Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը տպավորված է Սեւան քաղաքում իրականացվող շինարարության ծավալով եւ ընթացքով

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը տպավորված է Սեւան քաղաքում 
իրականացվող շինարարության ծավալով եւ ընթացքով

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սեւան քաղաքում աշխատանքային այց կատարեց «Զարթոնք» մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի եւ Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ պետական եւ տեղական ներդրումների հաշվին իրականացվում են սոցիալ-տնտեսական եւ կենսական կարեւոր նշանակության ծրագրեր:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ:


Ինչպես այցի ժամանակ ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը՝ «Զարթոնք» մանկապարտեզում շինարարական աշխատանքները սկսվել են 2016 թվականի օգոստոսին «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով: Շինարարության արժեքը կազմել է 186 միլիոն դրամ: Նորոգված մանկապարտեզի շահագործման ժամկետ է սահմանված 2018 թվականի հունիս ամիսը: Շինարարական աշխատանքներն այստեղ արդեն մոտենում են ավարտին: Սեւանի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները եւս մեկնարկել են 2016 թվականին պետբյուջեի միջոցներով եւ ընթացել մի քանի փուլերով: Այս տարի շինարարության համար հատկացվել է 157 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները կշարունակվեն եւ կավարտվեն 2019 թվականին, իսկ մշակույթի տան հիմնանորոգման ընդհանուր արժեքը կկազմի 295 միլիոն դրամ:


Սեւանի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2016 թվականին Համաշխարհային բանկի եւ պետբյուջեի միջոցների հաշվին: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 895 միլիոն դրամ: Նորակառույց բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսին: Ինչպես տեղում վստահեցրին շինարարները՝ աշխատանքներն այստեղ հիմնովին կավարտվեն պայմանագրով սահմանված ժամկետում:
Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2015 թվականից, ընթացել մի քանի փուլերով եւ կավարտվեն այս տարվա վերջին: Շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 320 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից:
Սեւան քաղաքի Չարենցի փողոցում հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսին, ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիայի եւ տեղական բյուջեի միջոցների հաշվին: 62 միլիոն 800 հազար դրամ կազմել է ՀՀ կառավարության, 37 միլիոն 80 հազար դրամ՝ համայնքի բյուջեի ներդրումը: Փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն այս ամռան ընթացքում:
«Սեւանում այժմ բավականին մեծ ծավալի եւ կենսական կարեւոր նշանակության ծրագրեր են իրականացվում: Մեր աշխատանքային այցն այս առումով էլ չափազանց հագեցած ստացվեց: Ուրախալի է, որ շատ շուտով մենք Սեւանում կտեսնենք արդիականացված մանկապարտեզ, դպրոց, բժշկական կենտրոն, մշակույթի տուն, ներհամայնքային նորոգ ու բարեկարգ ճանապարհներ: Այդ նշանակում է, որ մենք զարգանում ու առաջ ենք ընթանում, բայց ավելի պետք է ոգեւորվենք ձեռքբերումներով ու զարկ տանք մյուս ոլորտների զարգացմանը: Ինձ տպավորեց ոչ միայն շինարարության ծավալը, այլ նաեւ աշխատանքների ընթացքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]