Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երեխայի այս կամ այն սեռին նախապատվություն տալու կարծրատիպը կոտրվում է

Երեխայի այս կամ այն սեռին նախապատվություն տալու կարծրատիպը կոտրվում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պտղի սեռով պայմանավորված աբորտների թիվը նվազել է: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը, եթե 2011 թվականի հետազոտությունը ցույց էր տալիս, որ հանրապետությունում 100 աղջկա դիմաց ծնվում էր 115 տղա, ապա 2017 թվականի վիճակագրության համաձայն, այդ տարբերությունը նվազեց և հիմա 100 աղջկա դիմաց ծնվում է 110 տղա: Դրական տեղաշարժ կա այս ցուցանիշում, սակայն բնական ցուցանիշը հաշվվում է 100 աղջկա դիմաց 102-107 տղա: 2011 թվականի հետազոտության արդյունքներով 100 աղջկա դիմաց 115 տղա հարաբերակցության պարագայում տարեկան չէր ծնվի 2000 աղջիկ երեխա, այսինքն՝ ապագա մայր: Եթե այս ցուցանիշը պահպանվեր, ապա չծնվող մայրերի թիվը կավելանար:

«Մեր հասարակությունում էապես նվազել է այն մարդկանց թվաքանակը, ովքեր առավելություն են տալիս երեխայի այս կամ այն սեռին: Եթե 2011 թվականին հետազոտությունը ցույց էր տալիս, որ հարցվածների միայն 35 տոկոսի համար կապ չուներ, թե ինչ երեխա կծնվի, ապա 2016 թվականի հետազոտությունը ցույց տվեց, որ այդ ցուցանիշը կազմում է 80 տոկոս»,-ասաց Արմեն Գալստյանը:

Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են, սակայն Արմեն Գալստյանը նշեց, որ միայն քարոզչական գործունեությունը բավարար չէ, անհրաժեշտ է կարգավորել ինստիտուցիոնալ խնդիրները: Դրանցից մեկը կանանց տնտեսական սոցիալական հավասարության ապահովումն է:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի խոսքով՝ դրական ցուցանիշները խոսում են այն մասին, որ ճիշտ ուղու վրա ենք, սակայն հաշվի առնելով այն, որ գործ ունենք վարքագծային փոփոխության հետ, հետևաբար շարունակական աշխատանք է պահանջվում:

«Մեզ հաջողվեց բացատրել, որ խնդիրը ոչ թե առողջապահական է, աբորտներն են, այլ աղջիկ երեխայի թերաժևորումը և տղա երեխային նախապատվություն տալն է: Մեզ հաջողվեց շատ փորձագետների, կազմակերպությունների, պետական կառույցների բերել մի սեղանի շուրջ և նույն ուղերձով աշխատել: Մենք շարունակելու ենք այդ աշխատանքը»,-ասաց Ծովինար Հարությունյանը:  

Ծնելիության խթանման ուղղությամբ, ոլորտում աշխատանքներ իրականացնելու գործում, ըստ Արմեն Գալստյանի, որոշակի զգուշավորություն է պետք: Մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է հասարակության համար հաճո գործիքներով ինչ-որ բանի հասնելուն:

« Նպաստների նոր չափաքանակ է մտցվում, օրինակ՝ հիմա խոսվում է 2-րդ երեխայի համար 100 հազար դրամով միանվագ նպաստի չափի ավելացման մասին: Սա ավելի շատ սոցիալական աջակցություն է: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ ժողովրդագրական խնդիրների լուծման գործում նման գործիքներն արդյունավետ չեն»,-ասաց Արմեն Գալստյանը: Նա կարևոր է համարում այն, որ երեխա ունեցող մայրերը չկանգնեն «կամ-կամ» ընտրության առաջ: Այն է՝ կամ մնան տանը երեխային պահեն մինչև 3 տարեկան, կամ որոշեն երեխա չունենալ և գնալ աշխատել: Ըստ նրա՝ այդ իրավիճակը պետք է կոտրել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը նշեց, որ առաջին և 2-րդ երեխայի միանվագ նպաստի չափը գործում է 2009 թվականից, և այս ընթացքում եղել է գնաճ:

«Այս ընթացքում ևս բարձրացվել  է միանվագ նպաստների բարձրացման հարցը: Նոր նախարարը հանդես եկավ երկրորդ երեխայի նպաստի չափն ավելացնելու առաջարկությամբ: Ես ուզում եմ հարցնել, արդյո՞ք բավարար է առաջին և երկրորդ երեխայի համար տրվող միանվագ 50 հազար դրամը: Իհարկե, ոչ: Մենք ցանկանո՞ւմ ենք, որ այդ գումարի չափն ավելանա: Բնականաբար, այո: Արդյո՞ք դա կբերի ծնելիության խթանմանը: Դժվար է ասել, սակայն այն, որ պետությունը ցանկանում է  ձեռք մեկնել 2-րդ երեխա ունեցող ընտանիքին, բեռը թեթևացնել, դա միանշանակ է»,-ասաց Վանիկ Բաբաջանյանը:

Վանիկ Բաբաջանյանը ներկայացրեց նաև Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշները՝ նշելով, որ դանք մտահոգիչ են: Շարունակում է տեղի ունենալ մշտական բնակչության թվաքանակի կրճատում, 2017 թվականին, 2016 թվականի համեմատ, 13 հազար 200-ով մշտական բնակչության թիվը նվազել է: Ծնունդների տարեկան թվաքանակի հետ կապված՝ 2017 թվականին 40 հազար հոգեբանական շեմը նույնպես իջավ՝ հասնելով 37 հազար 700-ի:

«Մահացությունների թվաքանակի հետ կապված մենք ունեցանք բարելավում, այսինքն՝ մահացությունների տարեկան թվաքանակը 2017-ին, 2016-ի համեմատ, կրճատվեց ավելի քան 800-ով: Ամուսնությունների թվաքանակը նախորդ տարի 2016-ի համեմատ կրճատվել է շուրջ 1000-ով, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է մոտ 290-ով: Ուղևորափոխադրումների բացասական մնացորդը 2017 թվականին զգալի կրճատվել է, եթե 2016 թվականին մենք ունեցել ենք բացասական մնացորդ շուրջ 48 հազար, ապա 2017-ին այդ ցուցանիշը զգալիորեն բարելավվել է՝ կազմելով մոտ 26 հազար»,-ասաց Վանիկ Բաբաջանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]