Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի մզկիթում շարունակվում է վերականգնումը

Արցախի պեղավայրերում այս տարի կեռան հնագիտական պեղումները, Շուշիի 
մզկիթում շարունակվում է վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության երեք պեղավայրերում՝ Տիգրանակերտում, Նոր Կարմիրավանում և Քարին տակ քարանձավում այս տարի հնագիտական պեղումներ կիրականացվեն, իսկ 2017 թվականին մեծ հնչեղություն ստացած Շուշիի մզկիթի հետազոտական աշխատանքներն ավարտվել են, ու այնտեղ և Դադիվանքի վանական համալիրում կշարունակվեն վերականգնման աշխատանքները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը: Նրա խոսքով՝ Նոր Կարմիրավան գյուղում պեղումներն արդեն իսկ մեկնարկել են: «Պեղումների առաջին փուլն այս պահին արդեն ավարտել ենք, և շուտով կսկսենք երկրորդ փուլը»,-ասաց Երանյանը` հավելելով, որ պեղումների արդյունքների մասին կխոսի ուսումնասիրություններից հետո:

Նժդեհ Երանյանի խոսքով՝ Նոր Կարմիրավանում 2017 թվականին մեկնարկած հետախուզական պեղումները շարունակվել են մայիսի առաջին կեսին: «Պեղումների առաջին փուլում կարող ենք մի բան վավերացնել, որ այն ենթադրությունը, թե մարդակերպ կոթողներն իրենց նախնական կանգնեցման վայրում են, կարծես թե հաստատվում է, սակայն վերջնական եզրակացություն կլինի պեղումների ամբողջական ավարտից հետո»,-ընդգծեց նա:

Նոր Կարմիրավանի հանրահայտ կոթողները թվագրվում են մ.թ.ա. 8-6-րդ դարերով և ամենայն հավանականությամբ հանդիսանում են ռազմիկների կամ ռազմիկ-նախնիների գերեզմանակոթողներ, որոնք կանգնեցվել են դամբարանաբլուրների կամ հիմնահողային թաղումների վրա: Կոթողների շրջակայքում պեղումները սկսվել են 2016 թվականից։ 

Շուշիի  մզկիթում էլ, որտեղ առաջին անգամ պեղումներ են իրականացվել 2016 թվականին,  վերականգնման աշխատանքներ են իրականացվում, հետազոտական պեղումները մզկիթի տարածքում ավարտվել են: «Մզկիթի շրջակայքում պեղումներն անցկացվել են անցյալ տարի, քանի որ ցանկացած հուշարձանի տարածքում  վերականգնելուց առաջ պետք է հետազոտական աշխատանքներ անցկացնել: Շինարարներն այժմ  վերականգնում են մզկիթը»,-ասաց Երանյանը՝ հավելելով, որ Դադիվանքում, որտեղ ևս պեղումներն իրականացվել են 2017 թվականին:

Պեղումների արդյունքում ստորգետնյա կառույց է բացվել: Այստեղ ևս ընթացքի մեջ են վերականգնման աշխատանքները. պեղումների փուլը ավարտված է:

Նժդեհ Երանյանը վստահեցրեց, որ տարվա ընթացքում կլինեն նաև ոչ պլանավորված, անկանխատեսելի  պեղումներ:

Շուշիի Քարին տակ քարանձավում էլ պեղումներն ավանդույթի համաձայն կմեկնարկեն օգոստոսի սկզբին: Քարին տակի պեղումների արշավախմբի ղեկավար Լևոն Եպիսկոպոսյանը հույս հայտնեց, որ այս տարվա պեղումների արդյունքում լավ նմուշներ կհայտնաբերվեն: «Որքան շատ աշխատենք, այնքան շատ արդյունքներ, գտածոներ կունենանք»,-հավելեց նա:

Քարին տակ քարանձավից 2016թ. պեղումների ժամանակ 6.5 հազար տարվա վաղեմություն ունեցող մարդու ատամ էին հայտնաբերել:

Արցախի Տիգրանակերտում պեղումները կմեկնարկեն հուլիսի կեսերին եւ կշարունակվեն մինչև օգոստոս: Տիգրանակերտում Արցախի հնագիտական արշավախումբն այս տարի պեղումներ կիրականացնի ժայռափոր ջրանցքի տարածքում, կշարունակվեն նաև անտիկ դամբարանադաշտի պեղումները: Ուշագրավ է, որ ջրանցքի պատերի վրա պահպանվել են 9-11-րդ դարերի խաչապատկերներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]