Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհամագործակցեն առավել ակտիվորեն

Սփյուռքի նախարարությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհամագործակցեն առավել ակտիվորեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամը առավել ակտիվորեն կհամագործակցեն համատեղ ծրագրեր կազմելու և իրականացնելու գործում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի շրջայցից և հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ զրույցից հետո վստահեցրին երկու կողմերն էլ:

«Կարծում եմ, որ իմ պաշտոնավարումից սկսած մենք առավել ակտիվ կհամագործակցենք հիմնադրամի հետ: Եթե ծրագրերի համար հիմնադրամի հետ գտնենք համագործակցության եզրեր, ապա դա միանշանակ կլինի մեր քննարկման սեղանին»,-վստահեցրեց նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը ծանոթացավ հիմնադրամի աշխատանքին: Երկու կողմերն էլ հստակեցրին համագործակցության կամքը, նաև որոշակի պատկերացումներ, թե որ ոլորտների շուրջ կարող են համագործակցել: Սակայն, թե կոնկրետ ի՞նչ ծրագրերում կլինի համագործակցությունը, դեռ չեն հստակեցրել: Նախարարության հիմնական նպատակներից է հայապահպանությունը, հայրենադարձությունը, սփյուռքի ներուժն ու դրա օգտագործումը: Այդ ներուժի օգտագործումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության գլխավոր առանցքն է: «Հենց այդ ոլորտում համատեղ շատ աշխատանքներ կարող ենք իրականացնել: Հայրենադարձության մասով ևս կարող ենք սերտորեն համագործակցել»,-նշեց նախարարն ու առհասարակ կարևորեց պետություն-հիմնադրամներ սերտ համագործակցությունը:

Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ սիրիահայերի հետ կապված խնդիրներում սերտ համագործակցություն են ունեցել սփյուռքի նախարարության հետ և համոզված են, որ կշարունակեն: Հում վիճակում ունեն սփյուռքի գիտական պոտենցիալն օգտագործելուն ուղված ծրագրեր, որոնք դեռ չեն հասցրել քննարկել նախարարի հետ: Վարդանյանը համոզված է, որ էլ ավելի մեծ ջանք ու եռանդ պետք է ներդնեն, որ Հայաստան-սփյուռք կապերը բարձր մակարդակ ունենան: «Կա կարծրատիպ, թե Հայաստանը սփյուռքն օգտագործում է որպես դրամական միջոցների աղբյուր: Սակայն դա սխալ է: Այս տարիներին սփյուռքի հետ համագործակցության մնացած ոլորտներն այնքան էլ զարգացած չեն եղել: Չի օգտագործել սփյուռքի բոլոր համայնքների գիտական ներուժը, գործարարների ներուժը: Ավելի շատ եղել է դրամահավաք, և հենց մենք ենք զբաղվել դրանով: Այլ ոլորտներում արված թույլ աշխատանքի արդյունքում ևս աչքի է ընկել դրամահավաքի ոլորտը: Բայց համոզված եմ, որ այսօրվանից սկսած մեր համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարի հետ կունենա շատ բեղմնավոր արդյունք և շուտով կքննարկենք նաև հնարավոր համագործակցությունը կոնկրետ ծրագրերի շուրջ»,-եզրափակեց նա:

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ էր այցելել տնօրեն Արա Վարդանյանի հրավերով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]