1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինձ համար «Ելք կա»-ն լավ բանաձև է. Արամ Սարգսյան

Ինձ համար «Ելք կա»-ն լավ բանաձև է. Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի անդամ քաղաքական ուժերի մասնակցության ձևաչափի բոլոր հնարավոր տարբերակները քննարկման առարկա է համարում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա չբացառեց, որ առաջիկա ընտրություններին «Ելք»-ի անդամ քաղաքական ուժերը կմասնակցեն դաշինքով, սակայն չբացառեց նաև, որ դաշինքի անդամ ուժերն ընտրություններին կմասնակցեն առանձին-առանձին: «Չեմ բացառում հին դաշինքով գնալը, հին ստորագրված փաստաթղթում եղած կետերն առաջ տանելը, չեմ բացառում նաև առանձին գնալը, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչև նախորդ ընտրություններ և այսօր՝ համաժողովրդական իշխանափոխությունից հետո,  բացարձակ այլ կարգավիճակ ունի: Կուսակցություններն իրենց ներսում պետք է քննարկեն իրենց կարգավիճակը և ըստ այդմ շարժվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սարգսյանը:

Հարցին, թե արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ քննարկումները սկսվե՞լ են, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Որոշակի քննարկումներ ինչ-որ առումով կան: Մենք երբեք որևէ միավորումում կամ դաշինքում չենք եղել աղքատ բարեկամի կարգավիճակում և, համոզված եմ, առաջիկայում էլ նման կարգավիճակում չենք լինի, սակայն դա բացարձակապես չի նշանակում, թե այն գործընկերությունը, որը եղել է «Ելք» դաշինքում, մեզ չի բավարարել: Ես համարում եմ, որ այնտեղ, ինչ ունենք այսօր, «Ելք» դաշինքի դերը բավականին մեծ է: Թե խորհրդարանական գործունեության, թե արտախորհրդարանական գործունեության առումով այս գործընթացն արդյունքներ տվել է: Կշարունակվի՞ այն, թե՞ առանձին կգնանք, դա չի նշանակի, թե գործընթացում ներառված ուժերը հակադիր կողմերում կլինեն»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, թե «Ելք» դաշինքի անդամ քաղաքական ուժերից որևէ մեկը չի կարող հաղթանակի հասնել, եթե ընտրություններին առանձին-առանձին մասնակցեն, Արամ Սարգսյանն ասաց, թե ինքը նման կանխագուշակումներ չէր անի: «Նայած հաղթել ասելով՝ պարոն Գորգիսյանը ինչ նկատի ունի: Մարդ կա հաղթանակ է համարում 99,9 տոկոս ձայն հավաքելը, մարդ էլ կա հաղթանակ է համարում 45 տոկոս ձայն հավաքելը: Ես մշտապես համարել եմ, որ եթե հայ հանրության 45 կամ ավելի տոկոսը իմ մոտեցումներին դեմ չէ, ես ինչ-որ լղոզված տեսակետներ եմ ասում, որ բոլորի համար ընկալելի լինի: Բոլորի համար ընդունելի պետք է լինի, օրինակ, Սերժ Թանկյանը, որովհետև նա իր գործի վարպետ է, բոլորի համար ընդունելի պետք է լինեն կինոդերասանները, երգիչները, իսկ քաղաքական գործիչները պետք է ունենան համախոհների բանակ և հակադիր բանակ: Այս առումով մեր երկրում ընդունված է եղել, որ հաղթում է միասնականությունը, իսկ ես միշտ համարել եմ, որ միասնականությունը ժողովրդի մեջ է: Մեզ միշտ ասում էին, թե քանի դեռ ընդդիմությունը չի միավորվել, իշխանափոխություն չի կարող տեղի ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ դա հնարավոր է և միայն ինքը իր թիմով իշխանափոխություն արեց: Այստեղ խնդիրը ճիշտ բանաձևը գտնելն ու ժողովրդին համախմբելն է»,- ընդգծեց պատգամավորը:

Այդ ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը միայնակ կգնա՞ ընտրությունների. Արամ Սարգսյանը խորհուրդ տվեց այս հարցն ուղղել «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: «Կուսակցությունն ունի վարչություն, որտեղ քաղաքական ճանապարհ անցած մարդիկ են, և իրենք պետք է նստեն որոշեն, թե որ ճանապարհն է իրենց համար նախընտրելի: Նույն խնդիրն ունեն նաև «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Ես համարում եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ է, ես համարում եմ, որ «Ելք կա»-ն լավ բանաձև է, և ինձ համար «Ելք կա»-ն ավելի տարողունակ է լինելու, քան ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան մերժելը»,- եզրափակեց Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]