Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լինեն մեր հասարակության լիիրավ անդամներ. Մանե Թանդիլյան

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լինեն մեր հասարակության լիիրավ 
անդամներ. Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գտնում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումը չպետք է լինի միայն իր ղեկավարած գերատեսչության խնդիրը: Նախարարն այն կարծիքին է, որ այդ գործում պետք է ներգրավված լինեն կրթության նախարարությունը, քաղաքաշինության պետական կոմիտեն, տրանսպորտի նախարարությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին: «Ես մտադիր եմ աշխատել այն ուղղությամբ, որ չստացվի, թե այս խնդիրը միայն մեր նախարարության լուծելու հարցն է: Մենք պետք է անենք այնպես, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լինեն մեր հասարակության լիիրավ անդամներ, օգտվեն ամեն ինչից: Այդ առումով մենք աշխատանքներ ենք տանում տարբեր հասարակական կազմակերպությունների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ նախատեսված էր «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին» օրենք ընդունել, սակայն ինքը մի փոքր հետաձգել է դրա ընդունումը՝ նպատակայնությունը հասկանալու համար: «Սա համատեղ աշխատանքի արդյունք պետք է լինի, որովհետև ինչպես նշեցի, տարբեր գերատեսչություններ պարտավոր են ներգրավված լինել այս հարցերի մեջ, որպեսզի կարողանանք լիարժեք կյանք ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նախարարին  խնդրեց այդ հարցում հետևողական լինել, որպեսզի այլևս ստիպված չլինեն նման հարց քննարկել:

Թեմային անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Տիկին նախարարը շատ ճիշտ նշեց, որ հատկապես սայլակով սակավաշարժություն ունեցող անձանց խնդիրը մեկ նախարարության խնդիր չի կարող լինել: Միանգամայն համաձայն եմ, որ քաղաքաշինական նորմատիվներով քաղաքաշինության կոմիտեն պետք է անի փոփոխություններ, տրանսպորտի ներմուծման հարցում տեխնիկական առաջադրանքներում պետք է դրվի հարցը, թե ինչ կահավորմամբ ավտոբուսներ պետք է ներկրվեն: Պետությունն այստեղ չի կարող իր ձեռքը մենաշնորհ վերցնել, որովհետև գործ ունի մասնավորի հետ, հետևապես այս առաջադրանքը պետք է լինի նաև մասնավորի առջև: Երևանում աշխատանքներ տարվում են, սակայն դա դեռ բավարար չէ: Երևանի խաչմերուկներում մոտ 3 հազար թեքահարթակներ արդեն կան, 20 ավտոբուսներ կահավորված են վերելակներով, ունենք վերելակով վերգետնյա անցում»,- մանրամասնեց Արեյանը:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը խնդիր է դրել, որ կառուցապատվող շենքը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Կամո Արեյանը խնդրահարույց է համարում այն, որ Խորհրդային Միության տարիներին կառուցված շենքերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ նոր կառուցվող շենքերը հիմնականում համապատասխանում են անհրաժեշտ նորմատիվներին: Նրա խոսքով՝ խնդիրն այստեղ է՝ թե ինչպե՞ս արդեն կառուցված ու շահագործվող շենքերը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Կամո Արեյանը գտնում է, որ սրա համար ժամանակ է հարկավոր, քանի որ խնդիրը շատ բարդ է: Միևնույն ժամանակ նա կարծիք հայտնեց, որ մի քանի նախարարությունների համատեղ աշխատանքի դեպքում հարցը կարող է ավելի արագ լուծվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]