարական պետություն լինելը. Դավիթ Բաբայան


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները հերթական անգամ ցույց են տալիս, որ այն կայացած ժողովրդավարական պետություն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդեմ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների Արցախում իրականացվող բողոքի ցույցերին, այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Իրավական տեսանկյունից, նույնիսկ սահմանափակ քանակություն ունեցող կուսակցական ուժը, որը բողոքի ցույց է կազմակերպել՝ ընդամենը 30 հոգով, կարող է նման ցույցեր կազմակերպել և պահանջել երկրի ղեկավարի հրաժարականը: Այս ամենը ցույց տվեց նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որ Արցախի պետականությունը հզոր է, և չկա որևէ թուլություն պետության կողմից, և ոչ ոք չի կարող նրան պարտադրել իր կամքը: Բոլորս պետք է անվերապահորեն հետևենք օրենքին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից»,- նշեց Բաբայանը:

Նա անհասկանալի է համարում որոշ քաղաքական ուժերի կողմից Արցախի գործող նախագահի հրաժարականի պահանջով հանդես գալը:

«Նրանք չեն սպասում մինչև 2020 թիվը, երբ կավարտվի նախագահի պաշտոնավարման ժամկետը: Բակո Սահակյանն արդեն հայտնել է, որ նա երրորդ անգամ չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում: Այդ պահանջը ցնորամիտ կարծիք եմ համարում, բայց կարծում եմ, որ սա ավելի խորքային խնդիր ունի իր մեջ, այն է՝ վախը»,- ընդգծեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:

Բաբայանը շեշտեց, որ արցախցիների մոտ հիվանդագին ձևով արտացոլված է արդարության գործոնը:

«Եթե նախագահը հայտարարեր, որ առաջադրվելու է նախագահի թեկնածու, ապա ժողովուրդը որպես թիրախ կհամարեր ու կասեր, որ սա անարդար է ու ամենամեծ հարվածն է ժողովրդավարությանն ու պետականությանը: Այս ամենի ներքո իրենք կոծկում են իրենց սեփական սխալներն ու թերությունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ այլ քաղաքական ուժեր պետք է դուրս գան ժողովրդի առաջ և ներկայացնեն իրենց արժանիքները, քանի որ փոքր երկրում հնարավոր չէ, որ որևէ մեկը լինի գող ու ավազակ, բայց ասի, թե ժողովրդի կողմից է:

«Որոշ քաղաքական ուժեր փորձ են կատարում տիրանալ պետական լծակներին, որպեսզի մաքրեն իրենց թյուր կողմերը, բայց մեր ժողովուրդը ցույց տվեց, որ շատ մեծ քաղաքական գիտակցություն ունի»,- եզրափակեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից՝ նույն քաղաքի բնակիչներ 1981 թ. ծնված Դ. Հ-ի, 1983 թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից՝ 1985 թ. ծնված Մ. Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ 

Հունիսի 6-ին Արցախի Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Պաշտոնից ազատման դիմումներ էին ներկայացրել Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանը և ոստիկանապետ Կամո Աղաջանյանը:

Լիլիթ Դեմուրյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ