1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում միջադեպերի քաղաքականացումը և տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով. Բակո Սահակյան

Արցախում միջադեպերի քաղաքականացումը և տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Նախագահը նշել է, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը պետության կողմից դատապարտվել է, որակվել անթույլատրելի եւ ստացել իրավական գնահատական:

«Հետաքննությունը անվերապահորեն տարվելու է օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան եւ հնարավորինս հրապարակային՝ հանրությանը պարբերաբար իրազեկելով ընթացքի մասին: Բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել է իր խոսքում Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր երկրում անընդունելի են ինչպես նման միջադեպերը, այնպես էլ դրանց քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները, որոնք հղի են հասարակությունը պառակտելու վտանգով:

«Այս համատեքստում ես կուզենայի հատուկ դիմել մեր ժողովրդին՝ ապավինելով նրա իմաստնությանը, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, սթափություն, բազմակողմանի հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու եւ ճիշտ որոշումներ ընդունելու, կարեւորագույն հարցերի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունք դրսեւորելու ունակությանը: Մեզ համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, միասնականությունը եւ համախմբվածությունը, պետական հիմքերն անսասան պահելը, երկրի անվտանգության եւ պաշտպանունակության հետեւողական բարձրացումը, մեր քաղաքացիների աշխատանքի եւ կյանքի խաղաղ պայմանների ապահովումը, ժողովրդի կենսապայմանների բարելավման նպատակով կարեւորագույն սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը»,- շեշտել է Բակո Սահակյանը:

Նախագահի խոսքով՝ իշխանությունները, պետական կառավարման օղակները պարտավոր են ցուցաբերել պատասխանատվության առավելագույն աստիճան առկա խնդիրների լուծման գործում` այս ուղղությամբ իրականացնելով սկզբունքային, հետեւողական ու քրտնաջան աշխատանք:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]