Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Մակրոնի պետական այցը Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից:
Հանրապետության նախագահն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են այս տարի հոկտեմբերին նախատեսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցին Հայաստան: Զրուցակիցները խոսել են նաեւ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի, ինչպես նաեւ դրա շրջանակում նախատեսվող գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: Կողմերը վստահություն են հայտնել, որ այս կարեւորագույն իրադարձությունը կնպաստի Հայաստանի ու կազմակերպության անդամ պետությունների միջեւ կապերի զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում