Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ՊԵԿ-ն ուսումնասիրություններ կիրականացնի սուպերմարկետների կողմից գների բարձրացման դեպքում


ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեն գնագոյացման հետ կապված գործառույթ չունի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Երևան սիթի»-ն և մյուս առևտրային ցանցերն անցնեն ավելացված արժեքի հարկ վճարելու պրակտիկային, և դրա արդյունքում գները կտրուկ աճեն, Անանյանը նշեց. «Ես էլ եմ նման գնահատականներ լսել: Նաև Վահրամ Բաղդասարյանն էլ մի միտք էր արտահայտել, որ ժամանակին ինչ-որ պայմանավորվածություններ են եղել խուսափելու համար, որ 50-60 տոկոս գների աճ չլինի: Խնդիրն ավելի պարզ ու հասարակ է. եթե մենք ասում ենք, որ տնտեսավարողները պետք է գործեն օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ գյուղմթերք ու մսամթերք վաճառող սուպերմարկետը պետք է իր հարկը վճարի ամբողջ ծավալով»:

Նրա խոսքով, եթե օրենքի դաշտ գալու արդյունքում 50-60 տոկոսով գների աճ կլինի, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութները ավելի շատ մրցունակ կլինեն շրջանառության հարկի պայմաններում:

«Սուպերմարկետները ժամանակին մտածել են, որ իրենք պետք է մրցակցեն նաև իրենց հարևանությամբ գործող փոքր ու միջին կազմակերպությունների հետ՝ արհամարհելով մասշտաբի էֆեկտը: Այդպես չէ: Մենք մտածում ենք, որպես ՊԵԿ, որ եթե գները բարձրանան, մենք ուղղակի ուսումնասիրություններ կանենք, որպեսզի համոզվենք՝ գների բարձրացումը որքանով է արդարացված կամ արժանահավատ: Եթե պարզվի, որ այդպիսի հարկման դաշտ տեղափոխումը կարող է նման գնագոյացում առաջացնել, մենք որեւէ խնդիր չենք տեսնում: ՊԵԿ-ը գնագոյացման հետ կապված որեւէ գործընթացի հետ կապ չպետք է ունենա: Եթե մենք աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում և տեսնում ենք, որ դա բերում է խնդիրների ու օրենքը վերանայելու անհրաժեշտություն կա, նման առաջարկներով կարող ենք ֆինանսների նախարարության հետ համագործակցել, որ օրենսդրությունը փոխվի: Քանի դեռ օրենքը գործում է, լավը լինի, թե վատը, բոլորը պարտավոր են գործել դրա շրջանակում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Անանյանը:

Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ բացահայտել մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Ձեռքբերված նախնական տվյալներով պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ»: Ըստ ԱԱԾ-ի, «Ալեքս Հոլդինգը» իր աշխատակիցների, նրանց ծանոթների անվամբ գրանցել է 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ:

Մասնագետները կարծում են, որ եթե սուպերմարկետները գյուղմթերքի համար սկսեն վճարել շահութահարկ, այդ ապրանքների գները կավելանան:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ