Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ներկայիս Երևանը ողջունում եմ, սիրում եմ, բայց հնից դժվար եմ բաժանվում. Աշոտ Ղազարյան

Ներկայիս Երևանը ողջունում եմ, սիրում եմ, բայց հնից դժվար եմ բաժանվում. Աշոտ 
Ղազարյան

 ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, հաղորդավար, կատակերգու և երգիչ Աշոտ Ղազարյանը մայրաքաղաքին իր սերն է խոստովանում «Ես ապրում եմ Երևանում» ներկայացմամբ` այն նվիրելով մեր ոստանի 2800-ամյա հոբելյանին:

Ներկայացումը տեղի կունենա հունիսի 20-21-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Աշոտ Ղազարյանի հետ:

-Ներկայացման անվանումից կարելի է որոշակի պատկերացում կազմել բովանդակության մասին: Այնուամենայնիվ, կխնդրեի մանրամասնել, թե ի՞նչ են  թատերասերները տեսնելու բեմում:

-Ներկայացումը տարիներ առաջ մի քանի անգամ խաղացել եմ: Այս տարի ինձ հրավիրեցին Երևանի քաղաքապետարան և խնդրեցին Երևանի 2800-ամյակի կապակցությամբ վերականգնել այն ու կրկին մատուցել հանդիսատեսին:

Բեմադրությունը մի մարդու մասին է, ում համար աշխարհում ամենասիրելի, ամենագեղեցիկ, ամենասուրբ, ամենաչքնաղ, ամենահզոր  քաղաքը Երևանն է:

Մարմնավորում եմ տարբեր կերպարների` սկսած գերեզմանի պահակից, ավարտած հերոսով, որը ողջ Հայաստանին գումար է պարտք: Կարծում եմ` շատ  հետաքրքիր հումորային բեմադրություն է. ներառվել են տարբեր երգեր: Խոստովանեմ, որ շատ եմ սիրում այն և հաճույքով եմ խաղում:

-Երբ ասում եք Երևան, առաջին հերթին ի՞նչ եք պատկերացնում:

-«Ես ապրում եմ Երևանում» ներկայացման մեջ խոսում եմ այդ մասին, ուստի չեմ ցանկանա հիմա բացել փակագծերը: Նշում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ կարող է աշխարհի որևէ հարուստ քաղաքում ապրել, բայց չի ունենա այն, ինչ կա մեր մայրաքաղաքում:

-Վերջին տարիներին թե՛ արվեստագետները, թե՛ այլ ոլորտների ներկայացուցիչները Երևանի արտաքին տեսքի մասին խոսելիս շեշտում են, որ մայրաքաղաքը կորցնում է իր դեմքն ու դիմագիծը…

-Յուրաքանչյուր քաղաք պետք է թարմանա, երիտասարդանա` պահպանելով հինը: Այնպես չէ, որ հին շինություններն այնքան անպետք են, որ կարիք կա դրանք քանդել, ոչնչացնել և լավը կառուցել: Ոչ, քաղաքին պետք չէ այդպես վերաբերվել. պետք է չնեղացնել նրան, քաղաքը պետք է սիրել: Կառուցեք, ջահելացրեք, սիրունացրեք, բայց… Փոփոխություններն ավելի ծանր են տանում իմ հասակի և ինձանից մի քիչ փոքր տարիքի մարդիկ, քանի որ կապված են քաղաքի ամեն ճյուղի, ծառի, տերևի հետ: Եվ, երբ անխնա քանդում են, տխրում ես: Միշտ օրինակ եմ բերում Թբիլիսին ու նախանձով նայում, թե ինչպես են այնտեղ պահպանում հին շինությունները, լուսավորում, վերականգնում և դրանց կողքին կառուցում նորը:

-Ըստ ձեզ` ի՞նչն է պակասում մեր մայրաքաղաքին, գուցե նոր շունչը, ոգին…

-Այսօր մեր քաղաքում ինձ շատ բան է դուր գալիս. գեղեցիկ կառույցներ կան, բայց… Իմ մանկությունը, երիտասարդությունը, ուսանողական տարիներն անցել են այն Երևանում: Ներկայիս Երևանը սիրում եմ, ողջունում եմ, էլի իմն է, բայց հնից դժվար եմ բաժանվում և ցավ եմ զգում, երբ հետաքրքիր կառույցներն անխնա վերացվում են և դրանց տեղերում բնակելի շենքեր կամ սրճարաններ կառուցվում:

-Ներկայացումից բացի հեռանկարում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Հուլիսից նկարահանվելու եմ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի նոր գեղարվեստական ֆիլմում և պատրասվում են հյուրախաղերի: Ստեղծագործական կյանքը եռում է, բայց պետք է նշեմ, որ երբեմն ուզում եմ, որ հանդիսատեսն ինձ կարոտի, ես էլ նրան:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]