Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լույս է տեսել Չիկոյի «Ջազը Հայաստանում» հայալեզու գիրքը. Հայկ Թութունջյանն իրագործել է հոր վերջին ցանկությունը

Լույս է տեսել Չիկոյի «Ջազը Հայաստանում» հայալեզու գիրքը. Հայկ Թութունջյանն իրագործել է հոր վերջին ցանկությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ջազմեն Արմեն Թութունջյանի (Չիկո)«Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել նաև հայերեն տարբերակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ջազմենի որդին՝ Հայկ Թութունջյանն ասաց,  որ գիրքը հոր համար շատ մեծ նշանակություն և կարևորություն ուներ:

«Գիրքը ներկայացնում է Հայաստանում էստրադային և ջազային երաժշտության ծագման ու զարգացման 80-ամյա պատմությունը, հիսունից ավելի նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարներ և շուրջ 80 երաժիշտ կատարողների ստեղծագործական սեղմ կենսագրությունները: Գրքում ուշադրության է արժանացել նաև հայկական ծագումով նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը»,- նշեց Հայկը և հավելեց, որ գրքում տեղ է գտել արխիվային մի քանի հարյուր լուսանկար: Հայկ Թութունջյանը շեշտեց, որ գրքի օրիգինալ` ռուսալեզու տարբերակը տպագրվել և լույս է տեսել 2015 թվականին:

«Հորս երազանքն էր հայերեն տարբերակով գիրքը տպագրելը, որպեսզի ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար հասանելի լինի: Նա մոտ երեք տարի աշխատել էր իր ռուսալեզու գրքի վրա: Իր վախճանից մի քանի ամիս առաջ սկսել էր այն թարգմանել և մահից հետո պատահական իմացա, որ այն գրեթե պատրաստ է»,- ասաց Չիկոյի որդին: Նրա պնդմամբ՝ հայրը գրքի թարգմանությունից հետո արդեն միջոցներ էր փորձում գտնել հրատարակելու համար:

«Հորս թարգմանած տարբերակը չգիտեի, թե որտեղ է և շատ պատահական` մի քանի ամիս առաջ, իմացա, որ այն գտնվում է «Վան Արյան» հրատարակչությունում: Գրքում որոշակի թարմացումներ ինքս եմ արել, որ իր մահից հետո են եղել, որպեսզի ժամանակագրությունը չխախտվի: Նա շատ էր աշխատել, որպեսզի 80 տարվա պատմություն ունեցող հայկական ջազի ոլորտից բացարձակապես ոչ ոք դուրս չմնար»,- եզրափակեց Հայկը և հավելեց, որ հպարտ է հոր վերջին ցանկությունն իրագործելու համար:

Հայկ Թութունջյանը նախատեսում է նաև անգլերեն լեզվով թարգմանել ու ինչպես ինքն ասաց` հենց վաղվանից էլ կսկսի զբաղվել այդ հարցով:

Արմեն Գրիգորի Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երևանում: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Նա համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։ Չիկոն մահացել է 2017 թվականի հունիսի 8-ին: 1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող։ 1992 թ. նա մի խումբ երիտասարդ երաժիշտների հետ ստեղծել է «Չիկոն և ընկերները» խումբը, որտեղ նվագել են Հանրապետության մի շարք հայտնի ջազային երաժիշտներ։ Խումբը գործում է ցայսօր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]