Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման հարցում բացասական ազդակներ չի ստացել եվրոպական երկրներից

Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացման հարցում բացասական ազդակներ 
չի ստացել եվրոպական երկրներից

ԵՐԵՎԱՆ, 31ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եվրամիության անդամ երկրներից բացասական ազդակներ չի ստացել Հայաստանի հետ ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի առնչությամբ:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ տեղակալ Արմեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե «արդյոք հայկական կողմի կարծիքով ուշանում է վավերացման գործընթացը ու կա՞ն երկրներ, որոնք կարող են խոչընդոտել գործընթացին»:

«Մենք նման ուղերձներ չունենք, լիահույս ենք, որ բոլոր անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն համաձայնագիրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց պաշտոնյան: Նա հիշեցրեց, որ այս պահին համաձայնագիրը վավերացրել են Մերձբալթյան երեք հանրապետություններ՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան:

Արմեն Պապիկյանը վստահեցրեց, որ այս հարցը արտաքին գերատեսչության քաղաքական առաջնահերթություններից է, և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ դառնում է օրակարգային հարցերից մեկը: «Համաձայնագիրն արդեն մտել է ժամանակավոր կիրարկման մեջ, մենք առավելագույնս պետք է փորձենք ուժի մեջ մտած դրույթները կիրառել Հայաստանում»,-ասաց պաշտոնյան:

ԱԳՆ տեղակալի կարծիքով՝ երկրում տեղի ունեցած փոփոխությունները կարող են եվրոպական գործընկերների համար դրական ազդակ լինել և նպաստել վավերացման գործընթացի արագացմանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի համար նախընտրելի է, որ մինչև 2019 թվականը համաձայնագիրը վավերացվի ԵՄ անդամ երկրների կողմից ամբողջությամբ, քանի որ հաջորդ տարի Եվրախորհրդանում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, ինչը, պատգամավորի կարծիքով, կարող է առաջացնել որոշակի խնդիրների վտանգ:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում նոյեմբերի 24-ին: Ուժի մեջ մտնելու համար համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ 28 երկրներում: Այն արդեն վավերացվել է Մերձբալթյան երեք հանրապետությունների՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կողմից: Հայաստանի խորհրդարանը ևս այն վավերացրել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]