1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի պետությունն ու հասարակությունը համակողմանիորեն կլուծեն բոլոր խնդիրները. Շահան Գանտահարյան

Արցախի պետությունն ու հասարակությունը համակողմանիորեն կլուծեն բոլոր խնդիրները. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Արցախում օրերս տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ. 

«Ստեփանակերտում անվտանգության ծառայողների եւ քաղաքացիների միջեւ ծագած կենցաղային վեճը, որը ավարտել է ծեծկռտուքով, գրավեց ինչպես հայրենական, այնպես նաեւ սփյուռքյան հասարակության ուշադրությունը: 

Միջադեպը այնքան ուշագրավ չէր, որքան դրան իբրեւ բողոքի հակազդեցություն կազմակերպված բողոքի ցույցը, որը իր հերթին առիթ տվեց հակացույցի: Հետեւողների ենթագիտակցությունում ձեւավորվեց այն համոզումը, որ նման միջադեպեր նախապես եւս տեղի էին ունենում, սակայն դրանք տեղի չէին տալիս բողոքի ժողովրդային դրսեւորումների. մտածել տալով, որ շարժառիթը այս բոլորի ձեւավորման մեջ վերջին իրադարձությունների մանրանկարային նմանակներ ստեղծելու ճիգի մեջ է կայանում: 

Հասարակություն-իշխանություն կապը այս դեպքում գործեց արագ եւ կարելի է ասել նաեւ անմիջական ու որոշակի առումով նաեւ արդյունավետ: Բողոքառուների հանդիպումը պետքարտուղարի եւ ապա իրենց ներկայացնող պատվիարկության հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահի հետ նախանշեց, որ խնդիրները համակողմանիորեն քննարկելու եւ մեղավորներին օրենքի առջև կանգնեցնելու վճռակամություն է ցուցաբերվում: 

Կարելի է ասել, որ բոլորովին անտեղի չէին այն զգուշացումները, որ ներքին կայունության խնդրո առարկա դառնալը կսրի հակառակորդի ախորժակները եւ առ այդ, պետք է բացառել ցույցերի համաժողովրդայնացումը: Միաժամանակ, սակայն որեւե բողոքի օրինական դրսեւորում բացառելը նույն նպատակով կարող էր մեկնաբանվել անարդար քայլերի դեմ հրապարակային բողոքելու իրավունքի արգելակմամբ: 

Անվտանգության ուժային կառույցների պատասխանատուների հրաժարականների պահանջները ցուցարաների կողմից` առավելապաշտ լինելու տպավորություն թողեցին: Ի վերջո, պետական բարձրագույն դիրքերից հնչեց բոլոր օրինախախտներին, ընդ որում պետական պաշտոնյաներին, համապատասխան տույժերի ենթարկելու անհրաժեշտությունը: 

Անտեղին այս դեպքում՝ նման միջադեպերով ստեղծված իրավիճակը կայունացնելու նպատակով պաշտոնական Երեւանը ներքաշելու ուղղակի կամ անուղղակի ակնկալություններն են: 

Որքան նախանձախնդիր պետք է լինել, որ նման միջադեպերը բացառվեն, կանխարգելվեն եւ չահագնանան սպառնալով երկրի կայունությանը, նույնքան նաեւ այս դեպքում ոչ միայն մարդու իրավունքների, բռնության բացառման կամ օրենքի գերակայության առաջադրանքներով, այլ նաեւ զուտ քաղաքական մոտեցման գերակշռումով միջամտության ակնկալություններին կամ ահազանգերին չափազանցումներին տեղի չպետք է տալ: 

Արցախը աշխարհին ներկայացել է իբրեւ իրողապես անկախ երկիր ու պետություն, որը ինքնուրույն իր հասարակությունը կառավարելու բոլոր նախադրյալներն ունի, որն ունի իշխանություն, իրավապահ մարմիններ, որոնք հարգելով իրենց քաղաքացիների իրավունքները, ի վիճակի են վերահսկել իրավիճակը եւ հարցերին տալ բարվոք, օրինական լուծումներ: 

Հետեւաբար կոչ անել միջամտելու եւ նախկին օրինակների հիշեցումով ընդգծել միջամտության անհրաժեշտությունը, քաղաքական իմաստով նաեւ ոչ միայն ժամանակավրեպ է, այլ նաեւ ոչ օգտակար դեպի իրավական ճանաչման ճանապարհ անցած իրողապես անկախ ԱՀ-ին: 

Մինչ այժմ դրսեւորված մոտեցումները, իշխանությունների բաց, անմիջական հաղորդակցելը ցուցարարների պատվիարկության հետ, բանակցությունները եւ համակողմանիորեն օրինական ճանապարհով հարցերը լուծելու սկզբունքային մոտեցումները համոզում են, որ իրոք Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է եւ կամքն ու միջոցները ունի ներարցախյան խնդիրները լուծելու: 

Արցախը, բոլորից ավելի, թե՜ իբրեւ պետություն եւ թե՜ իբրեւ հասարակություն գիտակից է մի կողմից կայունությունն ու անվտանգությունը գերադասելու, մյուս կողմից քաղաքացիների դեմ բռնություն կիրառածներին կամ ընդհանրապես բոլոր օրինախախտներին պատասխանատվության կանչելու: 

Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ անգամ Երեւանի միջամտությունը այս դեպքում, ՀՀ-ից նեղ կախյալության համազոր արարք է, ինչը չի նպաստում ԱՀ-ի իրավական ճանաչմանը միտված աշխատանքներին: Այս դեպքում եւս Ստեփանակերտը փաստում է, որ խոսքը ժողովրդավար հիմունքներով կառավարվող երկրի մասին է: 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]