Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փոքրիկ բիզնես, որն օտար ափերից տղային վերադարձնելու է հայրենի Չիվա. Հայաստանում զարգանում է հյուրատնային բիզնեսը

Փոքրիկ բիզնես, որն օտար ափերից տղային վերադարձնելու է հայրենի Չիվա. 
Հայաստանում զարգանում է հյուրատնային բիզնեսը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի 2-րդ փողոցի 6-րդ տունն արդեն տասը տարուց ավելի ոչ միայն Քաջիկ ու Քնարիկ ամուսիններինն է, այլ նաև Հայաստան եկած հարյուրավոր զբոսաշրջիկներինը: Ամուսինները զարգացնում են հյուրատնային բիզնեսը՝ իրենց հարկի տակ ընդունելով, կերակրելով օտարազգի հյուրերին: Հյուրատունն անվանել են «Արարատ» B&B՝ ի պատիվ իրենց տղայի:

«Արմենպրես»-ի և իրենց այցելած մի խումբ լրագրողների համար փոքրիկ բիզնեսի գաղափարի,  հաջողությունների և առաջիկա պլանների մասին պատմեց տանտերը՝ Քնարիկ Ղազարյանը:

«2000 թ. մեր գյուղից 5 ընտանիքի հյուրեր տվեցին: Ես երեք ամիս պահեցի 20 տարեկան ամերիկացի մի տղայի՝ Ջեյսի Ջանետային: Այդ ժամանակ մենք օտար լեզու չգիտեինք, նա սովորեց հայերեն: Գնալուց հետո էլ նույնիսկ հայերեն նամակներ է ուղարկել: Ջեյսին ինձ շատ էր զանգում ու ասում. «Իմ հայկական մամա, իմ Քնարիկ մամա»,- պատմում է Քնարիկ Ղազարյանը:

Դրանից հետո էլ Չիվայի այդ 5 տները դարձել են հյուրատներ: Ամուսինները հիշում են՝ սկզբում իրենց տան պայմաններն այնքան էլ լավ չեն եղել, սակայն մարդկանց գրավել է իրենց հյուրընկալությունը, հայկականությունն ու անմիջականությունը: Արտերկրում գտնվող իրենց տղան դեմ է եղել մոր ու հոր այդ բիզնեսին: «Բայց երբ այս ձմռանը եկավ ու իր աչքով տեսավ, խոստովանեց՝ իսկապես լավ գործ է: Ասաց նաև, որ հնարավոր է վերադառնա ու ինքն էլ այս գործով զբաղվի»,-ուրախությամբ է նշում Քնարիկը:

Հիմա արդեն ստացած շահույթով ամուսինները ստեղծել են բոլոր հարմարությունները, ավելացրել նոր սենյակներ: Սակայն ամերիկացի երիտասարդի «հայկական մայրիկը» նպատակ ունի ևս մեկ սենյակ կառուցել՝ հյուրերի համար լավաշ, գաթա թխելու, պանիր պատրաստելու համար: Տանտիրուհին հպարտությամբ է ասում՝ իր պատրաստած ամեն ուտելիք՝ քամած մածունը, չոր լավաշը, տոլման հյուրերը շատ են հավանում: Հիշում է նաև իտալացուց ստացած վերջին հաճոյախոսությունը. «Կարծում էի, թե իտալական խոհանոցն է աշխարհում առաջին տեղում, սակայն հիմա արդեն կասկածում եմ»: Հյուրերն օգտվում են նաև իրենց այգու ամեն բարիքից:

Մեր այցի ընթացքում Քաջիկ ու Քնարիկ ամուսինների ֆրանսիացի հյուրերը դրսում էին՝ ծանոթանալու տեղանքին, այցելելու տեսարժան վայրերը, իսկ մինչ այդ տանտիրուհին նրանց համար շտապում էր գաթա թխել՝ ճիշտ մոր նման: Հետաքրքրվեցինք՝ նրանց հետ ի՞նչ լեզվով են շփվում: Պատասխանը միանշանակ էր՝ ֆրանսերեն: Հատուկ իրենց ֆրանսախոս հյուրերի համար էին սովորել դեռ տարիներ առաջ:

Քնարիկ Ղազարյանը մի քիչ ամաչելով ասում է՝ հյուրերն իրեն ամեն տեղ նկարում են: «Երբ գնում եմ կով կթելու, այնքան են նկարում ինձ, որ հիմա արդեն նրանցից գաղտնի եմ գոմ մտնում»,-կատակում է նա:

Զբոսաշրջիկներով հագեցած ամիսը օգոստոսն է: Սակայն տանտերը նշում է՝ այս տարի հանգիստ չի ունեցել: Ոչ մի տարի մայիսին այդքան հյուրեր չեն ունեցել, որքան այս տարի: Սակայն տանտիրուհին, միևնույն է, սիրով է աշխատում: Շատերն են նրան նայում ու զարմանում այդ եռանդի համար:

«Արարատ» B&B-ն տարեկան հյուրընկալում է 400-500 զբոսաշրջիկի՝ լեհերի, ամերիկացիների, իտալացիների, ֆրանսիացիների և այլոց: Տանտերը չի մոռանում նշել, որ իրենք ունեն նաև «Ոսկե գիրք», որում իրենց ամեն հյուր իր կարծիքն է թողնում:

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հ.Գ. Նյութը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]