Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել. քրգործի նախաքննությունն ավարտվել է

Առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել. քրգործի նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված հերթական քաղաքացու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել ՀՀ ոստիկանության ԱՎՎ Ջերմուկի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Մարիամ Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով բազմաթիվ անձանց կեղծ հիմքերով ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու դեպքերի առթիվ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ. Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, և նրա մասով քրեական գործն ուղարկվել էր դատարան:

Այնուհետև նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի շարք անձանց կողմից Ջերմուկի անձնագրային ծառայությունից առանց օրինական հիմքերի տրված անձնագրերն օգտագործելու մասին: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք միացվել և քննվել են մեկ վարույթում:    

Հիշյալ քրեական գործերից մեկով քննություն է տարվել Մ. Մկրտչյանի կողմից առանց օրինական հիմքերի և կեղծիքներով անձնագրավորված Արմեն Վեզիրյանի վերաբերյալ, ում անձնագրավորման հիմքերը անձնագրային ծառայության քարտադարանում բացակայել են: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մկրտչյանը Ա. Վեզիրյանին անձնագրավորել է առանց օրինական հիմքերի և նրա անձնագրում ակնհայտ կեղծ տվյալ է մտցրել Ջերմուկի Կետչուտ գյուղում վերջինիս հաշվառված լինելու մասին, մինչդեռ Ա. Վեզիրյանը Ջերմուկում երբևէ հաշվառված չի եղել և չի բնակվել: 

Ա. Վեզիրյանը օգտագործել է իր հաշվառման մասին ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող հիշյալ անձնագիրը, որը 2017 թվականի սկզբներին փոխանակման և այլ հասցեում հաշվառվելու նպատակով  ներկայացրել է Իսպանիայում ՀՀ դեսպանատուն:

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքի համար Արմեն Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Վեզիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:              

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]