Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 16 թավջութակահար 9 երկրից


 ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կատարողների միջոցով համաշխարհային երաժշտարվեստում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները հանրահռչակելու, դրանք տարածելու նպատակով Երևանում 14-րդ անգամ կանցկացվի Խաչատրյանի միջազգային մրցույթը: Մրցույթի բացման համերգային ծրագիրը տեղի կունենա հունիսի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), որպես մենակատար հանդես կգա հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Բացման արարողությունը ցուցադրվելու է «Medici.tv» հեռուստատեսությամբ, որը 1 200 000 հետևորդ ունի: Հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 14-ին:

Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեցին մրցույթի կազմակերպիչներն ու աջակիցները:

«ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունն այս ծրագրին բնավ պատահական չէ: Մրցույթը գոյություն ունի 14 տարի. դա խոսում է երաժշտարվեստում մրցույթի լուրջ դերակատարման մասին: Մեզ համար շատ կարևոր է մրցույթի միջոցով խաչատրյանական արվեստի հանրահռչակումը, քանի որ ամբողջ աշխարհում Արամ Խաչատրյանը ճանաչված է որպես համաշխարհային դասական, բայց հայտնի է ընդամենը մի քանի ստեղծագործությամբ: Այս մրցույթն առիթ է, որ հայ և արտասահմանցի մասնակիցների միջոցով տարբեր բեմերում հնչեն նրա բազմաթիվ գործերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:

Նրա խոսքով` մրցույթի դրական կողմերից մեկը դրա միջազգային հարթակ լինելն է, որտեղ տարբեր երաժիշտներ ծանոթանում են, համատեղ նախագծեր մշակում, իսկ կարևորագույն նպատակներից է երաժշտարվեստում տաղանդավոր դեմքերի բացահայտումը, ինչպես օրինակ՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն է, ով 2006-ին հաղթել է  մրցույթում:

Ամեն տարի մրցույթն անցկացվում է տարբեր երաժշտական մասնագիտությունների գծով: Այս տարի թավջութակահարների հերթն է, և դա  հատկանշական է, քանի որ Արամ Խաչատրյանն իր երաժշտական ուղին սկսել է թավջութակով: Մրցույթին կմասնակցի 16 թավջութակահար 9 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Դանիայից, Նորվեգիայից և այլն:

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը մրցույթի ձեռքբերումներից է համարում այն, որ դափնեկիրները հանդես են գալիս տարբեր բեմահարթակներում, հանրահռչակում են Խաչատրյանի անունը: «Այն փաստը, որ մեր մրցույթի հաղթողները առաջին տեղն են զբաղեցնում նաև Չայկովսկու անվան մրցույթում, խոսում է մրցույթի բարձր վարկանիշի մասին»,-եզրափակեց նա:

 Մրցույթի ժյուրիի նախագահ, Միչիգանի պետական համալսարանի պրոֆեսոր, լարային գործիքների ամբիոնի ղեկավար Սուրեն Բագրատունին ներկայացրեց տարբեր երկրներից Հայաստան ժամանած մրցույթի ժյուրիի անդամներին: Նա ասաց, որ յուրաքանչյուր մրցույթի իրենք ակնկալում են լավ երաժիշտներ և հրաշալի ելույթներ տեսնել: Մրցույթի պատվավոր նախագահն է լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ով կգա լսելու միայն երրորդ փուլի մասնակիցներին:

2006 թվականին Խաչատրյանի մրցույթի մրցանակակիր, Չայկովսկու անվան մրցույթում հաղթած թավջութակահար Նարեկ Հախնազարյանը խոստովանեց, որ Արամ Խաչատրյանի մրցույթում հաղթանակն իր առաջին կարևոր ձեռքբերումն էր: «Հայրենիքում հաղթելն ու ոսկե մեդալակիր դառնալն ինձ համար մեծ պատիվ էր: Շատ լավ հիշողություններ ունեմ ու հետևում եմ մրցույթին, դրա զարգացմանը և ուրախանում, որ այն ավելի բարձր կարգավիճակ է ձեռք բերում»,-նշեց երաժիշտը:

Մրցույթը 2013 թվականից Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, և դրա անցկացման կարգն իրականացվում է հստակ որոշված չափանիշներով:

Մրցույթը տեղի կունենա երեք փուլով. առաջին փուլ (7-8 հունիսի), կիսաեզրափակիչ (9-10 հունիսի) և եզրափակիչ (12-13 հունիսի)։ Առաջին և կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը`Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մրցույթի այս տարվա պարտադիր ծրագրում ներառված են Խաչատրյանի մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան և ըստ ընտրության՝ Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

 Խաչատրյանի 14-րդ մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով: Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի ցուցակում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ