Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի տիկինը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ քննարկեց ապագա լրագրողներին հուզող հարցերը

ՀՀ վարչապետի տիկինը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ քննարկեց ապագա լրագրողներին հուզող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 4-ին հանդիպեց Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ` պատասխանելով նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ամենատարբեր ոլորտներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ուսանողներից մեկի հարցին` թե արդյո՞ք կարող է պրոֆեսիոնալ լրագրողներին խոչընդոտ հանդիսանալ անհատ քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերում տեղեկություն տրամադրումը, վարչապետի տիկինը պատասխանեց, որ սոցիալական ցանցերում անհատ քաղաքացիների «լրագրողական գործունեությունը» ոչ միայն  չի խոչընդոտում պրոֆեսիոնալ լրագրողներին, այլ նաև օգնում է:

«Անհատ քաղաքացիներն, ովքեր, ըստ էության, նաև լրագրողական գործունեություն են ծավալում իրենց սոցիալական էջերում` նկարահանում են տեսանյութեր, տեղեկություն տրամադրում: Այդպիսով  նրան ոչ թե խոչընդոտում են պրոֆեսիոնալ լրագրողներին, այլ մեծապես օգնում են»,- ասաց Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը, ով նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է, գտնում է,  որ նույնիսկ տեխնիկապես հագեցած լրատվամիջոցները միշտ չէ, որ կարող են ամեն տեղ իրենց ներկայությունը ապահովել:

«Այդ գործունեությունը անհատ քաղաքացիների անհատական նախաձեռնությամբ պայմանավորված  մեծապես նպաստում է լրագրողական աշխատանքին, առնվազն այն իմաստով, որ լրագրողները տեսնում են, որտեղ ինչ է կատարվել և կարող են գնալ հետքերով: Այս մասին խոսելով՝ կարող ենք բերել օրինակներ վերջին շրջանի իրադարձությունների հետ կապված: Բազմաթիվ լրատվամիջոցների լրագրողներ ուղղակի գրառում էին կատարում, հարցնելով քաղաքացիներին, որ փոխանցեն, թե որ հատվածներում ինչ ճանապարհ կա փակ: Լրատվամիջոցներում բազմաթիվ նյութեր կհանդիպեք, որոնք սիրողական նկարահանումներ են և որոնք շատ արժեքավոր տեղեկություն են կրում: Ուստի անհատ քաղաքացիների աշխատանքը ոչ միայն չի խոչընդոտում լրագրողներին, այլ նաև օգնում»,- ասաց Հակոբյանը:

Աննա Հակոբյանին ուսանողները նաև հայտնում էին տարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին:

Վարչապետի տիկինը նշեց, որ ուսանողները կարող են նաև օգտագործել մամուլի ուժը, և այդ խնդիրները ավելի արագ լուծում կստանան:

«Ցանկանում եմ հիշեցնել մամուլի ուժի մասին և բոլորին ուղղորդել դեպի մամուլ: Ցանկացած լրատվամիջոցի հայտնեք ձեր մտահոգությունները, ձեր ծրագիրը, և դա շատ ավելի արագ կհասնի պաշտոնյաներին»,- եզրափակեց Հակոբյանը:

Լուսանկարը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]