Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

«ԴիջիԿոդ» պատանեկան ծրագրավորման մրցույթը բացահայտում է Հայաստանում ճարտարագիտություն ուսումնասիրող դպրոցականներին


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացվող «ԴիջիԿոդ» պատանեկան ծրագրավորման ամենամյա մրցույթը թույլ է տալիս մեծացնել ճարտարագիտական ոլորտում հայ դպրոցականների հետաքրքրվածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «ԴիջիԿոդ»  մրցույթին մասնակցել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի դպրոցականները` «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաների 300 դպրոցական: Եզրափակիչ փուլ են անցել նրանցից 54-ը:

Մրցույթը միտված է ճարտարագիտություն ուսումնասիրող դպրոցականներին խաղեր սպառողներից խաղեր ստեղծողներ դարձնելուն:

Լրագրողների հետ զրույցում «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց, որ իրենք մշտապես աջակցում են նորարարական ծրագրերին և հանդիսանում են «ԴիջիԿոդ» մրցույթի գլխավոր հովանավորը:

«Մեզ համար շատ կարևոր է և ոգևորիչ, որ այստեղ հավաքվել են նման երիտասարդներ, ովքեր մեր ապագա ճարտարագետներն են: Ընկերությունն այսօր տեսավ, որ այն ներդրումները, որ նախկին 2-3 տարիների ընթացքում իրականացրել ենք «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներում,  իր արդյունքն արդեն տվել է»,- նշեց Եսայանը և հավելեց, որ մրցույթում հաղթած երեխաները ապագայում ավելի մեծ բարձունքներ կհաղթահարեն:

Դպրոցականներն աշխատել են Կրիա և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված Scratch ծրագրավորման լեզուներով: Նրանք կներկայացնեն իրենց խաղերը մասնագիտական ժյուրիի անդամներին ու կմրցեն մինչև 13 և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն դիզայն», «Լավագույն ալգորիթմական լուծում», «Լավագույն ինտերակտիվ անիմացիա», «Լավագույն ինտերակտիվ անիմացիա և սարքերի ինտեգրում»,  «Լավագույն խաղ» անվանակարգերում:

Մրցույթի հաղթող երեխաներից մեկը` 12 տարեկան Հռիփսիմե Յուզբաշյանը, զբաղեցրել է 1-ին հորիզոնականը 13 տարեկաններից ցածր տարիքային խմբի «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» անվանակարգում:

«Խաղը կոչվում է «Number» (թիվ), և այն ստեղծելու ուղղությամբ աշխատել ենք 8 հոգով: Ստեղծել ենք ուսուցողական խաղ, որը կապված է բանավոր հաշվարկի հետ: Աշխատանքը սկսել ենք մարտ ամսին և դեռ պատրաստվում ենք ավելացնել խաղում այլ ֆունկցիաներ` բազմապատկում և բաժանում»,- նշեց Հռիփսիմե Յուզբաշյանը:

Լավագույն ծրագրերի հեղինակներն արժանացան պատվոգրերի և խրախուսական մրցանակների:

«ԴիջիԿոդն»  անցկացվում է 2015  թվականից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  (ԻՏՁՄ) կողմից: Գլխավոր հովանավորը  «Յուքոմ»  ընկերությունն է, իսկ հովանավորը` «Վորլդ Վիժն Հայաստանը», գործընկերն է` Հայաստանի ամերիկյան համալսարանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ