Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վիգեն Հովսեփյանը կհնչեցնի հայկական և իսպանական սիրված երգեր

Վիգեն Հովսեփյանը կհնչեցնի հայկական և իսպանական սիրված երգեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ժողովրդական և իսպանական հանրահայտ մեղեդիները հետաքրքիր մեկնաբանությամբ կմատուցվեն երիտասարդ ստեղծագործող Վիգեն Հովսեփյանի մենահամերգին, որը տեղի կունենա հունիսի 17-ին «Կամի» ակումբում:

Կայանալիք համերգի և այլ թեմաների շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երգչի հետ:

«Յուրաքանչյուր համերգային ծրագրի շրջանակում փորձում ենք նոր երգեր ներկայացնել. այդ դեպքում այն և՛ մեզ, և՛ երաժշտասերների համար ավելի հետաքրքիր է դառնում: Այս անգամ կատարելու եմ նաև «Իմ աղջիկ» նոր ստեղծագործությունը, որն ինձ է նվիրել իմ լավ ընկեր երգահան Լիանա Թորոսյանը: Նա երգի երաժշտության և խոսքերի հեղինակն է: Այդ ստեղծագործությունը գործիքավորման լայն հնարավորություններ է ընձեռում: Այն նուրբ հայկական մոտիվներ ունի, բայց կարող ենք նաև իսպանական մոտեցմամբ մատուցել»,-ասաց Հովսեփյանը և հավելեց, որ գուցե երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանվի:

«Հայտնի ժողովրդական երգերը նոր գործիքավորմամբ ու ոգով ներկայացնելուց բացի, ցանկանում  եմ հեղինակային գործունեություն ծավալել»,-շեշտեց նա:

Վիգեն Հովսեփյանի, երաժիշտներ Հակոբ Օրդաքյանի, Արման Փեշտմալջյանի, Հարություն Չկոլյանի, Արթուր Բալջյանի, Գուրգեն Էբեջյանի հետ կհամագործակցի «Los Reyes» խմբի կիթառահար Տիգրան Այվազյանը, ով, Վիգեն Հովսեփյանի խոսքով, նոր գույն է բերում խումբ և նոր գործիքավորում իրականացնելու հնարավորություն տալիս:

Իսպանալեզու հանրահայտ ու սիրված «Un amor», «Marina», «Tu Frialdad» և այլ երգերից բացի, համերգին կհնչեն ժողովրդական «Դրդո», «Սարերի հովին մեռնեմ» և այլ գործեր, որոնք ընգրկված են երգչի առաջին՝ «Արձագանքներ» («Echoes») ձայնասկավառակում:

Անդրադառնալով սկավառակին` Հովսեփյանը խոստովանեց, որ այն հաջողված է համարում, քանի որ իր երազանքների արտացոլումն է: «Ինչ պատկերացրել եմ, այն, ինչ կուտակվել է իմ մեջ, արտահայտվել է այդ ալբոմում:  Ճիշտ է` Հայաստանում այն լայն ճանաչում չունի, բայց 2017 թվականին ընդգրկվել է «New York music daily» պարբերականի լավագույն 50  ձայնասկավառակների ցանկում:

«Գուլո» ստեղծագործությունը ներառվել է «New York music daily»-ի հարյուր լավագույն երգերի շարքում: Ինձ համար լուրջ ցուցանիշ է այն, որ օտար հարթակում հայկական ժողովրդական երգերի ձայնասկավառակն ու երգը ինչ-որ տեղ են գտնում. կարծում եմ` դա լավ արդյունք է»,-անկեղծացավ երգիչը:

Վիգեն Հովսեփյանը խոսեց նաև իր հյուրախաղերի մասին` շեշտելով, որ 2017 թվականին խմբի հետ առաջին շրջագայությունն է կատարել Եվրոպայում՝ հայկական ժողովրդական երաժշտություն ներկայացնելով Փարիզում, Լոնդոնում և Բարսելոնում: «Ի ուրախություն ինձ` մեզ լսելու էին եկել օտարազգիներ. դա ինձ շատ է ոգևորում: Երբ իմ միջոցով հայկական երաժշտությանն է ծանոթանում օտարը, ասես փոքր, բայց կարևոր բան եմ անում:

Այս տարի մարտին երկու համերգային ծրագրով ելույթ ունեցանք Լոս Անջելեսում: Շուտով կրկին նախատեսվում են համերգային ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում»,-պատմեց Հովսեփյանը:

Երգիչն այս տարվա մայիսի 7-ին համացանցում հրապարակեց «Հալա-հալա» ժողովրդական երգը, որը շատ սիրվեց հանրության կողմից: «Ի սկզբանե նախատեսված էր նաև տեսահոլովակ նկարահանել, սակայն չստացվեց: Այն համացանցում տարածելով` ցանկացա ոգևորել ժողովրդին երկրում իրականացվող ներքաղաքական իրադարձությունների հետ կապված»,-ընդգծեց նա:

Խոսելով թավշյա հեղափոխության և դրա տված դրական լիցքերի մասին` երգիչն ասաց, որ լավ է` մարդիկ դրական էներգիայով են տրամադրված այդ փոփոխությունների հանդեպ, բայց պետք է հասկանալ, որ փոփոխություններ նախկինում էլ կարող էին լինել, քանի որ շատ բան անհատից է կախված: «Մենք չենք կարող մարդկանց ստիպել, որ վատ երաժշտություն չլսեն, մենք պետք է լավը մատուցենք ու ապացուցենք, որ այլընտրանք կա: Հեղափոխությունը նոր լիցքեր է տվել մարդկանց, բայց անգամ այն ժամանակ, երբ ես դեռ Իսպանիայում էի ապրում, ասում էի, որ պետք է հզոր պետություն դառնանք, քանի որ խելացի ենք: Միշտ եմ այդ մտքով ապրելու և միշտ կրկնում եմ, որ մենք կարող ենք»,-եզրափակեց Վիգեն Հովսեփյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]