Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի առաջին փուլը  

Մեկնարկեց Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի առաջին փուլը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն ամեն տարի անցկացվում է տարբեր երաժշտական մասնագիտությունների գծով: Այս տարի թավջութակահարների հերթն է, և դա  հատկանշական է, քանի որ Արամ Խաչատրյանն իր երաժշտական ուղին սկսել է թավջութակով: Մրցույթին մասնակցում է 16 թավջութակահար 9 երկրից:

Մրցույթն անցկացվում է երեք փուլով: Առաջին փուլի առաջին մրցութային օրը տեղի ունեցավ հունիսի 7-ին Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում: Ժյուրիի անդամներին ներկայանալու հնարավորություն տրվեց ութ թավջութակահարի, ևս ութը իրենց երաժշտական հմտությունները ժյուրիին ցուցադրելու հնարավորություն կունենան հունիսի 8-ին:

«Վաղը երեկոյան կիմանանք, թե ովքեր են անցել երկրորդ փուլ: Թե քանի երաժիշտ կանցնի կիսաեզրափակիչ՝ կախված է մասնակիցների կատարումներից ու տաղանդից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մրցույթի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը:

Նա հավելեց, որ մրցույթի այս տարվա պարտադիր ծրագրում ներառված են Խաչատրյանի Մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան և ըստ ընտրության՝ Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան:

2015 թվականին Գյումրու «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի Գրան Պրիի մրցանակակիր երիտասարդ թավջութակահար Միքայել Պետրոսյանն ասաց, որ միշտ ցանկացել է մասնակցել խաչատրյանական մրցույթին: «Ինձ համար դա նոր փորձառություն է: Լսել եմ բոլոր մասնակիցներին և պետք է խոստովանեմ, որ բավականին բարդ փուլ է սպասվում, քանի որ այս տարի ուժեղագույններն են մասնակցում»,-ասաց երաժիշտը:

Մրցույթի ժյուրիի նախագահը Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի ղեկավար Սուրեն Բագրատունին է: Ժյուրիի անդամները հեղինակավոր մասնագետներ են, որոնք ժամանել են տարբեր երկրներից: Մրցույթի պատվավոր նախագահն է լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ով կգա լսելու միայն երրորդ փուլի մասնակիցներին: Խաչատրյանի միջազգային մրցույթը 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, և դրա անցկացման կարգն իրականացվում է հստակ որոշված չափանիշներով:

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Խաչատրյանի 14-րդ մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով: Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի ցուցակում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների հանրահռչակմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am