Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանե Թանդիլյանի հրաժարականը եղել է նրա անձնական որոշումը. Էդմոն Մարուքյան

Մանե Թանդիլյանի հրաժարականը եղել է նրա անձնական որոշումը. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանի հրաժարականին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ընդգծեց, որ Թանդիլյանի հրաժարականի հարցը կուսակցությունում չի քննարկվել, քանի որ դա չի եղել կուսակցության դիրքորոշումը: «Դա եղել է Մանե Թանդիլյանի որոշումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, ինչի մասին նա արդեն խոսել է: Ես կարող եմ ասել հետևյալը, որ կուսակցության համար էլ էր նրա որոշումն անակնկալ, բայց միևնույն ժամանակ մենք հարգանքով ենք վերաբերվում նրա որոշմանը: Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցն է, և նա կայացրել է անձնական որոշում, որը մենք հարգում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նոր թեկնածու ներկայացնելո՞ւ է, Մարուքյանը տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանե Թանդիլյանի հրաժարականը դեռ չի ընդունել: «Երբ վարչապետը կընդունի Մանե Թանդիլյանի դիմումը, մենք այդ հարցին կանդրադառնանք, այսինքն՝ կներկայացնենք նոր թեկնածու»,- ասաց Մարուքյանը՝ վստահեցնելով, որ իրենք մեծ թիմ ունեն և ցանկացած պաշտոնի համար կարող են թեկնածու առաջադրել:

Հարցին՝ ինչո՞ւ Մանե Թանդիլյանը նաև կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրեց, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա ևս եղել է Թանդիլյանի անձնական որոշումը, որպեսզի չխոչընդոտի կուսակցության գործունեությանը վարչությանն աջակցելու հարցում: «Բայց կարող եմ ասել, որ որևէ խնդիր չկա, նա կարող է հրաժարվել նախարարի պաշտոնից, բայց մնա կուսակցությունում, իսկ կուսակցությունը կշարունակի պահպանել իր դիրքորոշումը այնպես, ինչպես կա»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը՜ շեշտելով, որ կուսակցությունը լքելու Թանդիլյանի որոշումը իրենց համար ցավոտ է, որովհետև Մանե Թանդիլյանը կուսակցության շարքային անդամ չէ, այլ փոխնախագահն է:  

Անդրադառնալով հարցին՝ հնարավոր է վարչապետի հետ խոսակցության արդյունքում Մանե  Թանդիլյանը որոշում կայացնի շարունակել պաշտոնավարումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, Էդմոն Մարուքյանը նշեց, որ կա նախարարի հրաժարականի դիմում, կան դրանով պայմանավորված հանգամանքներ, և կա վարչապետ, ով դեռևս դիմումը չի ընդունել, բնականաբար կհանդիպեն կզրուցեն, արդյունքը կերևա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունիսի 12-ին հրաժարական է ներկայացրել: Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկ էր ներկայացնել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային բաղադրիչի ամբողջական ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին, սակայն թեժ քննարկումների արդյունքում կառավարությունն ընդունեց այլ որոշում, որի համաձայն հուլիսի 1-ից համակարգն ամբողջովին ուժի մեջ կմտնի, սակայն քաղաքացիները նախկին 5 տոկոսի փոխարեն  կվճարեն իրենց աշխատավարձի 2.5 տոկոսը, իսկ մնացած 7.5 տոկոսը կվճարի պետությունը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]