Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բաքվում չեն համակերպվում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի արած հայտարարության հետ

Բաքվում չեն համակերպվում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի 
արած հայտարարության հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «թավշյա հեղափոխության» արդյունքում ստեղծված նոր իրավիճակը երկսայր սուր է Բաքվի համար: Մի կողմից՝ Բաքուն որպես այդպիսին չի ճանաչում իշխանության եկած նոր ուժերին, մյուս կողմից՝ Բաքվում չեն  համակերպվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ արած հայտարարության հետ: Այս մասին հունիսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Այս հայտարարությունը շատ ծանր տարան Բաքվում և սկսեցին արագորեն արձագանքել: Դրան հաջորդեց Մամեդյարովի այցը Փարիզ, որտեղ  նա հավաստիացնում էր, որ իրենք պետք է սահմանված ձևաչափով շարունակեն բանակցությունները»,-նշեց Հայրապետյանը:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Մինսկի խմբի համանախագահների այսօր՝ հունիսի 13-ին Հայաստան կատարած այցը ինչ բնույթ կկրի, և ինչ հարցերի կանդրադառնան կողմերը, ադրբեջանագետը պատասխանեց, որ համանախագահների այցն այս անգամ ավելի շատ ճանաչողական բնույթ կկրի՝ հասկանալու համար, թե  ինչ մտադրություններ կան առկա գործընթացներում: «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված՝ Հայաստանում հստակ նշել են, որ պատրաստ են բանակցությունները շարունակել առկա ձևաչափով, և Ղարաբաղի բանակցությունների սեղան բերելն էլ ավելի շատ պայմանավորված է բանակցությունների շոշափելի արդյունքներ տեսնելու ցանկությամբ»,-նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ համանախագահներն ամեն ինչ կանեն առաջիկայում Ալիև- Փաշինյան հանդիպում կազմակերպելու համար:

Անդրադառնալով Նախիջևանում ստեղծված իրավիճակին՝ բանախոսն ասաց, որ  Բաքուն կարծես միտումնավոր սրում է իրավիճակը, և դրան էլ հաջորդում է Թուրքիայի այն հայտարարությունը, թե իրենք շուտով պատրաստվում են երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան: «Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ազդեցությունը մեծացնել Նախիջևանում: Բաքուն ամեն կերպ փորձելու է շարունակել սադրանքները՝ ցույց տալու համար, որ հայկական հեղափոխությունն իր վրա մեծ ազդեցություն չի թողել և հարկ եղած դեպքում պատրաստ է գնալ ռազմական գործողությունների վերսկսման»,-ասաց Հայրապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]