Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՓՈԽԵԼ ԹԵ ՓՈԽՎԵԼ. երկու կարծիք չկա՝ հարյուրամյակների ընթացքում խորը արմատներ թողած կաշառակերությունը պետք է վերացվի

ՓՈԽԵԼ ԹԵ ՓՈԽՎԵԼ. երկու կարծիք չկա՝ հարյուրամյակների ընթացքում խորը 
արմատներ թողած կաշառակերությունը պետք է վերացվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին Հունաստանում` Օլիմպիայի մարզադաշտի մուտքի մոտ տեղադրված էին Զևսի 16 բրոնզե արձաններ, որոնք ձուլվել էին կաշառակերության համար գանձված տուգանքներից։ Հավանաբար, հելլեններն ընտրել էին կոռուպցիայի դեմ պայքարի այդ յուրօրինակ ձևը` մշտապես հիշեցնելով մարդկության պատմությանը զուգահեռ ընթացող արատավոր երևույթի և դրա պատժելի լինելու մասին։

Առողջապահության համակարգի և մասնավորապես անհատ բժշկի աշխատանքն ենթադրում է բացառիկ պատասխանատվություն և հասկանալի է, որ հասարակությունը սահմանել է սպասելիքների բարձր նշաձող, թե ամբողջ համակարգից, թե անհատ բուժաշխատողից։

Այնուամենայնիվ, առողջապահության մեջ կոռուպցիան խորը և տարատեսակ դրսևորումներ ունեցող երևույթ է, որն առկա է աշխարհի շատ երկրներում։ Բժշկական տուրիզմի բնօրրան համարվող Հունգարիայում բժշկի սեղանին ծրար թողնելը, ԱՄՆ-ում ապահովագրական ընկերություններին ներկայացվող հավելյալ հաշիվները, դեղագործական ընկերությունների կողմից ճանաչված գիտնականներին հոնորարների վճարելը, բուժհաստատության քողարկված գովազդի համար պատվիրված հաղորդումների հեռարձակելը համարվում են արատավոր, սակայն տարածված պրակտիկա։

Երկու կարծիք չկա, որ հարյուրամյակների ընթացքում խորը արմատներ թողած կաշառակերությունը պետք է վերացվի, բայց դրա համար անհրաժեշտ են խորքային` առաջին հերթին վարքագծային փոփոխություններ։ Իրավիճակային լուծումները, առանձին անձանց panem et circenses-ը՝ հացի և ներկայացումների, պահանջը բավարարելուն ուղղված ամպագոռգոռ հայտարարությունները, հասարակության մի մասին մյուսի դեմ տրամադրելը և շարքային բուժաշխատողի հանդեպ անվստահության մթնոլորտ ստեղծելը (դրա դառն արդյունքներն արդեն իսկ արտահայտվում են տարեց տարի բժիշկների հանդեպ բռնության դեպքերի թվի աճով) կայուն և երկարատև արդյունք չեն կարող ապահովել։

Փոխելու թե փոխվելու բարոյական երկընտրանքի ճանապարհին՝ անշրջելի  հաջողություն արձանագրելու և իրապես կաշառակերության հրեշին սպանելու համար, առաջին հերթին կոռուպցիան պետք է ոչնչացնենք հենց մեր մեջ, տրամադրվենք ապրել և արարել համեստության և արդարության մթնոլորտում, վերացնենք ամեն գնով պաշտոն ստանալու ու դրա արդյունքում հարստանալու մոլուցքը։ 

Դեռ ավելին, պետք է սովորենք անվճար բժշկական օգնության համար մի քանի ամիս հերթ կանգնել՝ ճիշտ այնպես, ինչպես դա անում է իտալացին, նորվեգացին կամ էլ կանադացին, պատրաստ լինենք վճարել բժշկական ծառայության իրական արժեքը, այլ ոչ թե ծանոթ-բարեկամ ման գանք առողջապահության համակարգում, որ «պետական պատվեր դասավորի», համաձայնվենք բուժվել «ջեներիկներով», այլ ոչ թե միայն ու միայն բրենդային դեղերով, գնանք պարտադիր կանխարգելիչ այցերի և չգնալու դեպքում պատրաստ լինենք զրկվել անվճար բուժօգնության իրավունքից, չվախենանք պարտադիր ապահովագրության ներդրումից և այլն, և այլն։

Հակառակ դեպքում, մենք էլ կկանգնեցնենք Արամազդի 12 արձաններ, սակայն ամեն անգամ դրանց կողքով անցնելիս ստիպված կլինենք ամոթից հայացքը շրջել այլ կողմ և շարունակենք երազել այն Հայաստանի մասին, որն այդպես էլ չկարողացանք կառուցել։

 

ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ, բ.գ.թ.

Դավիթ Մելիք-Նուբարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]