Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս

Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի հաջորդ ընտրություններին

Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի հաջորդ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բակո Սահակյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

«Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: 2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ»,- ասել է Բակո Սահակյանը:

Նա հավելել է, որ սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից: «Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի եւ նախագահի, եւ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»,- հայտարարել է Արցախի նախագահը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ