Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոմպոզիտորների միության նախագահը մեկնաբանել է իր գործունեության շուրջ մի խումբ կոմպոզիտորների հնչեցրած քննադատությունը

Կոմպոզիտորների միության նախագահը մեկնաբանել է իր գործունեության շուրջ մի 
խումբ կոմպոզիտորների հնչեցրած քննադատությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միության մի խումբ անդամներ,դժգոհում են կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի աշխատելաոճից և ցանկանում են հեռանալ միությունից: Մեկնաբանելով իրավիճակը՝ Արամ Սաթյանն ասում է, որ միության յուրաքանչյուր անդամ  անհատ է և  կարող է որոշել՝ լինե՞լ միությունում , թե՞ ոչ։

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է երկու կողմերի ներկայացուցիչների հետ:

Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը շեշտեց, որ իր դժգոհության պատճառները ևանձնական են, ևընդհանուր: «Արդեն երկու տարի  էՀայաստանում ընդհանրապես չեն հնչել իմ ստեղծագործություններըԴժգոհ եմ Սաթյանի սխալ կազմակերպած աշխատանքից, հնչող անորակ երաժշտությունից: Երբ միությունը փառատոներ է իրականացնում, շեշտը դնում է միջակությունների վրա: Այս  հարցերի շուրջ բազմիցս զրուցել եմ Սաթյանի հետ, նա ընդունում է բացթողումները, սակայն շարունակում է վարվել այնպես, ինչպես Հայաստանի կոմպոզիտորների միության նախկին նախագահը»,-ասաց Բաբայանը:

Նա շեշտեց, որ եղել է Միության Սիմֆոնիկ և Կամերային երաժշտության մասնաճյուղի ղեկավարը, սակայն անցյալ տարի հրաժարվել է այդ պարտականությունից, իսկ Սաթյանը խնդրել է իրեն վերադառնալ` նշելով, որ ինքը լավ է անում իր գործը: «Ես համագումարից առաջ ետ եկա, սակայն Սաթյանը շարունակեց նույն քաղաքականությունը»,-պատմեց Բաբայանը:

Վահրամ Բաբայանը կոմպոզիտորների միությունից հեռանալու դիմում գրել է անցյալ տարի, սակայն Արամ Սաթյանը դիմումը դեռ չի հաստատել:

«Միության նախագահը չի հաստատել այն` պատճառաբանելով, որ չի ցանկանում` ես դուրս գամ միությունից»,-եզրափակեց Բաբայանը:

Արամ Սաթյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է կոմպոզիտորների միությունը։ «Այն հասարակական կազմակերպություն է, որը օժանդակում է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման գործընթացին, նպաստում հայ երաժշտության տարածմանը, սակայն չունի այն հսկա ֆինանսական աջակցությունը, որը կար Խորհրդային տարիներին։ Միության յուրաքանչյուր անդամ անհատ է և կարող է որոշել՝ լինել միությունում  կամ ոչ։ Այսինքն, այստեղ ոչ մի պարտադրանք չկա ու չպետք է լինի միության անդամակցության հարցում։ Առավել ևս, միության անդամների մեծ մասն արդեն իսկ տարիքով ու կայացած կոմպոզիտորներ, երաժշտագետներ են, հասուն մարդիկորոնք ունեն անցած մեծ ճանապարհ և ազատ են ինքնուրույն դատելու և  որոշում կայացնելու մեջ»,-շեշտեց նա։
Սաթյանն ասաց, որ հարգում է Վահրամ Բաբայանին, նրա ծավալած գործունեությունը, սակայն  չի կարող չանդրադառնալ այն փաստին, որ հենց Բաբայանն է եղել միության Սիմֆոնիկ և Կամերային երաժշտության մասնաճյուղի ղեկավարը: «Իմ ղեկավարման 5 տարվա ընթացքում բազմաթիվ անգամ հնչել են Բաբայանի գործերը` սկսած 2014 թվականին մեր կողմից կազմակերպված ԱՄՆ-ում համերգներով, վերջացրած ուղիղ մի քանի ամիս առաջ՝ նախորդ տարվ ավարտին Վրաստանում կայացած հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնով, որտեղ, ի դեպ, հայկական փոքր պատվիրակության մեջ ընդգրկված էր նաև Բաբայանը։ Էլ չեմ ասում նրա սիմֆոնիկ գործերը, որոնք ամենամյա բոլոր փառատոններին (բացառությամբ՝ նախորդ) հնչել են նվագախմբերի մասնակցությամբ։ Իսկ նախորդ տարվա ծրագրում նույնպես ընդգրկված էր, սակայն դուրս մնաց ոչ թե իմ, այլ դիրիժորի «մեղքով», քանի որ ծրագրային մասով նվագախումբը չէր հասցնում պատրաստվել։ Իր գործի հետ դուրս մնաց նաև մեկ այլ սիմֆոնիկ ստեղծագործություն։ Նա անգամ արժանացել է Միության «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխության հաղթողի կոչմանը․․․Սա  միայն մի մասը։ Եվ եթե պետք է նման կոմպոզիտորը բողոքի, ապա փաստորեն աշխարհը շուռ է եկել մեր կողքին»,- ընդգծեց միության նախագահը։

Սաթյանը նաև անդրադարձավ այլ լրատվամիջոցներում կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանի, Աշոտ Բաբայանի հնչեցրած քննադատություններին:

«Վարդան Աճեմյանի արված արտահայտությանը, թե Միությունից տասնյակ կոմպոզիտորներ են դուրս եկել, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։ Պետք է երևույթին նայել փաստերով:

Այդ մարդը, ով իմ ընկերն էր երկար տարիներ, ով համարվում էր միության ղեկավար մասի՝ խորհրդի անդամ, հանկարծ վերջին պահին (անցյալ տարի) որոշում է մասնակցել ԿՄ ընտրությանն ու պարտվում։ Ցավալի է, որ այդ մարդը, ում ստեղծագործությունները բազմաթիվ անգամ հնչել են մեր փառատոններին, լինելով ղեկավար մասի անդամ ու ունենալով հնարավորություն բարձրաձայնելու բացթողումները, որոնց պատասխանատուն փաստորեն և ինքն էր, չի կարողանում պարտությունից հետո համակերպվել այդ մտքին, ուստի և չի գալիս միություն։ Իրեն անգամ զանգել և հրավիրել են, զանգել, կանչել են միջոցառման, նա ինքն է հրաժարվել գալ։ Քավ լիցի, Աստված իր հետ։ Մենք չենք պարտադրում ոչ մեկի։

Իր կողմից հիշատակված գրող կոմպոզիտորներից Մհեր Նավոյանը, ով երաժշտագետ է, Միության գործունեությամբ չի հետաքրքրվում արդեն մի քանի տարի, երբ ես դարձա միության նախագահ կարելի է ասել՝ հենց հաջորդ իսկ օրվանից։ Բնական է, որ մարդկանց հայացքները կարող են չհարել իմ որդեգրած հայացքներին, առավել ևս իր պարագայում, երբ ինքը հանդիսանում էր Ռոբերտ Ամիրխանյանի թիմակից և նրա՝ որպես նախագահ ընտրվելու ջատագովը»,-շեշտեց Սաթյանը։

Խոսելով Աշոտ Բաբայանի դեռևս չորս տարի առաջ միությունից հեռանալու դիմումի մասին` միության նախագահը ասաց, որ այդ մարդն իր տեսակով միշտ ամեն ինչից բողոքում է, ասում, որ միության անդամ չէ, բայց միշտ ակտիվ գալիս է  նիստերին: «Նա հարցեր է բարձրացնում, նաև հնչում փառատոններին, հետո գալիս, առաջարկում իր գործերից բաղկացած համերգին ընդառաջենք, ընթացք տանք, հետո նորից ինչ-որ բաներ խոսում, այնպես որ այս դեպքում մեկնաբանելն անիմաստ է, ես իրեն միմիայն լավն եմ մաղթում»,-ասաց Սաթյանը։

Կոմպոզիտորներից շատերը անհանգստություն են հայտնել նաև Դիլիջանի ստեղծագործական տան վերաբերյալ` նշելով, որ իրենք կորցնում են այն ու պետք  փրկել իրավիճակը: «Այդ մասին խոսողները թող քաջություն ունենան, թուղթ ու գրիչ վերցնեն և եթե իրենց հիշողությունն իրենց չի դավաճանի, լրագրողների հետ գնան Դիլիջան ուսումնասիրեն ստեղծագործական տունը ու տեսնեն, թե ինչն է ավելացել, ինչպիսի վերակառուցումներ են ընթանում, ընթացել, ինչպիսի մեծ քայլերով զարգացում է ապրում Դիլիջանն այս վերջին տարիներինքանի քոթեջ էր նման մի «մեծ սանհանգույցի» և քանիսն է հիմա լավ վիճակում գտնում։ Էլ չասած այստեղի Դեմիրճյան 25 շենքի վերանորոգումը, որն առաջին անգամ է արվել հիմնադրումից ի վեր։ Այնպես որ նման մարդկանց ես խորհուրդ կտամ անտեղի ժամանակ չծախսել, չքայքայել իրենց նյարդերն ու գործով զբաղվել, գոնե երաժշտություն գրեն, որովհետև միայն չկամեցող մարդը կարող է չտեսնել այն մեծ փոփոխություններն ու առաջընթացը, որը կա միությունում»,-հորդորեց Սաթյանը:

Նա խոստովանեց, որ ընդունում է, որ վերջին ամիսներին միության ֆինանսական վիճակը վատթարացել է` երկրի ներքաղաքական իրավիճակից ելնելով, քանի որ երեք ամիս դադարեցվել է միության ֆինանսավորումը, որն արվում էր նախագահի պահուստային ֆոնդից։ «Ողջ անձնակազմը միայն իր նվիրումի, սրտացավության շնորհիվ է գալիս աշխատանքի ու միասին փորձում ենք ելքեր գտնել, որ միության ֆինանսավորումը վերականգնվի ու շարունակվի ստեղծել հնարավորություններ, որպեսզի դարձյալ հնչի հայ երաժշտությունը։ Սրտացավ մարդն իր լծակները կփորձի ներդնել՝ ի օգուտ միության, այ այս դեպքում միայն կերևա սրտացավությունը, այլ ոչ ամեն պատեհ անպատեհ առիթով բողոքել»,-եզրափակեց Արամ Սաթյանը։


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]