Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանն արձանագրում է՝ ՀՀԿ-ն խորհրդարանում այլևս բացարձակ մեծամասնություն չունի

Արմեն Աշոտյանն արձանագրում է՝ ՀՀԿ-ն խորհրդարանում այլևս բացարձակ 
մեծամասնություն չունի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն արձանագրում է, որ խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունն այլևս բացարձակ մեծամասնություն չի կազմում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը, անդրադառնալով դիտարկմանը, թե 6 պատգամավոր արդեն հեռացել է ՀՀԿ խմբակցությունից, ինչը նշանակում է, որ խմբակցությունն ունի 52 մանդատ, բացատրեց, որ ՀՀԿ-ն այդպիսով զրկվում է բացարձակ և որոշիչ մեծամասնություն լինելուց: «Մեծամասնության տարբեր տեսակ է լինում խորհրդարանական կառավարման կառուցվածքի տեսակետից՝ սահմանադրական մեծամասնություն, որը մենք ունեինք նախորդ կոալիցիայի շրջանակում ՀՅԴ-ի հետ, լինում է բացարձակ մեծամասնություն, երբ որևէ քաղաքական ուժ ունի 50+1 ձայների քանակ. դա ՀՀԿ-ն էր մինչև այսօր, և կա պարզապես մեծամասնություն, որը խորհրդարանում ներկայացված քաղաքական որևէ ուժ ունի ամենամեծ ձայների քանակը, սակայն չի տիրապետում 50+1 ձևաչափին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն արդեն մեծամասնություն չէ, սակայն նկատեց, որ շարունակում են մնալ խորհրդարանում ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունը: «Այսինքն՝ ձայների քանակով առաջին խմբակցությունն ենք, սակայն եթե մնացած պատգամավորները միասնական քվեարկությամբ են հանդես գալիս, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»,- ասաց նա:

Աշոտյանը կարծիք հայտնեց, որ այս իրավիճակը պետք է դիտարկել քաղաքական բնական պրոցեսների տրանսֆորմացիայի հունի մեջ: «Ակնհայտ է, սակայն, որ ֆրակցիայից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է նաև պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով: Սա իմ անձնական կարծիքն է: Ակնհայտ է, որ այս գործընթացները գործադիր իշխանությունում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն է, և խորհրդարանն ավելի շատ է համահունչ դառնում հասարակական-քաղաքական տրամադրություններին այն առումով, որ գումարային որոշիչ ձայներն այլևս ՀՀԿ-ին չեն պատկանում: Սա, իհարկե, ենթադրում է, որ ոչ ՀՀԿ-ական բոլոր պատգամավորները՝ անկախները և այլ խմբակցությունների ներկայացուցիչները, այդ դեպքում պետք է միասնական քվեարկեն և ներկա լինեն քվեարկություններին: Քանի որ շատ փոքր է տարբերությունը ձայների, և,  անգամ եթե 1-2 պատգամավոր էլ լքի ՀՀԿ-ն, քվեարկության ժամանակ մոբիլիզացիայի խնդիր կա երկու կողմերից էլ»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը:  Պատգամավորի խոսքով՝ ռազմավարական տեսակետից ՀՀԿ-ն խորհրդարանում և ամբողջ քաղաքական դաշտում միակ ընդդիմությունն է: Արմեն Աշոտյանն ասաց, որ իրեն ծանոթ չէ որևէ արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը իրեն դիտարկում է որպես ընդդիմություն: «Սա նշանակում է, որ քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ ՀՀԿ-ի դիրքերը բյուրեղանում են, և սա կարևորում է նաև գործադիրի համար, որովհետև եթե մենք խոսում ենք ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության մասին, ակնհայտ է, որ ՀՀԿ-ն իր քաղաքական արժեքը վերաիմաստավորում է՝ այս դեպքում որպես քաղաքական բազմակարծություն ապահովող շատ կարևոր քաղաքական մարմին»,- ասաց նա:

Աշոտյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն լքող նոր պատգամավոր կլինեն: «Կարծում եմ, որ գործընթացը կարող է շարունակվել ոչ այն ծավալով, որ եղել է մինչ այսօր, սակայն չեմ բացառում, որ եզակի դեպքեր լինեն: Բոլոր դեպքերում ՀՀԿ-ն պահպանելու է իր թիվ մեկ քաղաքական խմբակցության դերը՝ լինելով ամենամեծ խմբակցությունն այս խորհրդարանում»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հունիսի 6-ին հայտարարել է Սամվել Ալեքսանյանը: Մինչ այդ խմբակցությունը լքել էին պատգամավորներ Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Արտակ Սարգսյանը: Այսպիսով, 2017 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 58 մանդատ ստացած ՀՀԿ խմբակցությունն այս պահին ունի 52 մանդատ, ինչը նշանակում է, որ խմբակցությունը զրկվում է բացարձակ և որոշիչ մեծամասնություն լինելուց:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]