1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՍԱՊԾ-ն անդրադարձել է ծառայության նախկին պետի գնահատականներին

ՍԱՊԾ-ն անդրադարձել է ծառայության նախկին պետի գնահատականներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի՝  կենդանիների վարակիչ հիվանդությունների և սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ գնահատականներին: Այս մասին Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադարձում նշված է. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, որը պաշտոնավարել է երեք ամիս, այժմ, ներկայանալով որպես միջազգային փորձագետ, med.news.am կայքում գնահատականներ  է տվել կենդանիների վարակիչ հիվանդությունների և սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ՝ առանց լուրջ և փաստարկված հիմնավորումների:

Չի եղել ահազանգի կամ հիվանդության կասկածի որևէ դեպք, որին ոլորտային լիազոր մարմինը՝ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայությունը,  և անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, չեն արձագանքել և համապատասխան գործողություններ չեն կատարել. Ծառայությունը վերահսկողական գործառույթներ է իրականացնում հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների համալիրում, որում շատ կարևոր է հիվանդության պաշտոնական ախոտորոշումը: Մեր երկիրը Կենդանիների առողջության միջազգային կազմակերպության (OIE), ինչպես նաև ԵԱՏՄ անդամ է և, ստանձնած պարտավորություններին համապատասխան, հիվանդության վերաբերյալ տեղեկացնում է բացառապես ախտորոշման ռեֆերենս մեթոդով՝ մեր կամ այլ երկրում  հաստատված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա: Ի դեպ, մեր նախաձեռնությամբ ու հրավերով հոկտեմբերին Հայաստան կայցելեն OIE-ի փորձագետները՝ գնահատելու անասնաբուժական ծառայությունների գործունեությունը. սա, ի հեճուկս հրապարակման մեջ ներկայացված տեսակետների, վկայում է թափանցիկ աշխատելու մասին:

Կենդանիների հիվանդությունների՝ ներկայացված պատկերն իրականության հետ ոչ մի աղերս չունի, և մի քանի ոլորտների վերաբերյալ սիրողական մակարդակի կամ չփաստարկված-չհիմնավորված մտքերը խիստ վտանգավոր հետևանքներ  կարող են ունենալ: Օրինակ՝ 2016 թ. էկզոտիկ տիպի դաբաղի բռնկման մասին խոսելիս՝ միջազգային փորձագետն առնվազն պետք է իմանա, թե որոնք են ՀՀ-ի համար դաբաղի էկզոտիկ տիպերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին 20-30 տարիների ընթացքում  մեր երկրում արձանագրվել են դաբաղի A,O,Asia 1 տիպերի շճատեսակները, որոնք էկզոտիկ չեն կարող որակվել, քանի որ դրանց նկատմամբ կենդանիները պատվաստվել են, ինչպես նաև առկա է նշված տիպերի շճատեսակների նկատմամբ ձևավորված  օրգանիզմի բնական իմունիտետ: Կամ, օրինակ, բրուցելոզի մասին. հանրապետությունում երբևիցե բրուցելոզի նկատմամբ մանր կամ խոշոր եղջերավոր կենդանիների պետական պատվաստում չի իրականացվել, երբևիցե պետական նման քաղաքականություն, ծրագիր չի եղել և նախատեսված էլ չէ: Նույն տրամաբանությամբ կարելի է անդրադառնալ հնչեցված մյուս բոլոր տեսակետներին:

Հավելենք, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել և իրականացնում է մի շարք կարևորագույն ծրագրեր՝ ուղղված կեդանիների համարակալման և նույնականացման համակարգի ներդրմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցմանըկենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողության, ինչպես նաւ կենդանական և բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման մշտադիտարկումներին, ռիսկերի գնահատման և կառավարման մոդելի արդիականացմանը և այլն, որոնք կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության ապահովման կարևոր նախադրյալներն են:

Նախկին պաշտոնյան կարծես թե այնքան էլ տեղեկացված չէ ներմուծումների ոչ քաղաքականության, ոչ իրավական հիմքերի, ոչ էլ ընթացակարգերի մասին, այլապես կիմանար, որ Հայաստանը վաղուց է անդամակցում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և, պարտավորությունների համաձայն, չի կարող միայն քաղաքական հիմքով սանիտարական և բուսասանիտարական ոլորտներում այլ երկրներից ներկրման սահմանափակումներ կիրառել: Ի դեպ, Թուրքիայից և Պակիստանից ներկրվող հսկողության ենթակա բեռները պարտադիր ենթակա են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների հիման վրա է միայն թույլատրվում ներմուծումը, իսկ ադրբեջանական ծագման սննդամթերքի ներմուծման թույլտվություն Ծառայությունը երբևէ չի տվել: Նշենք, որ կենդանական ծագման մթերքի ներմուծում նշված երկներից վերջին տարիներին ընդհանրապես չի եղել: Միշտ չէ, որ մամուլում շրջանառվող լուրերը՝ հատկապես թուրքական աղբյուրներից սնվող, համապատասխանում են իրականությանը:

ՍԱՊԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ անհեռատես այսօրինակ գործելակերպից, միաժամանակ պատրաստակամ է ցանկացած ձևաչափով և ցանկացած պահի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային փորձագետների հետ, քննարկել հնչեցված մտահոգությունները և գնահատականները»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]