Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստան, ԱՄՆ, Հոնկոնգ, Կանադա, Ավստրալիա. ամենականաչ փառատոնը Ենոքավանում կհամախմբի զբոսաշրջիկներին

Ռուսաստան, ԱՄՆ, Հոնկոնգ, Կանադա, Ավստրալիա. ամենականաչ փառատոնը  
Ենոքավանում կհամախմբի զբոսաշրջիկներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 4-րդ տարին անընդմեջ իրականացվելու է ամենականաչ՝ «ՀայԲույս» փառատոնը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ՀայԲույս» փառատոնի կազմակերպիչ Իրինա Չիբուխչյանը ներկայացրեց, թե ինչ հետաքրքրություններ, նորամուծություններ են լինելու փառատոնի ընթացքում: Միջոցառումը կիրականանա հունիսի 30-ին:

«ՀայԲույս»-ի հետաքրքրությունները

Մշտապես, հենց առաջին փառատոնից սկսած, մենք պաննոներ ենք պատրաստում բուսականությունից, որոնք գորգի տեսք կունենան: Կլինի նաև ավանդական դարձած «Խաղաղության բրդուճը»՝ խոտաբույսերով և պանրով: Ունենք նաև «Համ ընդ մունք» ծրագիր, որտեղ պատմում ենք տարբեր համեմունքների մասին: Ավանդաբար կունենանք նաև թեյեր տարբեր լեռնային բույսերից:

Փառատոնի նորամուծությունները

Այս տարի լինելու է ոչ միայն բույսերի, այլև Հայաստանի ծաղիկների փառատոն: Ֆլորիստների մրցույթ ենք կազմակերպելու: Մենք կտրամադրենք շրջանակներ, որոնք մրցույթի մասնակիցները պետք է զարդարեն և ձևավորեն, իսկ մենք  հեղինակների և իրենց կազմակերպությունների անուններով ցուցանակներ կպատրաստենք: Ձևավորման ողջ ընթացքը նկարահանվելու է, իսկ վերջում ժյուրին, որի կազմում կլինեն պրոֆեսիոնալ դիզայներներ և ֆլորիստներ, կընտրվեն լավագույնները: Այս ամենին կհետևի մրցանակների հանձնման արարողությունը: Այս տարվա փառատոնին մենք մի հանգույց կունենանք, որը թույլ կտա նախորդ տարիների նման ոչ թե մեկ ընդհանուր մեծ պաննո պատրաստել, այլ մի քանի միջին չափի գունավոր պաննոներից հավաքել մեկ ամբողջություն: Մենք սկսելու ենք մեծ ուշադրություն դարձնել խոհարարության մեջ խոտաբույսերի կիրառմանը: «Համ ընդ մունք» ծրագրի նորամուծություններից է այն, որ հյուրերի համար հատուկ անց է կացվելու վարպետության դաս, թե ինչպես տարբեր համեմունքներից փունջ ստանալ: Այդ ամենի հետ միասին օգտագործվելու է Երևանի Աղի հանքից բերված աղ: Այս փառատոնի ընթացքում կներկայացնենք նաև, թե ինչպես կարելի է առողջ ապրելակերպ վարել՝ օգտագործելով համեմունքներ: Մրգերի փոխարեն՝ ֆրեշներ և սմուզիներ ենք պատրաստելու հենց բույսերից՝ անանուխից, սպանախից, երիցուկից և լորենու ծաղիկներից:

Բարձրաստիճան հյուրերը

 Այս տարի Շվեյցարիայի դեսպանատնից կլինեն հյուրեր, հենց դեսպան Լուկաս Գասսերը ևս հաստատել է իր այցը: Նա ավանդաբար մեր փառատոնին բոլոր տարիներին ներկա է գտնվում և իր հետ պարտադիր բերում է շվեյցարական պանիր, ինչն էլ դառնում է «Խաղաղության բրդուճի» մի մասնիկ: Լեհաստանի դեսպանատնից նույնպես հաստատել են իրենց այցը:

Փառատոնը համախմբում է

Ի սկզբանե մենք այս փառատոնը մտածել էինք, որպեսզի համայնքը զարգանա, և Ենոքավանին հարակից, ինչպես նաև սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում ապրող ընտանիքները կարողանային մասնակցել: Պարզվեց, որ այս ամենն այնքան է մարդկանց հետաքրքրել, որ մեզ մոտ գալիս են մասնակցելու անգամ տարբեր երկրներից: Հյուրեր ունենք, ովքեր 3 տարի անընդմեջ եկել են փառատոնին և հիմա էլ արդեն տոմսեր են ամրագրում: Մեզ հյուր են գալիս նաև տարբեր ուսումնական ծրագրերով Հայաստանում գտնվող մարդիկ՝ Դիլիջանի միջազգային դպրոցից, Թումոյի ամառային ճամբարից: Բազմաթիվ տուրօպերատորներ նույնպես կազմակերպում են տուրեր դեպի Ենոքավան, որպեսզի իրենց զբոսաշրջիկներին բերեն: 2017 թվականին 1200 զբոսաշրջիկ է եկել, իսկ այս տարի սպասում ենք շուրջ 2 հազար հոգու: Ամենաշատը զբոսաշրջիկներ գալիս են Հայաստանից, ապա Ռուսաստանի Դաշնությունից,  Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Անցյալ տարի եկել էին Կանադայից և Ավստրալիայից: Այս տարի ընտանիք է ժամանելու Հոնկոնգից:

Փառատոնի մուտքն ազատ է, և իրականացվում է Երևան-Ենոքավան տրանսֆեր:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]