Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

 «Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

 «Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 8-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է մոտեցումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր այս դիրքորոշումը շատերը որպես նորույթ են համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Բայց սա հենց այն դեպքն է, որ տվյալ մոտեցումը ոչ մի նորություն չի պարունակում, և այն, ինչ համարվում է նորույթ, ընդամենը լավ մոռացված հինն է: Այն, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում, և մինչև 1998թ. բանակցությունները շարունակվել են հենց այս ձևաչափով»,- նշեց Փաշինյանը: Լեռնային Ղարաբաղն ունի որոշիչ ձայն՝ հարցի խաղաղ կարգավորման գործընթացում: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Նորություն չի որևէ մեկի համար, որ Լեռնային Ղարաբաղն ունի այդ որոշիչ ձայնը, որովհետև ի վերջո հակամարտությունը նույն եռանախագահների ձևակերպմամբ կոչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»,- նշել է նա։

 

Ռուսաստանը կհարգի այդ որոշումը, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը բանակցային գործընթացում ԼՂ ներկայացուցիչների ներգրավման շուրջ պայմանավորվածության գան: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լրագրողը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչին ի պատասխան Լավրովն ասաց.  «Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այն է՝ խնդրի կարգավորումը Մինսկի խմբի միջոցով, որի անդամ է նաև Հայաստանը: Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է»:

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը անդրադարձավ Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված քննարկումներին: Բալայանը նշեց, որ դեռ անցյալ տարի ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հսկայածավալ աշխատանք է կատարել տվյալ հարցով, այս պահին էլ քննարկումների հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են: «Խնդիրն այն է, որ այդ զինատեսակների մատակարարման վերջնական օգտագործման վկայականը տրված է մեկ երկրի, բայց զենքը հայտնվել է մեկ այլ երկրում, ինչն էլ ԵՄ համապատասխան կարգավորումների կոպտագույն խախտում է: Հուսով ենք, որ քննությունը շուտով կավարտվի, և մեղավորներն արժանի պատիժ կստանան»,- հավելեց Բալայանը:

Ադրբեջանական կողմը հունիսի 6-ին և 7-ին դիմել է ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։

Հայոց ցեղասպանության դատապարտում

Միացյալ ազգերի կազմակերպությունում  ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը, ով այս օրերին Հայաստանում է, այցելել է Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Շատ զգացված եմ վերջապես Հայաստանում լինելու առթիվ: Շնորհակալություն եմ հայտնում «Ավրորա» նախաձեռնությանն իր նշանակալի հումանիտար նախաձեռնության համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանին այն կարևոր աշխատանքի համար, որով ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»,- նշել է Փաուերը:

Իսրայելի վարչապետ և արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն ընդունել է երկրի ԱԳՆ-ի խորհուրդները՝ Քնեսեթում (խորհրդարան) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումները հետաձգել մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը անդրադարձավ Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը: Բալայանը նշեց, որ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ նշանակություն ունի, և մենք շարունակելու ենք առաջնորդող դերակատարում ունենալ այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում: «Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համամարդկային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է՝ կոչված նման ոճիրների կանխարգելմանը, դրա կրկնության բացառմանը՝ անկախ ներքաղաքական համատեքստից և աշխարհաքաղաքական իրադրությունից»,- ընդգծեց ԱԳՆ խոսնակը:

«Ավրորա»-ի այս տարվա հերոս Սունիտա Քիշնանին մարդասիրական նախաձեռնության կողմից նման ճանաչումը մեծ ուժ է տալիս: Սունիտան այս մասին ասաց Հայաստանում հարյուրավոր մարդկանց հետ հանդիպմանը: «Ես սովոր չեմ, որ ինձ հոտնկայս ծափահարում են: Սովորաբար ինձ հարվածում են: 4-5 տարի առաջ սեռական բռնության և թրաֆիքինգի դեմ պայքարող իմ կազմակերպության գրասենյակի վրա հարձակում գործեցին անգամ, պահանջեցին, որ հեռանանք այնտեղից: Մեզ հետապնդում է նաև մեր՝ Հնդկաստանի կառավարությունը, մեղադրում շատ բաների համար: Եվ «Ավրորա»-ի կողմից նման ճանաչումը, չեմ կարող նկարագրել, թե ինչ ուժ է ներշնչում ինձ»,-ընդգծեց հերոսը։ «Ավրորա»-ի  այս տարվա հերոս Հեկտոր Թոմաս  Գոնսալես Կաստիլիոն Հայաստան «Ավրորա»-ին մասնակցելու է եկել նաև նրա համար, որ վկայի իր թիմի աշխատանքի մասին:Հերոսն այս մասին ասաց Հայաստանում հարյուրավոր մարդկանց հետ հանդիպմանը: «Ես ճամփորդել եմ մինչ Հայաստան: Ես սա ինչ-որ տեղ մեր կատարած աշխատանքի ճանաչումն է: Մարդիկ, որոնք շարունակում են աշխատել Մեքսիկայում` «72» ապաստանում և օգնել փախստականներին, զգում են, որ կան մարդիկ, որոնք քաջալերում են իրենց շարունակել իրենց աշխատանքը: Այստեղ ես  եկել եմ նաև, որ վկայեմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին: Ես մենք պետք է փորձենք անել ամեն հնարավոր բան, որ թեթևացնենք և փրկենք մարդկանց կյանքը»,-նշեց Գոնսալես Կաստիլիոն: «Ավրորա» 2018-ի մրցանակի հավակնորդ Չո Լա Աունը վստահ է` եթե իրեն շնորհվի այդ պատվաբեր մրցանակը, ինքն ավելի մեծ աշխատանք կանի, քան նախկինում: Մյանմայի ռոհինջաներին պաշտպանող հերոսն այս մասին ասաց Հայաստանում հարյուրավոր մարդկանց հետ հանդիպմանը: «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր մեզ համար եկել են Հայաստան: Հարգանքս եմ հայտնում այն ուշադրության համար, որ ցուցաբերել եք մեր նկատմամբ»,-շեշտեց Չո Լա Աունը: «Ավրորա» մրցանակի 2016 թվականի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի կյանքը հայ ժողովրդի շնորհիվ լիովին փոխվել է: Բարանկիցեն այս մասին ասաց Հայաստանում 2018-ի հերոսների՝ հարյուրավոր հանդիսատեսի հետ հանդիպմանը: «Երբ ես կորցրեցի իմ հայրենիքն ու ամեն հույս, հայ ժողովուրդը երևան եկավ: Հայերը Բուրունդիի փախստականներին կյանք ու հույս պարգևեցին, արժանապատվություն հաղորդեցին»,-ասաց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը:

Հայաստան և աշխարհ

Լեհաստանի Սեյմը հունիսի 7-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: 

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ և բարօրություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Վարչապետը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ նոր կառավարությունը լի է էներգիայով այդ ուղղությամբ իրականացնելու անհրաժեշտ քայլեր: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացումը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային բնագավառներում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուզեպպե Կոնտեին Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ Իտալիան դեպի հետագա առաջընթաց ու բարեկեցություն առաջնորդելու պատասխանատու գործում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացումը և անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ։ 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հյուրերը նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումն ու նրա հետ բանակցությունները կառուցողական է համարում: Այս մասին Լավրովն ասաց հանդիպումից հետո համատեղ ասուլիսում՝ նշելով, որ բանակցություններն անց են կացվել երկու երկրներին կապող գործընկերության, ռազմավարական համագործակցության ոգուն համաձայն: Նա ընդգծեց, որ կողմերն արձանագրել են հայ-ռուսական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը՝ այդ թվում և բարձրագույն մակարդակում: «Կարևոր համաձայնություններ են ձեռքբերվել մայիսի 14-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: Խորհրդարանական մակարդակով ևս շփումներ են տեղի ունենում: Երկու օր առաջ աշխատանքային այցով Մոսկվայում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, նա մասնակցել է պառլամենտարիզմի զարգացման հարցերով միջազգային ֆորումին»,- նշեց Լավրովը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» «Դրական» կանխատեսմամբ:

ՌԴ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները կճանաչվեն:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ներկայացրեց իր գլխավորած կառավարության ուղենիշային առաջնահերթությունները: «Մեր կառավարության համար ուղենիշային են նաև արհեստական տնտեսական մենաշնորհների բացակայությունը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը, տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը, հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը, բռնության հանրային մերժումը, շրջակա միջավայրի պահպանումը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է հնչող քննադատություններին, թե կառավարության ծրագրում հստակություն չկա,  նշված չէ, թե ինչ տնտեսական աճ է ակնկալվում և աղքատությունը որքանով է նվազելու։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունն այս պահին խնդիր ունի առաջին հերթին գնահատել երկրի տնտեսության ստվերայնության ծավալները։ «Դա շատ կարևոր հարց է։ Հիմա, օրինակ, ո՞վ կարող է ասել՝ մեր տնտեսությունը քանի՞ տոկոս ստվեր ունի»,- ընդգծեց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մարտի 1-ի դեպքերի քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին լուրերին: Նա հիշեցրեց իր հայտարարությունը, որ մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի: «Ես ասել եմ, որ մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի: Դրա համար, եթե անհրաժեշտ կլինի, որ ես հարցաքննվեմ, ես կհարցաքննվեմ, եթե անհրաժեշտ լինի, որ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի, Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի»,- ասաց վարչապետը: ՀՀ Ազգային ժողովում հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները հավանության արժանացրին կառավարության ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ։ 2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի  Բաղրամյան-2բ  հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ  Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից,  Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, որտեղ մի քանի օր է՝ ցույցեր են տեղի ունենում ուժային կառույցների աշխատակիցների ներգրավվածությամբ ծեծկռտուքի պատճառով: «Մենք բոլորս ընդունում ենք քաղաքացիների՝ կոնկրետ իրավիճակի նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտելու և այն կոնկրետ քաղաքական փոփոխության ձևով տեսնելու իրավունքը: Ես այսպես եմ կարծում և իմ եղբայրական խնդրանքն է, որպեսզի Ստեփանակերտում այդ բողոքի գործողությունը դադարեցվի , առնվազն կասեցվի, որպեսզի իշխանությունները կարողանան կյանքի կոչել պայմանավորվածությունները»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: Արայիկ Հարությունյանը խոսեց Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարվելու իր մտադրության պատճառների մասին: Նա ասաց, որ հանրության մոտ ձևավորված պահանջ կա, տրամադրություն՝ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: «Վերջին մի քանի ամիսներին, մանավանդ հայաստանյան վերջին իրադարձություններից, «թավշյա հեղափոխությունից» հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ»,-նշեց Հարությունյանը: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։ Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։ Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 8-ին տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցել էին Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները: Եպիսկոպոսաց ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով  անընդունելի է համարել մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով:

Առայժմ միայն անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսվում է նվազեցնել 10 դրամով: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ուսումնասիրություններով ինչ արդյունքներ են արձանագրվել: Արթուր Գրիգորյանն ասաց, որ վարչապետի հանձնարականի համաձայն շահագրգիռ կողմերի հետ գնահատել են էներգետիկ ոլորտում բոլոր ռիսկերը և հնարավորությունները՝ սակագնի վերանայման հետ կապված: Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի և իշխանություն լինել, և ընդդիմություն, և փոքրամասնություն, և մեծամասնություն. «Եթե դուք մի փոքր պատմական էքսկուրս կատարեք, կտեսնեք, որ աշխարհում երբևէ նման դեպք չի եղել, որ իշխանություն ունենա մեկ ուժ, իսկ Ազգային ժողովում մեծամասնություն ունենա մեկ այլ քաղաքական ուժ: Եվ սա վկայում է Հանրապետական կուսակցության միասնականության մասին: Մենք խմբակցության ոչ քաղաքական թևին ասել ենք, որ եթե իրենց խանգարող հանգամանքներ կլինեն, ազատ են, կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք»: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն արձանագրում է, որ խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունն այլևս բացարձակ մեծամասնություն չի կազմում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե 6 պատգամավոր արդեն հեռացել է ՀՀԿ խմբակցությունից, ինչը նշանակում է, որ խմբակցությունն ունի 52 մանդատ, բացատրեց, որ ՀՀԿ-ն այդպիսով զրկվում է բացարձակ և որոշիչ մեծամասնություն լինելուց:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վահրամ Շահինյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից: ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Կառավարության որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ոլորտում կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ կոնկրետ փաստերի վերաբերյալ նամակներ է ստացել, որոնք ուղարկել է իրավապահ մարմիններին: Հարցին՝ նախորդ նախարարի հետ զրուցե՞լ է, հարցրե՞լ է, թե ինչո՞ւ է նրա ղեկավարած կառույցում կոռուպցիա եղել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Հիմա ուսումնասիրությունները շարունակվում են, որոշ փաստեր արդեն կան: Երբ փաթեթ կլինի, անպայման կհանդիպենք ոչ միայն պարոն Մկրտչյանի, այլ նաև պարոն Աշոտյանի հետ»: Հանրային հեռուստաընկերության կողմից 2 միլիարդ դրամի չարաշահումների մասին մամուլում առկա հրապարակումներն Ազգային ժողովում բուռն քննարկումների առիթ դարձան։ 

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով Արեգ Կյուրեղյանը կալանքից ազատ է արձակվել: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանը կալանքից ազատ է արձակվել: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանը կալանքից ազատ է արձակվել: ՀՀ պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց

Սփյուռք

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը խոսել է 2018 թվականի «Արի տուն»,  «Սփյուռք ամառային դպրոց», «Իմ Հայաստան»  ամենախոշոր ծրագրերի ճակատագրերի վերաբերյալ: Նա ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում նշել է, որ ծրագրերը չեն կասեցվելու, այլ ներկայանալու են նոր ձևաչափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ:

Ականավոր վիրաբույժ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Միջազգային խճանկար

Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը երկրում եռօրյա սուգ Է հայտարարել Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գվատեմալայի Հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսին՝ բնական աղետի ողբերգական հետևանքների հետ կապված:

«Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս». այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի «Le Monde» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների և հալածանքների մասին։ «Ազատություն» միջազգային ռադիոկայանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ իրենց ադրբեջանական ծառայության կայքն արգելափակված թողնելու վերաբերյալ վճիռը:

Անկարան եւ Վաշինգտոնը տասն օրվա ընթացքում ձեռնամուխ կլինեն սիրիական Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզի իրագործմանը: 

Եվրահանձանաժողովը հավանություն Է տվել ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 2,8 միլիարդ եվրո գումարի մաքսերի սահմանմանն ի պատասխան Եվրամիության երկրների կողմից մատակարարվող պողպատի եւ ալյումինի համար հունիսի 1-ից ԱՄՆ-ի սահմանած գանձումների:

Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մարզային կյանքն ակտիվացնելու, երիտասարդ գործիչներին աջակցելու ծրագրեր ունի: Իր ուշադրության ներքո է պահելու նաև ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները, որոնց մասին վերջին տարիներին շատ է խոսվում: «Արմենպրես»-ը զրուցել է Լիլիթ Մակունցի հետ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, պարզել, թե նորանշանակ նախարարն ինչ է անելու՝ իրեն վստահված ոլորտն առավել զարգացնելու համար:

«Արմենպրես»-ը փոխում է «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի մեթոդաբանությունը: Հրատարակչությունների հետ քննարկման արդյունքում այսուհետև մենք վարկանիշային աղյուսակը կկազմենք ամսական վաճառքի տվյալներով: Ամսվա յուրաքանչյուր առաջին ուրբաթ օրը ձեզ կներկայացնենք հայ գրողների գեղարվեստական, երկրորդ ուրբաթ օրը՝ թարգմանական ստեղծագործությունների, երրորդ ուրբաթ օրը՝ մանկական գրքերի, իսկ չորրորդ ուրբաթ օրը՝ փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակները: Տասնյակները կկազմվեն նախորդ ամսվա վաճառքների տվյալների հիման վրա: Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքն առաջին հորիզոնականում է:

Երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանը «Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծում պատմում է ճակատագրական մրցույթի, մասնագիտության ընտրության, սեփական նկարները ներառող ալբոմի ու այլ հետաքրքիր թեմաների մասին:

Գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփյանի անվան գրական մրցանակը տրվեց նրա ուսանողուհի, երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանին «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքի համար: Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվեց Հայաստանի գրողների միությունում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկին Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը:

Աղձքի հայոց արքաների հուշահամալիրում պեղումները վերսկսվել են բացառիկ նորություններով. հայտնաբերվել են վաղ միջնադարի եզակի պատկերազարդ տապանաքար և պալատական կառույց:

Սպորտ

Սոչիում ավարտվեց Սպիտակ Նավակ մրցաշարը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների 100 թիմ: Վերջին տուրում Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը 2.5-1.5 հաշվով հաղթեց Վոլոգոդսկի մարզի թիմին և իր ակտիվում գրանցեց 22.5 միավոր, սակայն այդ արդյունքը, ցավոք, բավարար չեղավ բրոնզե մեդալ նվաճելու համար, և թիմը գրավեց 4-րդ տեղը։

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կոչումը նվաճեց «Լեո» թիմը:

Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանը Ռումինիայի ատլետիկայի բաց առաջնությունում կապանցի եռացատկորդ Աղասյանը 16,57 մ արդյունքով գրավել է առաջին հորիզոնականը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]