Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին հանդիպել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով ուսանողներին՝ արտգործնախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ Դիվանագիտական ակադեմիայի և ՄԳԻՄՕ-ի նման հեղինակավոր ուսումնական հաստատություններում ստացած որակյալ մասնագիտական կրթությունը գիտելիքների հարուստ պաշար կտա և ամուր հիմք կհանդիսանա նրանց հետագա գործունեության համար, լինի դա դիվանագիտական, թե այլ ասպարեզներում:

Զոհրաբ Մնացականյանը, ընդգծելով, որ ինքն էլ ուսանել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, նշեց, որ միջազգայնագետների պատրաստաման այս հեղինակավոր կրթօջախները հարյուրավոր հայ շրջանավարտներ են տվել, որոնցից շատերն իրենց կարևոր դերակատարումն են ունեցել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման գործում և ներկայումս էլ աչքի են ընկնում իրենց բարձր մասնագիտական որակներով ու հմտություններով ինչպես ԱԳՆ կենտրոնական ապարատում, այնպես էլ՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ ուսանողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային կարևորություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին և ռազմավարական փոխգործակցությանը, իր այցելության ընթացքում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին:

Հանդիպման ավարտին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]