Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ով է կիթառներ պատրաստում System of a Down-ի արտիստների համար. անհավանական հոբբիի ու առաջիկա գործիքների մասին

 Ով է կիթառներ պատրաստում System of a Down-ի արտիստների համար. 
անհավանական հոբբիի ու առաջիկա գործիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ ռուս անշարժ գույքի գործակալ Վլադիմիր Ցարը հետաքրքիր հոբբի է գտել: Կիթառներ է պատրաստում հանրահայտ մարդկանց համար: Վերջերս էլ System of a Down (SOAD)-ի Տարոն Մալաքյանի համար է անհատական կիթառ պատրաստել, և Տարոնն այն հասցրել է օգտագործել իր վերջին տեսահոլովակներից մեկում: Տարոնի կիթառով Վլադիմիր Ցարը չի սահմանափակվելու. առջևում SOAD-ի մյուս անդամների համար նախատեսված անհատական գործիքներն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վլադիմիր Ցարը պատմում է անհավանական հոբբիի, առաջին կիթառի ու առաջիկա գործիքների մասին:

Հետաքրքիր հոբբիի սկիզբը

Ես ծնվել ու մեծացել եմ Մոսկվայում: Կրթությամբ ճարտարագետ-շինարար եմ: 1991 թ. ընտանիքիս հետ տեղափոխվել եմ ԱՄՆ: Վերջին 7 տարին ապրում եմ Մայամիում: Իմ հիմնական գործունեությունը բավականին պարզ է Ֆլորիդայի ափամերձ շրջանում ապրողների համար, ես անշարժ գույքի գործակալ եմ: Բացի դրանից, ես ու կինս զբաղվում ենք ինտերիերի դիզայնով ու զարդարանքով: Կիթառներին վերաբերող թեման սկսվեց մի քանի տարի առաջ: Կնոջս՝ դեկորատոր, ֆլորիստ եւ լուսանկարիչ Կատյայի հետ սկսեցինք օգտագործել կիթառներ: Սովորական էլեկտրակիթառը ներկում ենք՝ դարձնելով մեկ այլ գույնի: Այն դառնում է արվեստի նմուշ, թեև դրանով կարելի է նաև նվագել: Սկզբում պարզապես գունափոխում էինք կիթառները, հետո երևակայությունն սկսեց աշխատել:

Առաջին կիթառը

«Լենինգրադ» խմբի առաջատար, կոմպոզիտոր, պոետ, նկարիչ, դերասան, պրոդյուսեր, շոումեն և Ռուսաստանում Վլադիմիր Պուտինից հետո ամենահայտնի մեդիադեմք Սերգեյ Շնուրովի հետ ես ծանոթ չէի, անգամ ընդհանուր ծանոթներ չունեինք: Մոտ երեք տարի առաջ ինստագրամի էջ բացեցի, բաժանորդագրվեցի տարբեր մարդկանց, տեսա Սանտա Մոնիկայում հանգստացող Սերգեյի նկարներից: Նկարի մեկնաբանություններում գրեցի. «Կարո՞ղ եք Ձեր ստորագրությունը թողնել իմ 1983-ին արտադրված Fender Telecaster կիթառի վրա»: Այդ ժամանակ պետք է ընտանիքիս հետ Լոս Անջելես մեկնեի: Իմ գրելուն հաջորդեցին անհավանական իրադարձություններ: Սերգեյը կարդաց իմ մեկնաբանությունը և պատասխանեց, որ երկու օրից մեկնում է Ռուսաստան, բաժանորդագրվեց իմ էջին ու առաջարկեց ինձ իրեն անմիջապես հաղորդագրություն ուղարկել: Նույն պահին կնոջիցս ճշտեցի՝ ինչպես հաղորդագրություն ուղարկեմ, Սերգեյին ուղարկեցի Լոս Անջելեսում բնակվող իմ համալսարանական ընկերուհու կոնտակտները, ում էլ արագ փոստով ուղարկեցի կիթառս: Շնուրովը կապի դուրս եկավ նրա հետ, ընկերուհիս տարավ կիթառը նրա մոտ, և Շնուրովը ստորագրեց այն:

Մի քանի ամիս անց անձամբ հանդիպեցի Սերգեյ Շնուրովի հետ Ռիգայում տեղի ունեցած նրա համերգից հետո: Մոտ 25-30 րոպե խոսեցինք գրականությունից ու երաժշտությունից: Վերջում նրան պատմեցի վինտաժ կիթառ պատրաստելու գաղափարիս մասին, և այն դուր եկավ նրան: Մայամի վերադառնալուն պես Photoshop ծրագրով էսքիզ արեցի: Մեկ ամիս անց կիթառն արդեն Շնուրովի մոտ էր՝ Սանկտ Պետերբուրգում: Իսկ 2016 թ. նա Սառցե պալատում նվագում էր այդ կիթառով՝ 18-հազարանոց հանդիսատեսի առաջ: Շնուրովը կիթառը նաև ցուցադրել է իր անհատական ցուցահանդեսի ընթացքում:

Կիթառ՝ System of a Down (SOAD)-ի Տարոն Մալաքյանի համար

2000-ականներին թե՛ SOAD-ը և թե՛ «Լենինգրադ»-ը մեծ ժողովրդականություն էին վայելում: Ես «Լենինգրադ»-ի երկրպագու էի, տղաս՝ Ալեքսեյը, SOAD-ի: Ի վերջո, այնպես ստացվեց, որ նա տարվեց «Լենինգրադ»-ով, ես էլ սկսեցի System of a Down լսել, որպեսզի հասկանամ նրան: Առաջին կիթառի պատմությունից հետո իմ թևերն աճել էին, և անգամ հարց չկար, թե ում համար է լինելու հաջորդ կիթառը:

Մտածում էի, որ կիթառը պետք է լինի, ընդհանուր առմամբ, SOAD-ի և հատկապես Տարոն Մալաքյանի դիմանկարը: Ինչ-որ տեղ լսել եմ, որ իսկական արվեստը ծնվում է  անհամատեղելի բաները հարմոնիկ ձևով համատեղելուց: Դա այն է, ինչ արեցին System of a Down-ի տղաները, երբ միավորեցին ծանր մետալ էլևէջներն ու հայկական ինտոնացիան: Ու դա, իսկապես, հրաշալի է: Եվ այդ ամենը ես փորձեցի փոխանցել կիթառի վրա: 1977-ից KISS խմբի Փոլ Սթենլիի շնորհիվ հայտնի դարձավ Ibanez Iceman կիթառի ձևը, և ես կիթառի այդ տեսակի վրա տեղադրեցի Հայաստանի քարտեզը: Շատ պարզ կլիներ, եթե նկարեի հայկական դրոշ կամ էլ գորգ: Մեկ այլ բան է փորագրել Հայաստանի քարտեզը՝ շրջապատված հարևան երկրներով: Կիթառի բռնակին խաչքար է, իսկ հակառակ կողմում հայերեն տառերով գրված է ՍՕԱԴ: Ապրիլի 23-ին համացանցում հայտնվեց «Scars on Broadway» խմբի Lives երգը, որում էլ երևում է այս կիթառը:   

Տարոնի համար կիթառ պատրաստելու գաղափարը ծնվեց 2015 թ. ապրիլի SOAD-ի՝ հայաստանյան համերգը տեսնելուց հետո: Սա նրանց լավագույն համերգն էր, և անձրևը կրկնապատկում էր այդ ամբողջ ազդեցությունը: SOAD-ի արտիստները խոստովանում են՝ այդ համերգն իրենց կարիերայի գագաթնակետն էր: Եվ, իհարկե, ինձ ոգեշնչեց ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը:

Թե ինչպես կիթառը հայտնվեց Տարոնի մոտ

Տարոնի հետ անձնապես ծանոթ չեմ եղել, նույնիսկ չգիտեի որևէ մեկի, ով նրան տեսել է: Պատմությունն ավելի անհավանական է, քան առաջին կիթառի պատմությունն էր: Photoshop ծրագրով կիթառի էսքիզ էի արել և Ինստագրամում անձնական նամակով ուղարկել Տարոնին: Նա ուսումնասիրել էր իմ Ինստագրամի էջը, մեկնաբանություններ թողել և գրել. «Հիանալի կիթառ է, պատրաստի՛ր»: Այն բանից հետո, երբ արդեն սկսել էի պատրաստել կիթառը, մեջս ինչ-որ կասկած մտավ: Պարզվեց, որ համացանցում 20-30 էջ կա՝ Տարոն Մալաքյան անունով: Բայց արդեն ուշ էր, որոշեցի շարունակել կիթառի պատրաստելը: Ավարտեցի, ի՞նչ անեմ կիթառի հետ, չգիտեմ: Եվ հանկարծ այնպես ստացվեց, որ իմ մտերիմ ընկերոջ ընկերը Մոսկվայում 2017-ին կազմակերպում է System of a Down-ի համերգները: Ես մեկնում եմ Մոսկվա: Կարճ ասած՝ կիթառն ի վերջո Տարոնին հասավ: Հաջողությունների իսկական շղթա էր: Ի դեպ, ես կիթառն օծել եմ Բոկա Ռատոնի հայկական եկեղեցում (Ֆլորիդա):

Կիթառներ System of a Down-ի մյուս երաժիշտների համար

Իմ գլխում կամաց-կամաց ծնվում են Սերժ Թանկյանի և Շավո Օդաջյանի կիթառների էսքիզները: Միանշանակ ներառված է լինելու հայկական թեմատիկան: Բայց եթե կիթառները պատրաստեմ, ապա ոչ մի կրկնություն չի լինի: Դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու Ջոն Դոլմայանի թմբուկների հետ:

Հաջորդ կիթառը

Վերջերս հանդիպեցի KISS-ի Փոլ Սթենլիի հետ: Հետաքրքիր գաղափարներ ունեմ: Կուզենայի նաև բաս-կիթառ պատրաստել Red Hot Chili Peppers-ի Ֆլիի համար: Իսկ Ռուսաստանում Զեմֆիրայից բացի ոչ ոք միտքս չի գալիս:

Հոբին՝ բիզնես

Որպես բիզնես մոդել սա չի կարող գործել: Մեկ օրինակից բաղկացած արտադրանք է, ես կարող եմ կիթառ ստեղծել միայն այն դեպքում, երբ երաժիշտն ու իր երաժշտությունն իմ մեջ զգացմունքներ են առաջացնում: Երկու կիթառս էլ կոմերցիոն բնույթ չեն կրել, դրա համար էլ, երևի, կայացել են:

Հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Գրեգ Ուոթերման, Եկատերինա  Ցար Կուլչիտսկայա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]