Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հայկական մշակույթի մեջ մեծ կարևորություն է տալիս պարարվեստին

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը հայկական մշակույթի մեջ մեծ կարևորություն է 
տալիս պարարվեստին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, տեսնելով Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաների՝ իր պատվին պատրաստած փայլուն ելույթը, ափսոսանք զգաց՝ վաղ տարիքում բալետի դասերը թողած լինելու համար: Նունե Սարգսյանը շատ է սիրում պարն ու երաժշտությունը և հայկական մշակույթի մեջ մեծ կարևորություն է տալիս պարարվեստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահի տիկինը նման կարծիք հայտնեց Երևանի պարարվեստի պետական քոլեջ այցից հետո լրագրողների հետ զրույցում:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Զարմացած և հիացած եմ այն ամենով, ինչ տեսա այս դպրոցում: Բալետ ստեղծելը տարիների շատ դժվար աշխատանք է: 6 տարեկանում առաջին բալետային ներկայացումը տեսնելուց հետո ծնողներիս աղերսեցի, որ ինձ տանեն պարարվեստի ուսումնարան: Ստուգեցին երաժշտականությունս, և ես անցա քննությունը: Սակայն 6 ամիս հետո նորից աղերսեցի ծնողներիս, որ ինձ հանեն ուսումնարանից, ասում էի՝ շատ դժվար է, չեմ կարող: Հիմա, այս սաներին ու գեղեցիկ արդյունքը տեսնելով, արդեն մտածում եմ՝ թողնելը սխալ էր»,-ասաց Նունե Սարգսյանն ու հավելեց, որ հիմա իր 6-ամյա թոռնուհին է բալետի դասերի հաճախում:

Նախագահի տիկինը ոչ միայն բալետ, այլ նաև շատ է սիրում մեր ազգային պարերը, ռոք-ն-ռոլ: Կարծում է՝ պարի միջոցով հնարավոր է ձերբազատվել կուտակված բացասական էներգիայից: Պարարվեստը շատ կարևոր է՝ սկսած մեր ազգային պարերից մինչ բալետ: Նունե Սարգսյանը հիշեց նաև, որ Հայաստանը դեռ վաղուց բալետի ավանդույթներ է ունեցել՝ ի դեմս ազգությամբ հայ հայտնի պարուհի և պարուսույց Ագրիպինա Վահանովայի, ում անունով է ներկայում կոչվում Պետերբուրգի պարի ակադեմիան: «Եվ այսօր տեսնում եմ, որ այդ ավանդույթը շարունակվում է: Շատ եմ սիրում պարն ու պատրաստ եմ աջակցել ինչով կարող եմ»,-նշեց նախագահի տիկինը:

Նունե Սարգսյանը հիշեց իր ամենասիրելի բալետը՝ «Սպարտակ»-ը, նշեց՝ այդպիսի երաժշտություն և ներկայացում չկա աշխարհում: Այսօր դիտելու է «Դիմակահանդես» բալետը: Նախագահի տիկինն ավարտել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և նույնիսկ մինչ հիմա դաշնամուրի դասեր է ստանում, մշտապես փորձում է կատարելագործել իր աշխատանքը: Անկեղծանում է՝ազատ ժամանակ շատ է սիրում նվագել:

Հայաստանում բալետի պարողների խնդիրներից նա նշեց գումարի պակասն ու ելույթի տեղ չունենալը, հավելեց՝ խնդիրը նույնն է նաև արտերկրում: Հույս հայտնեց, որ կկարողանա օգնել պարարվեստի ուսումնարանին ու բալետին:

Նախագահի տիկինը նաև շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ սաների հետ: Ներկա գտնվեց պետական ավարտական քննությանը, հետաքրքրվեց սաների առաջադիմությամբ: Սովորողներն էլ իրենց հերթին Նունե Սարգսյանին խնդրեցին հաճախ այցելել իրենց:

Երևանի պարարվեստի պետական քոլեջն այս պահին ունի 410 սովորող: Գործում են դասական, հայկական ժողովրդական պարերի և պարուսույցների բաժիններ: Պարուսույցների բաժին կարող են ընդունվել դպրոցն ավարտելուց հետո, 9-րդ դասարանն ավարտելուց հետո՝ հայկական-ժողովրդական պարերի բաժին, իսկ դասական պարերինը՝ 9 տարեկանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]