Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը կարեւորեց կրթական հաստատությունների ապաքաղաքականացումը

Գեղարքունիքի մարզպետը կարեւորեց կրթական հաստատությունների 
ապաքաղաքականացումը

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սեւանի քաղաքապետարանի շենքում խորհրդակցություն անցկացրեց Սեւանի տարածքի դպրոցների տնօրենների հետ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը մարզպետը կարեւորեց կրթական հաստատությունների ապաքաղաքականացումը, դրամահավաքների բացառումը, պաշտոնեական դիրքի չարաշահումներից զերծ մնալը, կրթական որակի ապահովումն ու բարձրացումը, դպրոցաշինական խնդիրների կարգավորումը: «Կրթության ոլորտը լինելու է իմ գործունեության առաջնահերթություններից մեկը: Եթե մենք պետք է դառնանք զարգացած պետություն, ապա դրա հիմքերը մենք պետք է դնենք դպրոցից՝ ամենօրյա հետեւողական աշխատանքի շնորհիվ բարձրացնելով թե՛ դպրոցի, թե՛ մանկավարժի ու կրթության դերը: Այսուհետեւ դպրոցի տնօրենի համար պետք է նշանակություն չունենա, թե ով է իր մարզպետը եւ ինչ կուսակցության է նա պատկանում: Նա պետք է մտահոգվի միայն հաստատության կրթական եւ արդյունավետ կառավարման խնդիրներով՝ բացառելով դրամահավաքները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, նկատվող արատավոր այլ երեւույթներ: Նա պետք է մտահոգվի, եթե իր ընտանիքի անդամները կամ հարազատներն իր ղեկավարած դպրոցում զբաղեցնում են ձեւական կամ ոչ նպատակային հաստիքներ, եւ եթե նման դեպքեր կան, ապա պետք է անմիջապես ուղղել թույլ տրված սխալներն ու խախտումները: Անկախ մեր անձնական հարաբերություններից՝ լինելու եմ պահանջկոտ, հետեւողական, օրինախախտումները չհանդուրժող»,-դպրոցների տնօրեններին դիմեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Մարզպետը միաժամանակ շեշտեց, որ դպրոցներում առաջացած խնայողություններն ուղղվելու են կամ դպրոցաշինական խնդիրների լուծմանը, կամ՝ աշխատավարձերի բարձրացմանը՝ ըստ տեղերից ներկայացված կարիքների, իսկ դպրոցի տնօրենի կամ մանկավարժների մրցույթները լինելու են հնարավորինս թափանցիկ ու հրապարակային, մաքուր ու արդար, որի ժամանակ նախապատվությունը կտրվի մանկավարժի պատիվն ու անունը միշտ բարձր պահող մասնագետներին: Այնուհետեւ մարզպետը լսեց դպրոցների տնօրենների կողմից բարձրացված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին դպրոցաշինական եւ կազմակերպական ոլորտներին, հաստիքային միավորների պահպանման, բուժսպասարկման ապահովման, մանկավարժական թափուր տեղերի համալրման հետ կապված հարցերին:
«Մենք մանրամասնորեն քննության կառնենք այստեղ բարձրացված բոլոր հիմնահարցերը: Եթե դրանք կարգավորելու համար բավարար կլինեն տնտեսված միջոցները, ապա կօգտագործենք այդ հնարավորությունը, իսկ եթե դրանց լուծումը կպահանջի ավելի մեծ միջոցներ, կփորձենք կառավարության կամ այլ միջոցների հաշվին համապատասխան ծրագրեր իրականացնել: Դուք պետք է բարձր հիմքերի վրա դնեք նաեւ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,-հանդիպումն ամփոփեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]