1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետական գնումների կազմակերպման գործընթացում խախտումներ են արձանագրվել. հարուցվել է քրգործ

Պետական գնումների կազմակերպման գործընթացում խախտումներ են արձանագրվել. հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 26.09.17 թվականին կազմակերպած 2016-2017թթ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքների ներկայացման վերաբերյալ միջոցառման շրջանակներում, որին հրավիրված են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները, քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայտի ապահովման միջոցների գանձման գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Գնումների մասին» 2010թ. դեկտեմբերի 22-ի ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանվել է, որ մասնակիցը հայտով` հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը` տուժանքը, վճարում է մասնակիցը, եթե թույլ է տվել օրենքում նկարագրված մի շարք խախտումներ: 

Շրջանակային համաձայնագրերի կնքման դեպքում հայտի ապահովման չափը հավասար է գնումների բազային միավորին՝ 1.000.000 դրամ: 

Բարձրացված խնդրի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ. նոյեմբերի 30-ին լուծարվել է: Պարզվել է նաև, որ 2011-2017 թվականներին բազմաթիվ դեպքերում ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կայացրած որոշումներով տնտեսվարող սուբյեկտների համար հաստատվել են այնպիսի խախտումներ, որոնց դեպքում առաջանում է հայտի ապահովման վճարներ մուծելու պարտավորությունը: Մինչդեռ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, ունենալով հայտի ապահովման միջոցների վճարումն ապահովելու պարտականություն, չկատարելով իրենց ծառայողական պարտականությունները, միջոցներ չեն ձեռնարկել տնտեսվարող սուբյեկտներից համապատասխան գումարները գանձելու ուղղությամբ: Արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ: 

Ներկայումս աշխատանքներ են տարվում խախտման բոլոր դեպքերի և վնասի կոնկրետ չափի ճշգրտման ուղղությամբ: Մայիսի 5-ի դրությամբ արդեն իսկ հաստատվել է շուրջ 174 միլիոն դրամի վնասի առկայությունը, որը վերջնական հաշվարկների արդյունքում կարող է ավելանալ: Դատախազության կողմից խնդիրը վերհանելուց հետո ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ դատարան հայցեր է ներկայացրել հայտի ապահովման միջոցների գանձման վերաբերյալ: 

Նկատի ունենալով, որ նկարագրված իրավիճակում առկա են պաշտոնական լիազորությունների չարաշահման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]